Այս յօդուածը գրելուց առաջ երկար եմ խորհել, մտովի շրջել պատմութեան քառուղիներում, փորձել աւելի խորութեամբ ընկալել քոսովեան՝ արդէն երկար ժամանակ շարունակուող ճգնաժամը:
Յօդուածը գրելու շարժառիթը ամենեւին էլ իմ սերպասիրութիւնը չէ, ոչ էլ համակրանքը սերպ ժողովրդի նկատմամբ: Պատճառները շատ աւելի խորքային են: Յօդուածը նպատակ ունի հայ ընթերցողին եւ, առաւել եւս, քաղաքականութեամբ ու դիւանագիտութեամբ զբաղուողներին մէկ անգամ եւս յիշեցնելու, որ ցանկացած հարցի լուծում պահանջում է նիւթի լաւ ու յստակ իմացութիւն, արդարամտութիւն եւ յետոյ միայն՝ որոշումների կայացում:
Այսօր Քոսովոն դարձել է գերտէրութիւնների քմահաճ վերաբերմունքի զոհը: Աշխարհը երես է թեքել ճշմարտութիւնից, գերտէրութիւնները փորձում են վերաձեւել Սերպիայի քարտէսը՝ սերպերից խլելով նրանց բնօրրանը՝ Քոսովոն, որի արնաքամ հողը աւելի քան 600 տարի տնքում է օտարի դաշոյնի պատճառած վէրքերից: Փորձում են անել այն, ինչ արուեց հայերի հանդէպ անցեալ դարի 20ական թուականների սկզբին՝ Հայաստանից անջատելով Ղարաբաղն ու Նախիջեւանը:
Քոսովօ անունը յիշատակւում է դեռ 12րդ դարում, Ռաշկայի իշխան Ստեֆան Նեմանիայի տիրապետութեան օրօք: Մինչեւ Պալքաններում օսմանեան նուաճողական արշաւանքները, Քոսովոյում ծաղկել են արուեստներն ու արհեստները, զարգացել են ճարտարապետական շքեղ կոթողներ ունեցող քաղաքները՝ Պրիշտինան, Եանեւոն, Վուչիտրնը, Տրեպչան, Զուեչանը:
Քոսովոյում այսօր էլ դեռ կանգուն են միջնադարեան բարձրարուեստ յուշարձաններ, որոնցից ամենանշանաւորներն են Գրաչանիցան, Դեչանին, Լեւիշկա Աստուածածինը, Բանյսկան եւ, առաջին հերթին, սերպական ուղղափառութեան սիրտը՝ 13րդ դարում Պեչում հիմնուած պատրիարքարանը, ասել է թէ՝ սերպական Էջմիածինը, որտեղ սերպերը շուրջ եօթ դար աղօթք են մրմնջացել, Աստծոյ ողորմածութեամբ ապրել հայրենի հողում: Սրբատեղիներ են հիմնել, մատեաններ գրել, բայց բարբարոս թուրքը քանդել ու այրել է սերպերի սրբութիւնները՝ աւելի քան 500ամեայ օսմանեան գիշեր սփռելով Քոսովոյի բազմաչարչար հողին:
Քոսովեան ճգնաժամի պատճառներից մէկն էլ միջազգային հանրութեան անտարբեր վերաբերմունքն է: Սկսած 1371 թուականի Մարիցայի, իսկ աւելի ուշ՝ 1386 եւ 1389 Քոսովոյի ճակատամարտերից (վերջինս կարելի է սերպական Աւարայր կոչել), սերպերը կեանքի ու մահու կռիւներում փորձել են կանխել օսմանեան հրոսակների խուժումը Եւրոպա: Այն ժամանակ էլ նոյն Արեւմուտքը կոյր ու համր էր ձեւանում՝ չհասկանալով, որ Սերպիան, Քոսովոն մասնաւորապէս, անառիկ պարիսպի դեր են կատարել՝ պաշտպանելով Եւրոպան օսմանեան կործանարար արշաւանքներից:
Պետութիւն ստեղծելու սերպերի ազգային ու երազապաշտ գաղափարները Արեւմուտքը միշտ էլ դիտել է որպէս ազգայնամոլութիւն ու մեծապետականութիւն:
Ի՞նչ են տալիս մեզ՝ հայերիս, քոսովեան ճգնաժամի ներկայիս դասերը, որքանո՞վ են դրանք համահունչ ղարաբաղեան հիմնահարցի լուծմանը:
Այսօր յաճախ կարելի է լսել շրջանառուող ու ծեծուած այն կարծիքը, թէ, իբր, Քոսովոյի հիմնահարցի լուծումը կարող է բարենպաստ մթնոլորտ ստեղծել եւ լաւ նախադէպ լինել Ղարաբաղի ինքնորոշման համար: Առաջին պահից բարենպաստ թուացող այդ կարծիքը հայերիս յոյս ներշնչող կապոյտ միրաժի է նման: Պիտի միամիտ լինել հաւատալու համար, որ Քոսովոյի անկախութիւնը պարարտ հող կը ստեղծի նաեւ Ղարաբաղի անկախութեան համար:
Մենք՝ հայերս, պահանջում ենք, որ տասնամեակներ շարունակ մեր հիմնախնդիրներից երես թեքած աշխարհը շտկի մեր հանդէպ գործուած անարդարութիւնը, յարգի մեր պատմական հայրենիքը վերագտնելու եւ այնտեղ ապրելու հայի իրաւունքը: Այդ պայքարը շիտակ է, պատմականօրէն արժանահաւատ, փաստարկուած ու արդարացի:
Ղարաբաղի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը անքննելի հարցեր են: Դա լաւ են հասկանում նոյնիսկ ԼՂՀի անկախութիւնը ճանաչել չցանկացող գերտէրութիւնները: Այդ անկախութիւնը հայ ժողովուրդը ապահովել է ոչ թէ Արեւմուտքի կամ Ղարաբաղի ճակատագրով «մտահոգուած» եւրոպական կառոյցների համար, այլ՝ ապագայ սերունդների, որոնք պիտի շարունակեն ապրել Արցախ աշխարհում ու շէնացնեն հայրենի հողը:
Աշխարհը քաջատեղեակ է, որ 1921 թուականին տեղի է ունեցել պատմական անարդարութիւն, առանց հայի կարծիքը հաշուի առնելու՝ նրանից խլուել է պատմական հայրենիքի մի հատուածը եւ սկուտեղի վրայ մատուցուել երբեք գոյութիւն չունեցած եւ 20րդ դարի 20ական թուականներին ծնունդ առած ատրպեճանական նորաթուխ պետութեանը: Ինչո՞ւ այն ժամանակ միջազգային հանրութիւնը սատար չեղաւ Հայաստանին ու չյարգեց նրա տարածքային ամբողջականութիւնը: Բա էլ ո՞ւր մնաց «քաղաքակիրթ աշխարհի» արդարամտութիւնն ու բարոյականութիւնը:
Ինչ վերաբերում է Քոսովոյին, ապա դա սերպական միջնադարեան պետութեան բնօրրանն է, որտեղ մինչեւ 19րդ դարի կէսերը ալպաններ չեն եղել, եւ որը սերպերը չեն խլել ալպաններից, ովքեր երազում են սերպական պատմական տարածքների հաշուին ձեւաւորել ու հռչակել Քոսովոյի անկախ պետութիւնը, որն էլ ապագայում պիտի միաւորուի ու մաս կազմի «Մեծ Ալպանիայի»:
Եթէ այսօր ալպանների ախորժակը բացուել է սերպական պատմական տարածքների հանդէպ, հեռու չէ ժամանակը, երբ նրանք նման ախորժալի պահանջատիրութեամբ ռազմատենչ յայտարարութիւններ կ’ուղղեն Յունաստանին, Չեռնոգորիային, Մակեդոնիային՝ Ալպանիային հարեւան երկրներին, ուր մեծ թուով ալպաններ են ապրում:
Քաղաքականութիւնը մարդասիրութիւն ու ազգասիրութիւն չի ճանաչում: Քաղաքականութեան առանցքը շահն է, որին միշտ էլ զոհ են դարձել ու դառնում արդարամիտ ու անկախութեան ձգտող փոքրաթիւ ժողովուրդները: Քաղաքականութիւնից հեռու մարդուն էլ քաջ յայտնի է, որ իւրաքանչիւր հակամարտութիւն ունի իր ծագումը, զարգացումը, եւ, բնականաբար, դրանց լուծման ուղիներն էլ տարբեր պիտի լինեն: Մի՞թէ դժուար է նկատել, որ գերտէրութիւնները Քոսովոյի ու Ղարաբաղի հարցում երկակի չափանիշների քաղաքականութեամբ են առաջնորդւում՝ մի դէպքում ճանաչելով Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, միւս դէպքում՝ անտեսելով Սերպիայինը:
Ելնելով աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերից, Արեւմուտքն ամէն բան անում է բնականոն ընթացքին, ասել է թէ՝ Աստծոյ կամքին հակառակ: Փոխանակ գիտակցի, որ միայն պատմական արդարութեամբ առաջնորդուելով կարելի է լուծել անլուծելի թուացող հակամարտութիւնները՝ Արեւմուտքը մի դէպքում սատար է լինում ալպանական անհիմն անջատողականութեանը՝ դրանով վիրաւորելով սերպերին, ովքեր բռնի ձեւով վտարուել են իրենց մայր բնօրրանից վերջին մի քանի տարուայ ընթացքում, իսկ մէկ այլ դէպքում՝ խոչընդոտում է Ղարաբաղի անկախութեան ճանաչմանը, որը այլեւս կայացած ու անշրջելի իրողութիւն է: Քոսովոյի պարագայում խօսքը ոչ միայն վտարուած սերպերի, այլեւ Քոսովոյում բարբարոս ալպանների ձեռքով քանդուած սերպական բազում վանքերի, եկեղեցիների, եղծուած սրբավայրերի ու գերեզմանոցների մասին է, որոնց թիւը անցնում է հարիւրից:
Մի՞թէ այդ ամէնը մեզ չի յիշեցնում հայոց Նախիջեւանի ոչ հեռաւոր անցեալի ճակատագիրը, որտեղից 1988ի ղարաբաղեան հակամարտութեան շրջանում հարկադրուած իրենց տները լքեցին առանց այն էլ ոչ մեծ թիւ կազմող նախիջեւանահայերը, եւ որտեղ բարբարոս ատրպէյճանցու ձեռքով քարուքանդ եղան մեր հոգեւոր մշակոյթի մասունքներն ու սրբատեղիները:
Իսկ Չուղան՝ մեր սրբալոյս ու շքեղաշուք Չուղան, որ խաչքարերի ինքնատիպ, իր նմանը չունեցող մի թանգարան էր, ի սպառ աւերուեց ու կործանուեց…
Չուղայի անկրկնելի խաչքարերը սրբապիղծ ատրպէյճանցիների արիւնոտ ձեռքերով փշուր-փշուր արուեցին եւ յաւերժ կորան Արաքսի վշտաշաղ ջրերում: Այդ խաչքարերի տակ հանգչող լուսահոգի ննջեցեալները դարեր անց կրկին «նահատակուեցին»՝ այս անգամ դառնալով անանուն ու անշիրիմ…
Ու Աստծոյ աչքն էլ թացուեց, նա էլ վշտացաւ իր անանուն ու անշիրիմ զաւակների համար, իսկ հայոց Չուղայից այսօր միայն անունն է մնացել:
Այսքանից յետոյ Արեւմուտքի անհոգի մեծաւորները, ովքեր չեն կրում կորուսեալ հայրենիքի ծխացող ցաւը, ում համար խորթ է կարօտի զգացումը, անհաղորդ ու անսիրտ օտարականի պահուածքով մեր թշնամիների հետ բանակցելու ու բարեկամանալու կոչեր են անում՝ այդպէս էլ չհասկանալով, որ անհնար է բարեկամանալ խաչքար ու վանք ոչնչացնողի, ոսկեձեռիկ մատեաններ այրողի, միջնադարեան մեթոտներով յօշոտողի, սրբութիւններ ու շիրիմներ եղծողի հետ:
Այսօր սերպերին պահանջ ներկայացնող եւ Քոսովոյին անկախութեան կարգավիճակ շնորհելու ծրագրի հեղինակ Մարթի Ահթիսաարին, ինչպէս նաեւ Ղարաբաղի կարգավիճակով ու խնդրի կարգաւորմամբ «մտահոգ» Մէթիու Պրայզան եւ նրանց համախոհները անում են համարեայ նոյնը, ինչ անում էին 1878ի Պերլինի վեհաժողովի մեծաւորները, ովքեր նոյն քարսրտութեամբ տնօրինում էին փոքրաթիւ ազգերի ճակատագիրը:
Մէթիու Պրայզային հարցնող լինի՝ եթէ Ամերիկայում ապրող ալպանները մի օր ինքնավարութիւն պահանջեն, ինչպէ՞ս կը վերաբերուեն այդ պահանջին ամերիկեան իշխանութիւնները: Պատասխանը պարզից էլ պարզ է՝ կը լռեցնեն ու արժանի հակահարուած կը տան ալպանական անջատողականութեանը: Ամերիկան վերաձեւում ու առատաձեռնօրէն բաշխում է ուրիշի տարածքները, իր իսկ սեփական տարածքներից մի թիզ անգամ չի տայ ոչ ոքի: Այ քեզ ժողովրդավարութիւն…
Պերլինի նշանաւոր վեհաժողովը թող դաս լինի, որպէսզի այսուհետ չկրկնուեն անցեալի չարաբախտ սխալները, որպէսզի միջազգային բանակցութիւններում մեր խօսքը ոչ թէ «թղթէ շերեփը» լինի, այլ՝ մեր հաւաքական ուժը, հզօրութիւնը, չարին ու կեղծիքին ընդդիմանալու մեր կամքը, որն արդար պահանջատիրութեան միակ երաշխիքն է: Այդ նոյն կերպ Պերլինի վեհաժողովում սերպերն իրենց արիւնոտ սրերով ցոյց տուեցին ու ապացուցեցին, որ հայրենիքը պաշտպանելու միակ ուղին ուժն է: Ոչ, սա ամենեւին էլ ռազմատենչ կոչ չէ, այլ զգօն լինելու՝ մտաւորականի արդարամիտ ու շիտակ խօսք:
Այս յօդուածը գրելիս յաճախ էի մտաբերում իմ բարեկամ, սերպ բանաստեղծ, ակադեմիկոս Մաթիա Պեչքովիչի «Քոսովոն սերպական ամենաթանկ բառն է» գիրքը: Քոսովոն ոչ միայն սերպերի պատմութեան ամենաթանկ վաւերագիրն է, այլեւ՝ մշակոյթի ու գրականութեան, բանահիւսութեան ու ազգային աւանդոյթների բնօրրանը, որը, որպէս սրբապատկեր, դաջուած է ամէն սերպի հոգում, թրթռում է նրանցից իւրաքանչիւրի երակներում՝ յիշեցնելով, որ հողը զուտ ֆիզիքական ու աշխարհագրական տարածք չէ, այլ առաջին հերթին, հոգեւոր հայրենիք, որը սնող ու ժողովուրդ պահող ակունք է:
Եթէ նախկին Եուկոսլաւիայում Պրոզ Թիթոյի վարչակարգի օրօք, Քոսովոյում նսեմացուել են սերպերի իրաւունքները եւ միտումնաւոր փոխուել է մարզի ազգագրական կազմը, ապա դա անկախանալու իրաւունք չի տալիս այսօր մեծամասնութիւն կազմող եկուոր ալպաններին: Թիթոյի հակասերպական քաղաքականութեան ջատագովներից էր նաեւ Ալպանիայի երբեմնի նախագահ Էնվէր Խոճան, որը տասնամեակներով Քոսովոն ալպանացնելու քաղաքականութիւն էր վարում եւ ամէն կերպ ջանում էր սերպական այդ տարածքը դարձնել «Մեծ Ալպանիա»ի մասը:
Չմոռանանք պատմութեան դառը դասերը ու, ինչպէս ժողովուրդը կ’ասի, չմտնենք ուրիշի պարտէզը, չծանրաբեռնուենք ուրիշների հոգսերով եւ, առաւել եւս, անտեղի ու անհիմն զուգահեռներ չանցկացնենք Ղարաբաղի ու Քոսովոյի միջեւ, ինչպէս դա շարունակում են անել Քոսովոյի մասին պատկերացում չունեցողները:
Ղարաբաղում նախագահական վերջին ընտրութիւնները մէկ անգամ եւս համոզիչ ցոյց տուեցին իր նախնեաց հողում ապրելու արցախահայութեան հաստատակամութիւնը:
Թէեւ գերտէրութիւնները իրենց կոշտ դիրքորոշմամբ մէկ անգամ եւս նշեցին, որ չեն ճանաչելու ԼՂՀում անցկացուած նախագահական ընտրութիւնները, բայց լաւ հասկացան, որ պատմութեան անիւն անշրջելի է: Նրանք պիտի գիտակցեն նաեւ, որ Քոսովոյին անկախութեան կարգավիճակ շնորհելը յղի է անկանխատեսելի հետեւանքներով, նոյնիսկ՝ համապալքանեան պատերազմով:
Արեւմուտքին էլ հէնց հարկաւոր է, որ լարուած լինի պալքանեան՝ առանց այն էլ պայթիւնավտանգ տարածաշրջանը, որպէսզի մէկ անգամ էլ վերաձեւուի ու վերակառուցուի Եւրոպայի սիրտը՝ իր իսկ չափած-գծածով: Հայոց Ղարաբաղի բնակչութիւնը քանիցս ցոյց է տուել աշխարհին իր ժողովրդավար դէմքը, ապացուցել, որ ազատ ապրելու իրաւունք ունի նախնեաց հողում: Սերպերն էլ, իրենց հերթին, երբեք չեն հաշտուի մայր բնօրրանը օտարին զիջելուն: Հողը նուէր չէ, որ հէնց այնպէս տրուի ինչ-որ մէկին: Հողը Աստծոյ պարգեւ է, որը վաղ թէ ուշ վերադառնում է իսկական տիրոջը:
Ժողովուրդն է հողի տէրը, այլ ոչ թէ աշխարհի քարտէսը վերաձեւող ու արհեստածին սահմաններ ստեղծող աշխարհակալ մեծաւորները, ովքեր մէկընդմիշտ պիտի հասկանան, որ մարդ արարածի ծինային համակարգում հզօր մի բան է ամփոփուած՝ պատմական յիշողութիւնը, որ հազարամեակներով ուղեկցում է մարդուն, եւ որը չես բանտի փշալարերով, չես ջնջի զէնք ու զօրքով, ոչ էլ՝ աւերելով ու կործանելով:
Ուրեմն, հանգի՛ստ թողէք Քոսովոն ու Ղարաբաղը, աշխարհի՛ մեծաւորներ: Մի՛ խառնուէք Աստծոյ ստեղծածին ու նրա գործերին եւ մի՛ պղծէք մեր սրբութիւնները:
Տեղին է մէջբերել սերպական յայտնի ասոյթը, որն իր ոգով շատ է համահունչ հայի հոգեկերտուածքին. «Այն, ինչ կողոպտուած է՝ անիծուած է»: Ուստիեւ՝ կողոպտոուած ամէն բան պիտի վերադարձուի: