
ԱՄՈՍ ՉԱՓԼ
Տեղացիներն ասում են` իրավիճակը հասել է օրհասական վիճակի, երբ Ադրբեջանը էլ աւելի է սեղմել շրջափակման օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ընթացքում տեղում արդէն երկու հայ երեխայ է մահացել:
«Չեմ ուզում գոյները մթագնել, բայց այս պահին խոհանոցում ունեմ միայն մի փոքր հնդկաձաւար», ասում է լրագրող Մարութ Վանեանը, ով Յուլիսի 18ին իր բնակարանի նկարով կիսուեց «Ազատութեան» հետ:

Վանեանը 100 հազարից աւելի հայերից մէկն է, որ շրջափակուած են Լեռնային Ղարաբաղում:

Դեկտեմբերից սկսուած շրջափակումը կտրուկ սրուեց վերջին ամսուայ ընթացքում` կանգնեցնելով Արցախը զանգուածային հումանիտար (մարդասիրական) ճգնաժամի եզրին:
Նախկինում, Կարմիր Խաչի միջազգային առաքելութիւնը թոյլտուութիւն ունէր դէպի Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ իրեր տանել եւ առողջական լուրջ խնդիրներով հիւանդներին Հայաստան հասցնել:

Բաքուն արդարացնում է ճանապարհի շրջափակումը` պնդելով, թէ «Հայաստանից եկող Կարմիր Խաչի մեքենաներում յայտնաբերուել են տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ»` բջջային հեռախօսներ, ծխախոտ, բենզին:
Հումանիտար կազմակերպութիւնը պատասխանել է. «Կարմիր Խաչին պատկանող մեքենայի մէջ ոչ մի չարտօնուած իր չի յայտնաբերուել»: Միաժամանակ յաւելել են. «Մենք ափսոսում ենք, որ առանց մեր իմացութեան չորս վարձու վարորդներ փորձել են որոշ առեւտրային ապրանքներ տեղափոխել Կարմիր Խաչի տարբերանշանի մեքենաներով»:

«Անցած շաբաթը շրջափակման ամենածանր ժամանակահատուածն էր», ասում է Վանեանը: Բացի ալկոհոլից, սուպերմարկետում (հանրախանութին մէջ) որեւէ բան չկայ, փոքր բիզնեսներն ու խանութները պարզապէս փակուել են, իսկ տէրերը` գնացել տուն: «Հացն անգամ, որը պէտք է լինի իւրաքանչիւր հայի սեղանին օրական երեք անգամ, դժուար է գտնել: Պէտք է ժամերով հերթ կանգնես փռի առջեւ, որպէսզի երկու կտոր հաց գնես», ասաց նա:

Լեռնային Ղարաբաղի հիւսիսում Յուլիսի 8ին աւտոմեքենայից երկու երեխայի դի են յայտնաբերել, մինչեւ նրանց մայրը ոտքով գնացել էր մօտակայ քաղաք` ձէթի եւ շաքարաւազի կտրօն ստանալու: Մանկահասակ երեխաները` 6ամեայ աղջիկն եւ նրա 3ամեայ եղբայրը, ըստ երեւոյթին, դուրս էին եկել փողոց` փնտռելու իրենց մօրը, յետոյ տեղաւորուել չկողպուած մեքենայում: Թէ կոնկրետ (ճիշդ) ինչից էր վրայ հասել երեխաների մահը, դեռ յստակ չէ:

Օրէցօր աճող յուսահատութեան ֆոնին` Յուլիսի 14ին Ստեփանակերտում հազարաւոր մարդիկ հաւաքուել էին` բողոքելու շրջափակման դէմ:
«Ինչի՞ն էք սպասում». բանախօսներից մէկը հռետորական հարց ուղղեց միջազգային հանրութեանը. «Արդեօք դուք պէտք է ամէն օր դիակնե՞ր տեսնէք այս հրապարակում նախքան պատասխանը»:

Բաքուն Լեռնային Ղարաբաղի դէ ֆակտօ կառավարութեանը համարում է «Միջազգայնօրէն ճանաչուած իր տարածքի անօրինական օկուպանտներ» (գրաւողներ) եւ կոչ է անում Ստեփանակերտի ղեկավարութեանը հեռանալ իշխանութիւնից:
Ադրբեջանը միաժամանակ պնդում է, որ հայերին «կը տրամադրուեն Ադրբեջանի քաղաքացիների բոլոր իրաւունքները» Բաքուի վերահսկողութեան պայմանով: Պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ հայերի մի քանի դաժան սպանութիւնները, սակայն, որոնց պատասխանատուութիւնը կրում են ադրբեջանցի զինուորները, շատերին է ստիպում կասկածել Բաքուի պատրաստակամութեանը:

Վանեանը պատմում է, որ արցախցիները դեռ բացայայտ չեն խօսում Ղարաբաղից հեռանալու, Հայաստան մեկնելու մասին, «սակայն շատերը հասկանում են, որ ներկայիս պայմաններում չեն կարող երեխայի խնամել: Ի վերջոյ, երեխաներին անհրաժեշտ են վիտամիններ եւ երջանիկ կեանք»: Բայց կան նաեւ մարդիկ, ասում է լրագրողը, «որոնք պատրաստ են միայն կանաչեղէն ուտել, քանի դեռ ապրում են իրենց տանը, քանի դեռ պատերազմ չկայ» ` յոյս ունենալով, որ իրավիճակը կը կարգաւորուի:

Լեռնային Ղարաբաղի դէ ֆակտօ նախագահ Արայիկ Յարութիւնեանը Յուլիսի 17ին ասել է. «Եթէ Արցախի ժողովրդի համար իրավիճակը մէկ շաբաթուայ ընթացքում չվերադառնայ քիչ թէ շատ կայունութեան միջազգային միջամտութեան ներքոյ, ապա մենք կը դիմենք աւելի կոշտ գործողութիւնների թէ՛ Արցախում, թէ՛ դրանից դուրս»:
Թէ հնարաւոր ինչ քայլերի մասին է խօսքը, Յարութիւնեանը չի յստակեցրել:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»