ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ներքոյ գործող Կրթական յանձնախումբը մեծարեց եւ պատուոգրեր յանձնեց Հայոց Ցեղասպանութեան մասին դասաւանդող տասնեակ մանկավարժների: Մարտի 25ին կայացած Ցեղասպանութեան մասին կրթութեան համար մրցանակի ամէնամեայ վեցերորդ ձեռնարկն առիթ էր երախտագիտութիւն յայտնելու ոլորտի այն անհատներին, ովքեր նուիրումով են կատարում իրենց աշխատանքը` համապարփակ ձեւով աշակերտներին ներկայացնելով հայերի դէմ իրականացուած մեծ ոճիրը դպրոցական ծրագրում: «Մեր կրթական յանձնախմբի անդամներն իրենք էլ մանկավարժ են, եւ լիովին հասկանում են ուսուցիչների կարեւոր դերը երիտասարդ սերնդի մտքերը ձեւաւորելու, նրանց ճշմարտութեան եւ արդարութեան մասին սովորեցնելու եւ պատմութիւնից դասեր քաղելու գործում` ապագայում ողբերգական հետեւանքներից խուսափելու համար: Ցեղասպանութեան մասին կրթութեան պարգեւատրման ձեռնարկը միտուած է ներկայացնելու այն ուսուցիչներին, ովքեր օրինակ են ծառայում` նորարարական ուղիներ գտնելով լուսաբանելու Հայոց Ցեղասպանութեան մասին, ըստ տարիքային առանձնայատկութիւնների», նշեց Հայ Դատի Արեւմտեան Շրջանի յանձնախմբի ատենապետ իրաւաբան Նորա Յովսէփեանը:
Գլենդելի «Լեգըսի Բոլրում» սրահում, շուրջ 250 հիւրերի ներկայութեամբ ձեռնարկը մեկնարկեց Գրանադա Հիլզ Չարթըր դպրոցի ուսանողուհի Տաթեւիկ Ապոյեանի` Հայաստանի եւ Միացեալ Նահանգների հիմների կատարմամբ: Այնուհետեւ, կրթական յանձնախմբի ձեռնարկի նախագահ Թալին Արսէնեանը ներկայացրեց օրուայ հանդիսավարին` «Էմմի»ի մրցանակակիր, Ֆոքս 11 (FOX 11) լրատուականի հաղորդավար Արաքսեա Կարապետեանին: «Ուսանողներին սովորեցնելով ատելութեան եւ բռնութեան հետեւանքների կարեւորութիւնը` մանկավարժները փոխում են երեխաների կեանքը` յուսալով, որ նրանք կը դառնան արդարութեան մարտիկներ», իր խօսքում նշեց Կարապետեանը:
Հայ Դատի Արեւմտեան շրջանի խորհրդի անդամ Անահիտ Օշականն էլ, որ Կրթական յանձնախմբի հետ հաղորդակցութեան պատասխանատուն է, իր ուղերձում ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութեան համար Թուրքիային պատասխանատուութեան ենթարկելու դարաւոր ձախողումն ուղղակիօրէն յանգեցրել է հայ ժողովրդի դէմ ցեղասպանական մտադրութեան շարունակմանը ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի կողմից աւելի քան մէկ դար անց: «Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայի պահուածքը Հայաստանի եւ Արցախի դէմ, եւ 2022 թուականի Դեկտեմբերի 12ից, Լաչինի միջանցքի շարունակուող անմարդկային շրջափակումը, ինչի արդիւնքում Արցախում 120,000 անմեղ հայ խաղաղ բնակիչ կտրուել է աշխարհից` հայ ազգին բնաջնջելու եւ հայերին իրենց պապենական հայրենիքից անպատիժ հեռացնելու մտադրութեան այսօրուայ վկայութիւնն է: Մենք պէտք է շարունակենք եւ կը շարունակենք կրթել աշխարհին եւ ճանաչել ու մեծարել այն մանկավարժներին, ովքեր անում են հնարաւորը` ապահովելու, որ այս պատմութիւնն ուսուցանուի եւ չմոռացուի, եւ համոզուելու, որ արդարութիւնը յաղթում է», նշեց Օշականը:
Նրա խօսքին հետեւեց Հայոց Ցեղասպանութեան մասին կրթելու համար ուսուցիչների համար գործնական դասընթացներին մասնակցելու հնարաւորութիւնների մասի պատմող տեսերիզ: Հայոց Ցեղասպանութեան GenEd Fellowship կոչուող ծրագիրն իրականանում է երկու փուլով` Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հետ համագործակցութեամբ: Այն հնարաւորութիւն է ստեղծում միջին դպրոցների ընկերային գիտութիւնների եւ անգլերէնի ուսուցիչներին այցելել Հայաստան` սեմինարների եւ մշակութային շրջագայութեան նպատակով, որպէսզի այնուհետեւ մշակեն Հայոց Ցեղասպանութեան մասին ուսումնական ծրագիր եւ ուսուցանեն, նաեւ` կիսուեն այլ մանկավարժների հետ, իրենց գիտելիքներով: Նշուած ծրագրով Հայաստանում էր եղել օրուայ մեծարեալներից` Մանուէլ Լոպեսը, ով Հայոց Ցեղասպանութեան մասին դասաւանդում է իր աշակերտներին Սալինասի «Ալիսալ» աւագ դպրոցում: «Հայաստանում անցկացրած տասը օրը լիովին փոխեց ինձ որպէս մանկավարժի: Այն ամէնը, որ ես կարող էի անել իմ գործունէութեան 20 տարիների ընթացքում, եւ երբեք չեմ արել պատմութեան այս չափազանց կարեւոր դրուագի բացայայտման համար, ինձ ամաչեցնում է: Այդուհանդերձ, ես արդէն արդիւնք եմ տեսնում իմ դպրոցում եւ համայնքում, քանի որ մի քանի ուսուցիչների եմ պատրաստել Հայաստան իմ այցից յետոյ», նշեց Լոպեսը:
Արաքսեա Կարապետեանն այնուհետեւ ներկայացրեց մրցանակը, որը շնորհւում է տարբեր դասարաններում դասաւանդող մանկավարժներին, ովքեր իրենց աշակերտներին կրթում են Հայոց Ցեղասպանութեան մասին: Պարգեւները յանձնուեցին չորս ուսուցիչների, ովքեր իրենց ելոյթներում խօսեցին ուսուցման իրենց ձեւաչափի մասին: Գլենդելի Միացեալ կրթաշրջանի «Թոլլ» միջին դպրոցից Վայոլետ Դէ Լունան ընդունելով մրցանակը՝ նշեց. «Ցեղասպանութեան մասին դասասենեակներում զրոյցներն օգնում են ուսանողներին իրենց ձայնը զօրացնել, երբ արտայայտում են տեսակէտներ ցեղասպանութեան յանցագործութիւնների, մարդու իրաւունքների եւ ընկերային արդարութեան վերաբերեալ»: Նոյն կրթաշրջանի «Վելի Վիու» տարրական դպրոցի մանկավարժ Սելեստ Լաուն նշեց, որ աշակերտներ են ապագան, եւ պէտք է ամէն ջանք գործադրել նրանց միջեւ խաղաղութիւն եւ կապ ստեղծելու համար: Անա Քուինթանիլան էլ «Մաունթէյն Վիու» տարրական դպրոցից խօսեց իր ուսուցման նպատակների մասին` նշելով, որ շարունակելու է զօրացնել իր հայ աշակերտներին: Մանուէլ Լոպեսն հաւաստիացրեց, որ որքան աշխատի դպորցում, կ՛անի հնարաւորը աշխատելու գործընկերների, համայնքի եւ այլ մարդկանց հետ, ովքեր ցանկանում են սովորել Հայոց Ցեղասպանութեան մասին:
Արաքսեա Կարապետեանը, այնուհետեւ ներկայացրեց Զարուհի «Սառա» Չիթճեանի անուան հայկական ժառանգութեան մրցանակը, որը կրում է մանկավարժ Սառա Չիթճեանի անունը, ով շուրջ 40 տարի դասաւանդել է Լոս Անջելեսի Միացեալ կրթաշրջանում` ստեղծելով ուսումնական ծրագիր, որտեղ պաշտօնապէս ներկայացուել են հայոց պատմութեան եւ մշակոյթի դասընթացները: Մրցանակները յանձնուեցին երեք մեծարեալների: Անիտա Ղազարեանը Բըրբենքի աւագ դպրոցից ընդունելով մրցանակը յայտնեց, որ կարեւոր է կրթել սերունդներին ատելութեան եւ խտրականութեան սպառնալիքների մասին, որպէսզի ապագայ վայրագութիւնները երբեք չկրկնուեն: Թալար Քէոսէեանը Սանլանդի տարրական դպրոցից նշեց, որ «Այսօրուայ անհանդուրժողականութեան աշխարհում մանկավարժը պէտք է կարեկցել սովորեցնի: Մենք պարտաւոր ենք ապահովել, որ Հայոց Ցեղասպանութիւնն ու նման վայրագութիւնները երբեք չեն կրկնուի»: «Բենջամին Ֆրանկլին» տարրական դպրոցից Թալին Սաթամեանն իր երախտագիտութիւնը յայտնեց մրցանակի համար եւ ներկայացրեց ատելութիւնն ու ռասիզմը (ցեղապաշտութիւնը) թուլացնելու իր տեսակէտը, այն է` նշել բազմազանութիւնը, ձայն տալ լռեցուած համայնքներին, քաջալերել քննադատական մտածողութեան»:
Դեսպան Հենրի Մորգենթաուի «Աւագ Արիութեան» մրցանակը, որը շնորհւում է ուժ, քաջութիւն եւ վճռականութիւն մարմնաւորող անհատներին, Արաքսեա Կարապետեանը յանձնեց FOX 11-ի գործընկեր Քրիստինա Պասկուչիին: 2022 թուականի Սեպտեմբերին Պասկուչին այցելել էր Հայաստան ու Արցախ եւ զեկուցել պատերազմի աւերիչ հետեւանքների մասին: «Քաջութիւնն է, որ ինձ ստիպեց տեղեկացնել Արցախի Հանրապետութեան շրջափակման մասին, բայց դա իմ քաջութիւնը չէր, դա հայ ժողովրդի քաջութիւնն էր… եւ դա իմ աւագ դպրոցի ուսուցիչ դոկտ. Գրիգորեանի քաջութիւնն էր, ով բաւական համարձակ էր խօսելու Հայոց Ցեղասպանութեան մասին»:
Ռիչըրտ Յովհաննէսեանի անուան «Հայոց Ցեղասպանութեան բարձրագոյն կրթութեան մրցանակ»ը դոկտոր Խաչիկ Մուրատեանին յանձնեց Կրթական յանձնախմբի քարտուղար Լաուրա Կապուտեանը: Ընդունելով մրցանակը, դոկտոր Մուրատեանը մասնաւորապէս ասաց. «Հայոց Ցեղասպանութիւնից աւելի քան 100 տարի անց, այսօր, Հայաստանի եւ Արցախի դէմ պատերազմով եւ դրա հետեւանքներով, այն սարսափներով, որոնք կատարւում են ամէն օր, կարեւոր է մտածել մէկ կարեւոր տարրի մասին… լաւ իմանալով, թէ ինչի միջով է անցել հայ ժողովուրդը եւ ինչի դէմ է պայքար մղել ճկունութեամբ եւ դիմադրել, լաւագոյն բանը, որ կարող ենք անել ինքներս մեզ, մեր համայնքի եւ մեր ազգի համար այն է, որ մտածենք, որ եթէ նրանք կարող էին դա անել այն ժամանակ, մենք կարող ենք դա անել այսօր»:
Հայոց Ցեղասպանութեան կրթական ժառանգութեան մրցանակը յանձնուեց ականաւոր պատմաբան եւ մանկավարժ դոկտոր Ստեփան Աստուրեանին, ով վերջերս թոշակի է անցել աւելի քան երկու տասնամեակ որպէս Հայկական ուսումնասիրութիւնների ծրագրի հիմնադիր եւ տնօրէն, եւ Բերքլիի համալսարանի պատմութեան պրոֆեսորի իր պաշտօնից: Մրցանակը շնորհւում է այն մանկավարժներին, ովքեր ամբողջ կեանքը նուիրել են ուսանողներին եւ այլ մանկավարժների Հայոց Ցեղասպանութեան մասին կրթելու եւ միջոցներ տրամադրելուն: «Ամէն ինչ ունի սկիզբ, բայց արդեօք ամէն ինչ նաեւ վե՞րջ: Օրինակ, Հայոց Ցեղասպանութիւնը: Ձեզ եմ թողնում այս հարցի պատասխանն այն դէպքում, երբ Թուրքիայում դեռ ծաղկում է ցեղասպանութեան ժխտումը, իսկ Ադրբեջանում բազմանում է ցեղասպանական հռետորաբանութիւնը, եւ այն մի երկիր է, որտեղ ռազմական յանցագործներին մեծարում են, իսկ դպրոցներում երեխաներին սովորեցնում են հայատեացութիւն»:
Օրուայ մեծարեալներին յանձնուեցին պատուոգրեր, որոնց վրայ ներկայացուած էին Հայոց Ցեղասպանութեան յանցագործների կողմից ձերբակալուած, տեղահանուած կամ սպանուած նշանաւոր հայ մտաւորականների եւ գործիչների պատկերները: Մեծարեալներին պատուոգրեր տրուեցին նաեւ Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Պորտանտինոյի, Ներկայացուցիչների տան անդամ Լորա Ֆրիդմանի, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Քեթրին Բարգերի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փօլ Գրիգորեանի եւ Գլենդելի քաղաքապետ Արտաշէս Քասախեանի կողմից:
