Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան (AMAA) Հայաստանի մասնաճիւղը եւ «Երաժշտութիւն յանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) ստորագրեցին պայմանագիր, որի շրջանակում հիմնադրամի կրթական ծրագրին կատարած ներդրումն ուղղուելու է տաղանդաշատ երեխաներից մէկի մասնագիտական աճին եւ զարգացմանը:
Նիւթական աջակցութեան շնորհիւ, հիմնադրամը կը շարունակի իրագործել իր կրթական ծրագիրը, որի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար ապահովուում են վարպետութեան դասեր, բեմական փորձ, համերգային եւ թանգարանային այցեր, օտար լեզուի դասընթացներ եւ յատկացւում կրթաթոշակ:
AMAA-ն, լինելով բարեգործական կազմակերպութիւն, մշտապէս կարեւորել է մշակոյթի դերը եւ իր աւելի քան 100ամեայ գործունէութեան ընթացքում մեծ տեղ է յատկացրել մշակութային ծրագրերին, որոնք նաեւ նպաստում են ընկերակցութեան գլխաւոր առաքելութեանը` օգնել հայ ժողովրդին պահպանել հաւատը, մշակոյթը եւ ազգային ինքնութիւնը: Աւելին, այսօր ներդրում կատարելով տաղանդաշատ պատանիների աճի եւ զարգացման մէջ` մենք ապահովում ենք վաղուայ սերնդի խոստումնալից ապագայի կերտումը, երբ նրանք կարիքի պատճառով ստիպուած չեն լինի մոռանալ իրենց երազանքների մասին:
Ստեղծուած 2019ին, «Երաժշտութիւն յանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նպատակն է եղել եւ մնում բացայայտել Հայաստանի տաղանդաւոր փոքրիկ երաժիշտներին եւ օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Ներդրումները յանուն երաժշտութեան եւ յանուն ապագայի առանցքային դեր ունեն հայ շնորհալի երեխաների ապագայի ձեւաւորման գործում` հնարաւորութիւն տալով հզօրացնել արուեստագէտների յաջորդ սերունդը, հարստացնել Հայաստանի մշակութային ժառանգութիւնն ու աշխարհին ներկայացնել հայկական մշակոյթն ու հայ կատարողական արուեստը:
(Թղթակցութիւնը՝ Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութենէն)