Ատրպէյճանը շարունակում է անտեսել միջազգային միջնորդների բոլոր կոչերը ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը մօտեցնելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկելու վերաբերեալ։ Հակառակ միջազգային հանրութեան պահանջներին՝ վերջ դնել մթնոլորտը ռազմական գործողութիւնների վերսկսման սպառնալիքներով սրելուն, Պաքուն, փաստօրէն, ամէն օր հանդէս է գալիս զինապաշտական յայտարարութիւնների հերթական չափաբաժնով։
Հակառակ այն կոչերին, թէ, այդուհանդերձ, անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հանրութեանը խաղաղութեան նախապատրաստելուն, Ատրպէյճանում շարունակում են սեփական քաղաքացիների գիտակցութեան մէջ ձեւաւորել թշնամու կերպար՝ ի դէմս հայերի։ Աւելին, սովորական քարոզչութիւնից Ատրպէյճանի իշխանութիւններն անցել են այնպիսի գործողութիւնների, որոնք, թերեւս, կարելի է համեմատել 1937 թուականի ստալինեան մեթոտների՝ ահաբեկման, ձերբակալութիւնների, հրապարակային դատավարութիւնների եւ պատիժների հետ։
Ատրպէյճանի ցանկացած քաղաքացի, որը համարձակւում է խախտել վերեւից իջեցուած չգրուած հրամանը «հայազգի անձանց» հետ շփումների անթոյլատրելիութեան մասին, մեղադրւում է մատնիչութեան, հայրենիքի դաւաճանութեան մէջ։
Նման «դաւաճանների» առաջին շարքերում մինչեւ վերջերս լրագրողներ էին, քաղաքագէտներ ու ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ովքեր սարսափից աստիճանաբար դադարեցին այցելել Հայաստան՝ մասնակցելու տարածաշրջանային եւ միջազգային միջոցառումների։
Վերջին շրջանում ատրպեճանական գաղտնի սպասարկութեան ճնշման ներքոյ յայտնուեցին այն բանակի զինծառայողներ, որը, ինչպէս պնդում են Իլհամ Ալիեւն ու շրջապատը, պէտք է աշխարհի երեսից ջնջի հայ ժողովրդին եւ նրա մասին յիշեցնող ամէն ինչ։ Ոչ ոք այլեւ չի զարմանում, որ երկարաժամկէտ ազատազրկման են դատապարտւում ատրպէյճանցի զինուորները, ովքեր այս կամ այն հանգամանքում յայտնուել են հայկական գերութեան մէջ եւ Ատրպէյճան են վերադարձել Կարմիր խաչի միջազգային յանձնախմբի միջոցով։
Սակայն Յուլիսի 19ին հայրենիքի դաւաճանութեան մեղադրանքով տարբեր՝ 12-14 տարուայ բանտային կալանքի են դատապարտուել միանգամից երեք զինծառայողներ ԱՀ պաշտպանութեան նախարարութեան Ֆիզուլու շրջանի «N» զօրամասից։ Նրանց մեղադրել են այն բանի համար, որ անցեալ տարուայ Յուլիս-Հոկտեմբեր ամիսներին գտնուելով դիրքում՝ իբր «շփումներ են ունեցել հայերի հետ եւ նրանց յանձնել պետական նշանակութեան ռազմական գաղտնիքներ, տեղեկութիւններ պահեստային գումարտակի, նրա հրամանատարի եւ անձնակազմի մասին»։
Մենք գրում ենք «իբր», քանի բոլորովին չի բացառւում, որ այդ զինուորները, ինչպէս եւ շատ ուրիշներ, պարզապէս դժգոհութիւն են յայտնել կամ բողոքել են ատրպեճանական բանակում տիրող կարգերի՝ կոռուպցիայի, հովանաւորչութեան մասին եւ այլն, իսկ այսպէս կոչուած՝ «շփումները հայերի հետ» պարզապէս շղարշ է։
Եթէ ատրպեճանական իշխանութիւններն ունենային գոնէ թէ մի փոքր պատճառ դեր-գնդապետ Ռասիմ Մուրատովին (որը քաղաքական ապաստան է խնդրել Պաքւում գտնուող արտասահմանեան դեսպանատներից) հայերի հետ շփումներում եւ, համապատասխանաբար, դաւաճանութեան մէջ մեղադրելու համար, նրանք դա կ’անէին։
Նման հնարաւորութեան բացակայութեան պայմաններում Մուրատովին, որը բացայայտել է ատրպեճանական բանակում տիրող մի ամբողջ շարք անօրինականութիւններ, ձերբակալել են կաշառակերութեան եւ ծառայողական լիազօրութիւնների չարաշահման մեղադրանքով՝ «լաւագոյն պաշտպանութիւնը յարձակումն է» սկզբունքով։
Կարելի է, ի հարկէ, ասել՝ իրենց բանակն է, իրենց զինուորները, իրենց քաղաքացիները, Ալլահը իրենց հետ, թող անեն՝ ինչ ուզում են։ Բայց խնդիրն այդքան դիւրին չէ, ինչպէս թւում է առաջին հայեացքից։
Ատրպէյճանում ընթանում է իսկական դատաստան այլախոհների դէմ։ Զուգահեռաբար բորբոքւում են հակահայ տրամադրութիւնները. տեղի է ունենում վախեցնելու, սարսափի մէջ գցելու, զոմպիացնելու գործընթաց։ Կարո՞ղ է, արդեօք, նման մթնոլորտում մեծանալ սերունդ, որը տրամադրուած լինի խաղաղ գոյակցութեան իր հարեւանների, տուեալ դէպքում՝ հայերի հետ։
Շատ կասկածելի է։ Այդ խորապատկերին ԱՀ արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի բարբաջանքները «Լեռնային Ղարաբաղում անվտանգութեան պայմաններ ստեղծելու» մասին, «որպէսզի հայերի կողքին այնտեղ կարողանան ապրել նաեւ ատրպէյճանցիները», ոչ այլ ինչ է, եթէ ոչ քաղաքական երեսպաշտութիւն։
Պաշտօնական Պաքուն ձգտում է ԼՂՀում վերաբնակեցնել նրանց, որոնց երկար տարիներ զոմպիացրել է հայերի հանդէպ ատելութեամբ եւ ցանկանում է, որ առողջ բանականութեան տէր մարդիկ հաւատա՞ն նրանց հետ համատեղ ապրելու հնարաւորութեանը։ Յատկապէս երբ Ատրպէյճանը մտացածին պատրուակներով ի սկզբանէ հրաժարւում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնուրոյն գոյութեան իրաւունքը։
Ըստ այդմ՝ չկայ որեւէ վստահութիւն, որ հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեպիի մտածած միանգամեայ գործողութիւնը կ’օգնի հասնել հակամարտութեան կողմերի միջեւ վստահութեան մթնոլորտ ձեւաւորելու նպատակին։ Փ. Սեմնեպին, որն արդէն երկու տարի խոստանում է մեկնել ԼՂՀ, բայց ոչ մի կերպ չի պատրաստւում, իսկ այս տարուայ Յունիսին Ստեփանակերտի ճանապարհից ետ դարձաւ Երեւան, մտադիր է այս Սեպտեմբերին վերջապէս այցելել Ղարաբաղ։ Բայց՝ ոչ մենակ։
Եթէ հաւատանք ատրպեճանական մամուլին, Սեմնեպին ցանկանում է գնալ ԼՂՀ՝ այսպէս կոչուած, «ԼՂ ատրպեճանական համայնքի» ներկայացուցիչների ուղեկցութեամբ՝ վստահութեան կամուրջ կապելու։ Ինչպէս երեւում է, Պրիւքսէլում դեռ մտածում են քաղաքական ռոմանթիզմի չափանիշներով, եթէ ակնկալում են, որ նման այցելութիւններով իրենց կը յաջողուի վերադասաւորել ատրպեճանական զոմպիների գիտակցութիւնը։
Մի բան էլ։ Ինչո՞ւ նոյն այդ Սեմնեպին չի կազմակերպում նախկին Ատրպեճանական ԽՍՀ հայ համայնքի ներկայացուցիչների այցելութիւնը Պաքու, Կիրովապատ եւ ուրիշ քաղաքներ ու գիւղեր, որտեղից 20րդ դարի վերջին նրանց արտաքսեցին միայն այն բանի համար, որ հայ են։ Համոզուած եմ, որ այդ գաղափարը դուր չի գայ պրիւքսէլեան դիւանակալներին, որոնք սեփական քաղաքական-տնտեսական պատկերացումների պատճառով լոպպիինկ են արել ատրպէյճանցիների՝ Լեռնային Ղարաբաղ եւ ԼՂ կողմից վերահսկուող միջանկեալ գօտու տարածքներ վերադառնալու հնարաւորութիւնը, բայց չեն ցանկանում եւ նոյնիսկ չեն մտածում Ատրպէյճանից հայ փախստականների իրաւունքների՝ իրենց նախկին բնակութեան վայրերը վերադառնալու, իսկ նման հնարաւորութեան բացակայութեան դէպքում՝ համապատասխան, այդ թւում՝ տարածքային, փոխհատուցում ստանալու մասին։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: