Լեռնային Ղարաբաղում կայացած բոլոր ընտրութիւնները, այդ թւում՝ երեք նախագահական, անցել են ազատ եւ արդար: Նոյնը չի կարելի ասել միջազգայնօրէն ճանաչուած Հայաստանի եւ յատկապէս Ատրպէյճանի ընտրութիւնների մասին: Այս պնդումը, որը յաճախ են շրջանառում հայ վերլուծաբաններն ու քաղաքագէտները, շատ մօտ է իրականութեանը, բայց միւս կողմից՝ կայ իրականութեանը շատ աւելի մօտ եւս մէկ պնդում. Լեռնային Ղարաբաղի նախագահական նախորդ բոլոր երեք ընտրութիւններն անցել են այլընտրանքի բացակայութեան պայմաններում: Աւելի պարզ՝ երբ չկայ այլընտրանք, անարդարութիւնների եւ կեղծիքների դիմելը դառնում է աւելորդ ու անիմաստ:
Նախագահական դրութիւնը Լեռնային Ղարաբաղում ներդրուել է 1994թ.: Դեկտեմբերի 21ին ԼՂՀ Գերագոյն խորհուրդն ընդունել էր որոշում նախագահական կառավարում մտցնելու մասին, իսկ յաջորդ օրը՝ Դեկտեմբերի 22ին, խորհրդարանը փակ, գաղտնի քուէարկութեամբ՝ 50 «կողմ», 2 «դէմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով, Ռոպերթ Քոչարեանին ընտրել էր նախագահ: Մինչ այդ, 1992թ. Օգոստոսի 15ից, Քոչարեանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում էր Պաշտպանութեան պետական կոմիտէի (ՊՊԿ) նախագահի կարգավիճակով:
1996թ. Նոյեմբերի 24ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում համաժողովրդական առաջին նախագահական ընտրութիւնները: Ռոպերթ Քոչարեանը միւս երկու թեկնածուների՝ Պորիս Առուշանեանի (վերջինս տարբեր պաշտօններում միշտ եղել է իշխանական համակարգում, այդ թւում՝ ՊՊԿ նախագահի, այսինքն՝ Ռոպերթ Քոչարեանի տեղակալ) եւ Ղարաբաղի կոմունիստների առաջնորդ Հրանդ Մելքումեանի հետ պայքարում ստանում է ձայների մօտ 89 տոկոսը:
Ընտրուելուց մի քանի ամիս անց՝ 1997թ. Մարտին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոպերթ Քոչարեանին հրաւիրում է Երեւան եւ առաջարկում Հայաստանի վարչապետի պաշտօնը: Նոյն տարուան Սեպտեմբերի 1ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրութիւններ. արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասեանը քուէների մօտ 90 տոկոսով յաղթում է Արցախի պետհամալսարանի դասախօս Արթուր Թովմասեանին եւ Պորիս Առուշանեանին:
2002թ. Օգոստոսի 11ին տեղի են ունենում նախագահական երրորդ ընտրութիւնները. գործող նախագահ Արկատի Ղուկասեանը քուէների մօտ 89 տոկոսով յաղթում է Արթուր Թովմասեանին, եւ հանրութեան շրջանում ոչ այնքան յայտնի Ալպէրթ Ղազարեանին ու Գրիգորի Աֆանասեանին:
Հայ վերլուծաբանների եւ քաղաքագէտների կարծիքով՝ Յուլիսի 19ին Լեռնային Ղարաբաղում տեղի կ՚ունենան առաջին այլընտրանքային նախագահական ընտրութիւնները: Նախագահի պաշտօնին յաւակնում են միանգամից հինգ թեկնածուներ, ընտրապայքարը ծաւալւում երկուսի՝ Անվտանգութեան ծառայութեան նախկին պետ Բակօ Սահակեանի եւ նախկին փոխարտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի միջեւ: Ընտրուելու առաւել մեծ հնարաւորութիւն ունի Բակօ Սահակեանը, որը իշխանութեան եւ «միասնական թեկնածուն» է, վայելում է Լեռնային Ղարաբաղում գործող հիմնական կուսակցութիւնների աջակցութիւնը, եւ ամենակարեւորը՝ իշխանական, վարչական եւ լրատուական հիմնական աղբիւրները աշխատում են նրա օգտին եւ ընդդէմ Մայիլեանի:
Յուլիսի 3ին նախագահ Ղուկասեանը Երեւանում յայտարարեց, որ ընտրութիւններում պաշտպանում է Բակօ Սահակեանի թեկնածութիւնը: «Ամենաարժանի թեկնածուն Սահակեանն է: Ղարաբաղի ապագան ես կապում եմ այս անուան հետ: Ես վստահ եմ, որ նա կարող է ապահովել ժողովրդավարացման ընթացքի շարունակականութիւնը, եւրոպական արժէքներին համապատասխան երկրի կառուցումը: Նա մի մարդ է, ով կարող է իր շուրջը համախմբել Ղարաբաղի ժողովրդին՝ գերխնդիրների եւ այսօր օրակարգում եղած բոլոր խնդիրների լուծման համար», հրապարակաւ եւ ցուցադրական կերպով յայտարարեց Ղուկասեանը:
Ղուկասեանի կարծիքով, ԼՂՀում իտէալական պայմաններ են ստեղծուած ընտրութիւնների անցկացման համար: ԼՂՀ նախագահը շեշտեց, որ մինչ այժմ Ղարաբաղում անցկացուած բոլոր ընտրութիւնները «ԱՊՀում լաւագոյն ընտրութիւններն էին»: «Ղարաբաղում ընտրութիւնները կ՚անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Ես վստահ եմ, որ կը յաղթի ամենաարժանաւորը: Եւ ես տեսնում եմ այդ արժանաւորին», ասաց Ղուկասեանը:
Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի փորձագէտ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր Ստեփան Սաֆարեանը քննադատեց Արկատի Ղուկասեանին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը, ինչպէս աշխարհի միւս երկրների նախագահները, իրաւունք ունեն պաշտպանել թեկնածուներից մէկին, բայց Արկադի Ղուկասեանը պէտք է աւելի զգոյշ լինէր իր յայտարարութիւններում: «Հաշուի առնելով քաղաքական համակարգի այն վիճակը, որը գոյութիւն ունի մեր նման պետութիւններում, գործող նախագահներն այնուամենայնիւ պէտք է ձեռնպահ մնան քաղաքական գործընթացները բացայայտ ուղղորդելուց», ասում է Սաֆարեանը:
Ռոպերթ Քոչարեանը հրապարակաւ չի պաշտպանել թեկնածուներից եւ ոչ մէկին: Յուլիսի 10ին Հայաստանի նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլեանը մամուլի ասուլիսում ուղղակիօրէն պաշտպանեց Բակօ Սահակեանին եւ քննադատեց Մասիս Մայիլեանին, ինչը կարող է նշանակել, որ Հայաստանի նախագահը եւս Ղարաբաղի ապագայ առաջնորդ է տեսնում հէնց Բակօ Սահակեանին:
Մեր ունեցած տեղեկութիւններով՝ սկզբնական շրջանում, մինչեւ առաջադրումները, Հայաստանի իշխանական վերնախաւում միասնական կարծիք չի եղել այն հարցի շուրջ, թէ ով պէտք է լինի Արկատի Ղուկասեանի իրաւայաջորդը: Ուշագրաւ է, որ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլեանը իր թեկնածութիւնն առաջադրեց դրա համար սահմանուած ժամկէտի վերջին օրը: Անմիջապէս հետեւեցին Մայիլեանի հասցէին քննադատութիւնները իշխանական լրատուամիջոցներում, ինչը կարող է նշանակել, որ նրա առաջադրումը որոշակիօրէն ջղագրգռութիւն է յառաջացնում Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների մօտ: Արկադի Ղուկասեանը կարողացել է Հայաստանի իշխանական շրջանակներին հաւաստիացնել, որ միակ արժանի թեկնածուն հէնց Բակօ Սահակեանն է:
Մասիս Մայիլեանը, ով 1993թ. ի վեր տարբեր պաշտօններ է զբաղեցրել ԼՂՀ արտաքին գործերի նախարարութիւնում, կասկածում է, թէ այս ընտրութիւնները կը լինեն ազատ եւ արդար: «Իշխանութիւնները դեռ քարոզարշաւից մի քանի ամիս առաջ օգտագործում են վարչական աղբիւրները եւ ուժային կառոյցներին: Սա սեւ քարոզչութիւն է մեր երկրի դէմ եւ ես ցաւում եմ դրա համար: Մարդկանց փորձում էին համոզել, որ ամէն ինչ կանխորոշուած է: Նման պայմաններում դժուար թէ ունենանք ազատ, արդար ընտրութիւններ: Մենք միշտ տարբերուել ենք մեր հարեւաններից նրանով, որ կարողացել ենք անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրութիւններ, ինչը միշտ լաւ արձագանգ է գտել արտերկրում: Մեր հիմնական փաստարկը եղել է այն, որ մենք որպէս աւելի ժողովրդավարական երկիր չենք կարող ենթարկուել ժողովրդավարութեան տեսակէտից անազատ Ատրպէյճանին», ասում է նա:
Մայիլեանը պնդում է, որ նախընտրական հանդիպումների ընթացքում իր նկատմամբ կիրառւում են վարչական խոչընդոտներ: «Կան դէպքեր, երբ իշխանական լծակներն օգտագործելով, փորձում են անել այնպէս, որ մարդիկ չգան հանդիպումներին, բայց դա հակառակ արդիւնքն է տալիս», ասում է Մայիլեանը:
Ստեփանակերտցի քաղաքական վերլուծաբան եւ Արկատի Ղուկասեանի օգնական Դաւիթ Պապայեանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում թեկնածուներից ոչ մէկի օգտին վարչական եւ ուժային լծակներ չեն կիրառւում: «Սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով Մայիլեանը պայքարողի կեցուածք է ընդունում: Մայիլեանի նախընտրական հանդիպումներին քիչ ժողովուրդ է հաւաքւում, որովհետեւ այն ինչ պէտք է ասուէր, արդէն ասուել է: Մայիլեանի ընտրական գրասենեակը սխալ սկիզբ է տուել, նրանք քարոզչութիւնն սկսել են վեց ամիս առաջ: Սահակեանի նախընտրական հանդիպումներին շատ մարդ է հաւաքւում, որովհետեւ մարդիկ, կարելի է ասել, հանդիպման են գնում ապագայ նախագահի ամենահաւանական թեկնածուի հետ», ասում է Պապայեանը:
Սահակեանի կողմնակիցները որպէս առաւելութիւն շեշտում են այն հանգամանքը, որ ԼՂՀի բոլոր քաղաքական ուժերը աջակցում են «միասնական թեկնածուին»: ԼՂՀում իշխող քաղաքական ուժը, որը խորհրդարանում ունի ամենամեծ ներկայութիւնը, Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնն (ԱԺԿ) է, որի առաջնորդը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանն է: Ուշագրաւ է, որ նախագահական ընտրութիւններին մասնակցող թեկնածուներից Արցախի պետհամալսարանի դասախօս Վանիա Աւանէսեանը ԱԺԿ անդամ է, այսինքն՝ իշխող կուսակցութիւնը ոչ թէ պաշտպանում է իր կուսակցին, այլ անկուսակցական Բակօ Սահակեանին:
Սահակեանին պաշտպանում են նաեւ խորհրդարանում մեծութեամբ երկրորդ կուսակցութիւնը՝ «Ազատ հայրենիքը», եւ վերջին տասը տարիներին Արկատի Ղուկասեանին ընդդիմադիր համարուող Հ.Յ.Դ.ն, որը խորհրդարանում ունի մէկ պատգամաւոր: Եթէ որոշ փորձագէտներ նշում են, որ դրական իմաստով աննախադէպ երեւոյթ է, երբ նախագահի «միասնական թեկնածուին» պաշտպանում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր կուսակցութիւնները, ապա այլ փորձագէտներ դա համարում են քաղաքական անհեթեթ:
Նախագահի միւս երկու թեկնածուները Ազգային ժողովի պատգամաւոր Արմէն Աբգարեանն ու Կոմկուսի առաջնորդ Հրանդ Մելքումեանն են: Վերջինս աշխատում է ԼՂՀ կառավարութիւնում, հետեւաբար՝ անկախ կուսակցական պատկանելիութիւնից, չի կարող լինել ընդդիմադիր, թէեւ հարցազրոյցներում պնդում է, որ Արցախում միակ ընդդիմադիր ուժը հէնց Կոմկուսն է: Բացի այդ, Մելքումեանը երբեմն երեւում է Բակօ Սահակեանի նախընտրական հանդիպումներում: Արմէն Աբգարեանը Արցախում, շարքային քաղաքացիների շրջանում, թերեւս ամենայայտնի մարդկանցից է: Նա ութ տարի՝ 1992 թուականից ի վեր, զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանութեան փոխնախարարի պաշտօնը: Աբգարեանը նախընտրական քարոզչութեամբ բացարձակապէս չի զբաղւում, եւ չի բացառւում, որ վերջին պահին հանի իր թեկնածութիւնը:
Լրատուամիջոցների Կովկասեան հիմնարկի փորձագէտ Սերկէյ Մինասեանի կարծիքով՝ ԼՂՀ նախագահական ընտրութիւնները, եթէ ոչ ամբողջութեամբ, կարելի է համարել այլընտրանքային, քանի որ ի դէմս Մայիլեանի կայ իսկապէս այլընտրանք, եւ եթէ Բակօ Սահակեանին դիտարկենք «միասնական թեկնածուի» համաթեքսթում, ապա նրան այլընտրանք է Մայիլեանը:
«Ի հարկէ, կարելի է նաեւ ասել, որ այս ընտրութիւնները այլընտրանքային չեն, քանի որ հիմնական թեկնածուները իշխանական համակարգից են: Միւս կողմից՝ այն գործընթացը, որ ընթանում է Մայիլեանի դէպքում, ով ժամանակին քաղաքական էլիտայի մաս էր կազմում, եւ այն փաստը, որ նա այժմ ընդդիմութեան թեկնածու է, խօսում է այն մասին, որ Ղարաբաղի քաղաքական էլիտան կիսուել է, ինչը ես չեմ համարում բացասական քայլ: Դա խօսում է այն մասին, որ Ղարաբաղում կայանալիք յաջորդ ընտրութիւնների ժամանակ մենք իրականում գործ կ՚ունենանք իրական այլընտրանքի հետ», ասում է Մինասեանը:
Ե՛ւ Մինասեանը, եւ Սաֆարեանը նկատում են, որ Մայիլեանի համար շատ դժուար, գրեթէ անհնար կը լինի յաղթել Բակօ Սահակեանին, քանի որ վերջինս «միասնական թեկնածու» լինելուց բացի տիրապետում է նաեւ վարչական եւ ուժային աղբիւրների: Միւս կողմից՝ փորձագէտները ողջունելի եւ շատ առողջ են համարում Մայիլեանի պայքարի մէջ մտնելու վճռականութիւնն ու հաստատակամութիւնը: Սա այն դէպքն է, երբ ժողովրդավարութիւնը պարտադրւում է ոչ թէ դրսից, այլ ներքին գործընթացները երկիրը տանում են ժողովրդավարացման:
Լեռնային Ղարաբաղում անցկացուած ընկերաբանական հարցումները եւս ցոյց են տալիս, որ առաջիկայ ընտրութիւններում յաղթելու ամենամեծ հնարաւորութիւն ունի Բակօ Սահակեանը: Երեւանի «Սոցիոմեթր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբէկեանի երկու հարցումների համաձայն՝ ընտրութիւններում կը լինի մէկ փուլ, եւ Սահակեանը կը ստանայ քուէների մօտ 80 տոկոսը, այն դէպքում, երբ Մայիլեանի օգտին կը քուէարկի շուրջ 15 տոկոսը: Մայիլեանի նախընտրական գրասենեակը ընկերաբանական հարցումները համարում է պատուիրուած: Ի դէպ, Ադիբէկեանը հարցումներն անցկացրել է Արցախի ազատամարտիկների միութեան երիտասարդական թեւի հետ միասին, որը աշխուժօրէն զբաղւում է Սահակեանի նախընտրական քարոզարշաւով: