Ատրպեճանական կայքէջերն աղաղակում են. «ՄԱԿը չի ճանաչում… ԵՄը չի ճանաչում… Պետական բաժանմունքը չի ճանաչում.. չեն ճանաչում… չեն ճանաչում…»։ Այդ ամէնը յիշեցնում է «ինքնամարզումի»ի եւ հիփնոսացումի նիստ՝ միաժամանակ. իրենց համոզեն, ուրիշներին բարկացնեն։ Իսկ ենթակեղեւից երեւում է, որ Ատրպէյճանում բարձրաձայն համարձակւում են խօսել միայն քչերը եւ այն էլ՝ հազուադէպ. «Մենք կարող ենք որքան ուզես՝ հանդէս գալ յայտարարութիւններով, բողոքել։ Ղարաբաղն այլեւս չես վերադարձնի»։
Նման միտք արտայայտուեց վերջերս Ատրպէյճանում ԼՂ հիմնախնդրի շուրջ կայացած բազմաթիւ կլոր սեղաններից մէկի ժամանակ, որոնց մասնակիցները փորձում են գտնել «ի՞նչ անել» հարցի պատասխանը ու չեն գտնում որեւէ ուրիշ լուծում, բացի ռազմականից։
Իսկ սա նշանակում է, որ Պաքւում հասկանում են՝ ինչքան ուզում ես «հալուա» գոռայ, դրանից բերանդ չի քաղցրանայ։ Որքան ուզում ես գոռայ՝ «Աշխարհը չի ճանաչում։ ԼՂՀ գոյութիւն չունի», իրականութիւնը դրանից չի փոխւում։
Իսկ իրականութիւնը ոչ միայն անկախ ԼՂՀի 16ամեայ տը ֆաքթօ գոյութիւնն է, այլեւ աշխարհի կողմից դրա տը ֆաքթօ ճանաչումը։
Վերջինը ապացուցւում է թէկուզ միջազգային հանրութեան աննախադէպ ուշադրութեամբ ընդհանրապէս ԼՂՀ ընտրութիւնների եւ ներկայիս նախագահականի նկատմամբ՝ մասնաւորապէս։ «Զուգահեռ ԱՊՀից» եւ ոչ մի պետութիւն (Աբխազիա, ՄԴՀ կամ Հարաւային Օսէթիա) իր ընտրութիւններին հետեւելու գործընթացի նկատմամբ չի գրաւում այդքան թուով միջազգային դիտորդների։
2002 թուականի նախագահական ընտրութիւններին մասնակցեց 56 դիտորդ 12 երկրից, 2005թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրութիւններին արդէն կար աւելի քան 130 դիտորդ 18 երկրից, իսկ տը ֆաքթօ պետութեան հիմնական օրէնքի հանրաքուէին (2006ի Դեկտեմբեր) գրանցուեց 120 դիտորդ 14 երկրից։ Ի տարբերութիւն Աբխազիայի եւ Հարաւային Օսէթիայի, ամերիկեան դիտորդական խմբերի մասնակցութիւնը Ղարաբաղի ընտրարշաւների պարտադիր բաղկացուցիչն է։
2007թ. ԼՂՀ նախագահական ընտրութիւններին գրանցուեց դիտորդների մրցանիշային թիւ (շուտով կը յայտարարուի ստոյգ թիւը)։
Նրանց մէջ կային ոչ միայն ամերիկեան նախկին դիւանագէտներ (թէեւ այդ մասնագիտութեան նախկին ներկայացուցիչներ չեն լինում), այլեւ Եւրոխորհրդարանի մի քանի պատգամաւորներ, պատգամաւորների օգնականներ ու փորձագէտներ Ֆրանսայից, Իտալիայից, Յունաստանից, Լեհաստանից, Սերպիայից եւ Մակեդոնիայից։ Առանձնայատուկ ուշադրութեան է արժանի ռուսաստանեան դիտորդների «քատրային կազմը»։
ՄԴՀի կամ Հարաւային Օսէթիայի ընտրութիւններին անհնար է հանդիպել ռուսական իրաւապաշտպանների կամ «առաջին ալիքի» ժողովրդավարների ներկայացուցիչների։ Ղարաբաղում այդ մարդիկ ցանկալի հիւրեր են», այդ առնչութեամբ նշում է ռուսաստանցի քաղաքագէտ Սերկէյ Մարկեդոնովը։
Վերջակէտը դրեցին նրա յիշատակած ամերիկեան նախկին դիւանագէտները, որոնք մտնում են Միջազգային հասարակական իրաւունքի եւ քաղաքականութեան խմբի մէջ, որն զբաղւում է քաղաքականութեան ու ժողովրդավարութեան հիմնախնդիրներով։ Խումբը գրասենեակներ ունի Իրաքում, Սրի Լանքայում, Քոսովոյում եւ Վրաստանում։ 2005 թուին այն ներկայացուեց Նոպելեան մրցանակաբաշխութեանը։ Խմբի անդամները ԼՂՀ են այցելել չորս անգամ։ Երեք անգամ՝ որպէս դիտորդներ։
«Ներկայիս ընտրութիւնները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն բաց էին, թափանցիկ ու արդար, այլեւ լաւագոյնն էին կազմակերպուածութեան եւ յաջող անցկացման առումով ԼՂ բոլոր այն ընտրութիւններից, որոնց հետեւել ենք մենք։
«Դա պատահականութիւն չէ, այլ ԼՂում ժողովրդավարական հաստատութիւնների կայացման գործընթացի արդիւնքն է», յայտարարեց խմբի դիտորդական առաքելութեան ղեկավար, Եուկոսլաւիայի ԱԳ նախարարի նախկին տեղակալ Վլատիմիր Մատիչը երեւանեան մամլոյ ասուլիսում։
Նրա խօսքերով՝ այն փաստը, որ ամերիկեան փորձագէտները, ինչպէս նաեւ ուրիշ երկրների դիտորդներ, կարողացան այդ հանդիպումներին մանրամասնօրէն եւ բացորոշ քննարկել բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք վերաբերում են ընտրութիւններին, ցոյց է տալիս, որ «երկիրը բաց է, եւ բազմաթիւ պետութիւններ հետաքրքրութիւն են ցուցաբերում այդ ընտրութիւնների նկատմամբ»։
«Համոզուած եմ՝ մի շաբաթ յետոյ ոչ ոք չի յիշելու, որ մէկ-երկու դիւանագէտ չճանաչեցին ընտրութիւնները։ Միայն յիշելու են, որ ԼՂն կազմակերպեց արդար եւ ազնիւ ընտրութիւններ, եւ որ մարդիկ մասնակցեցին այդ ընտրութիւններին», իր հերթին ընդգծեց խմբի ղեկավար Փօլ Ուիլեըմսը։
Նա վստահութիւն յայտնեց, որ ՄՀԻՔԽի գնահատականներն ու եզրակացութիւնները «պէտք է անպայման հաշուի առնուեն մեր երկրի ղեկավարութեան, տարբեր միջազգային կառոյցների, քաղաքական գործիչների կողմից, եւ դա հետագայում կ’օգնի նաեւ ճանաչմանը»։
«Մենք տարածում ենք մեր զեկոյցները, եզրայանգումները, եզրակացութիւնները ամբողջ աշխարհում։ ԱՄՆ Քոնկրէսը եւս խնդրեց իրեն տրամադրել մեր զեկոյցը», նշեց Փ. Ուիլեըմսը։
Ամերիկեան փորձագէտը ցրեց նաեւ միւս առասպելը, որից կառչում է Ատրպէյճանը։ Փօլ Ուիլեըմսը բացարձակապէս վստահ է, որ Քոսովոյի կողմից անկախութեան ստացումը կը դառնայ նախադէպ, ըստ այդմ էլ՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ԼՂն պէտք է պատրաստուեն դրան. «Դա կը լինի իւրօրինակ հնարաւորութիւն Հայաստանի ու ԼՂի համար այն առումով, որ նրանք կարող են առաջ քաշել նաեւ ԼՂի հարցը։
«Եւ ԼՂում ազատ ու արդար ընտրութիւնների անցկացման հաստատումը շատ կարեւոր է նրա անկախութեան ճանաչման մասին հարցն առաջ տանելու համար։ Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ԼՂն պէտք է շատ ուշադիր հետեւեն, թէ ինչ տեղի կ’ունենայ Քոսովոյի հարցում յառաջիկայ երկու ամսում։
«Քոսովոն շատ բան կը փոխի թէ՛ միջազգային յարաբերութիւններում, թէ՛ միջազգային քաղաքականութեան մէջ, թէ՛ միջազգային իրաւունքում։ Դա ինքնատիպ հնարաւորութիւն է, որին Հայաստանը եւ ԼՂն սպասել են վերջին 10 տարում, եւ որը պիտի օգտագործեն, եթէ, ի հարկէ, դա տեղի ունենայ։ Հնարաւոր է, որ Հայաստանին ու ԼՂին հարկ լինի փոխել այն քաղաքականութեան ռազմավարութիւնը, որը նրանք իրականացնում են վերջին 20 տարում»։
Սակայն շատ աւելի կարեւոր է բոլոր միջազգային դիտորդների կողմից ԼՂՀում ժողովրդավարութեան զարգացման գործում ձեռք բերուած առաջընթացի ճանաչումը։ Ընդհանրացուած տեսքով այդ ճանաչումն արտայայտուած է նոյն այդ խմբի հաշուետուութեան մէջ. «Ժողովրդավարական հիմնարկների կառուցումը եւ մարդու իրաւունքների առաջընթացը դանդաղ եւ յաճախ շատ ցաւոտ գործընթաց է յետհակամարտային հասարակութիւններում։
«Արդիւնքներն այստեղ յաճախ կախուած են մարդկանց՝ իրենց ներկայացուցիչներին ազատ ընտրելու հնարաւորութիւնից եւ նրանց կողմից այդ իրաւունքն իրականացնելու եւ իրենց ընտրութիւնից կախուած կառավարութիւն ունենալու հնարաւորութիւնից։ Սա կարեւոր է ոչ միայն բուն ընտրութիւնների գործընթացում, այլեւ այն բանում, թէ ինչպէս են մարդիկ իրականացնում իրենց ինքնակառավարման անքակտելի իրաւունքները։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հասել է զգալի առաջընթացի այդ ճանապարհին։ Սա արժանի է ոչ միայն հաւանութեան, այլեւ աջակցութեան՝ շարունակելու քաղաքական գործընթացը նոյն այդ ուղղութեամբ»։
Ըստ էութեան, դա Լեռնային Ղարաբաղի կողմից ի սկզբանէ բռնած ինքնորոշման վարքագծի (որը համապատասխանում է միջազգային իրաւունքի եւ իրաւական պետութեան կառուցման չափանիշներին) ճշմարիտ լինելու ճանաչումն է։ Այդ ճանապարհին ԼՂՀն, ինչպէս խոստովանում են գրեթէ բոլոր միջազգային փորձագէտները, շատ հեռւում է թողել յետխորհրդային տարածքի միւս տը ֆաքթօ պետութիւններին։ Էլ չենք խօսում Քոսովոյի մասին…