Ձեռնարկի աւարտին, Արեւմտեան շրջանի կրթական յանձնախմբի նախագահ Ալիս Պետրոսեանը եզրափակիչ խօսք ասաց` շնորհակալութիւն յայտնելով Արաքսեա Կարապետեանին` շարունակական աջակցութեան համար: Նա նաեւ խրախուսեց մեծարեալներին շարունակելու Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկելու իրենց ջանքերը, քանի որ հայ ազգը կրկին գոյաբանական սպառնալիքի առջեւ է Հայաստանում եւ Արցախում:
Միջոցառումը ներկայ էին պաշտօնեաներ, կրթական, մշակոյթի ոլորտի բազմաթիւ ներկայացուցիչներ, այդ թւում` Գլենդելի եւ Բըրբենքի քաղաքապետները, տարբեր կրթաշրջանների ղեկավարներ, անդամներ, բազմաթիւ ուսուցիչներ:
«Ես դպրոցում երբեք չեմ սովորել Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ ինքս եմ ընկերներիս պատմել այդ մասին: Այս առումով, շատ կարեւոր է, որ այսօր ուսուցիչները տիրապետում են Ցեղասպանութեան թեմային ու կրթում են սերունդներին: Շատ ուրախալի է, որ կայ նման ձեռնարկ, որտեղ ներկայացւում եւ պատւում են այդ անհատներին, ովքեր մեր պատմութիւնն են ներկայացնում: Կարեւոր է, որ այսօր նաեւ իմ ոչ-հայ գործընկերը ստացաւ մրցանակ, ինչը եւս մէկ վկայութիւնն է, որ միայն հայերը չեն խօսում հայերի մասին, որ օտարներն էլ են հետաքրքրւում մեր մասին, եւ այս դէպքում դա արդիւնքն է ուսուցչի», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Արաքսեա Կարապետեանը: Նրա գործընկերը` Քրիստինա Պասկուչին պատմեց, որ առաջին անգամ Հայոց Ցեղասպանութեան մասին լսել է աւագ դպրոցում իր ուսուցիչ դոկտոր Գէորգեանից: «Հայոց Ցեղասպանութեան մասին դպրոցական ծրագրում այդ տարիներին չկար, սակայն նա այնքան համարձակ էր, որ ներկայացնում էր թեման եւ կիսւում իր ընտանիքի պատմութեամբ, եւ նրա խօսքերը ինձ հետ են մինչ օրս», պատմեց Պասկուչին: Անդրադառնալով Հայաստան եւ Արցախ վերջերս կատարած իր այցին, նա նշեց, որ տպաւորուած է հայ ժողովրդի ոգու զօրութիւնից: «Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի հետ տեղի ունեցող այսօրուայ իրականութեան միջեւ յստակ նմանութիւն կայ, եւ շատ կարեւոր է յիշել պատմութիւնը, խօսել այդ մասին, զուգահեռներ անցկացնել` կանխելու համար նման ողբերգութեան կրկնութիւնը», նշեց լրագրողուհին:
Ստեփան Աստուրեանն էլ մեծապէս կարեւորեց ձեռնարկը. «Հայ Դատի յանձնախումբը շատ լաւ գործ է անում, որովհետեւ նենգափոխութեան դէմ պայքարը, այսինքն` Հայոց Ցեղասպանութեան մերժումի դէմ պայքարը մի քանի բաժին ունի: Մի հատուածը գիտութիւնն է` Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնը, երկրորդը` դաստիարակութիւնն է, ուսուցիչների դերը: Հետեւաբար այդ ուսուցիչներն մեծարելը շատ լաւ միտք է` քաջալերանք, որ շարունակեն նոյն նուիրումով»:
Խաչիկ Մուրատեանն էլ ողջունեց Հայ Դատի յանձնախմբի կրթական յանձնախմբի աշխատանքը՝ նկատելով, որ անհրաժեշտ է գնահատել այն կրթամշակներին, ովքեր ցանկանում են, եւ ջանք են դնում Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը փոխանցելու համար: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային գործընթացին, նա նշեց, որ այն այսօր շաղկապուած է Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ, եւ մեր հիմնական մարտահրաւէրն է այս շաղկապումի մէջ յաջողելը: