Մինչ ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում շարունակւում են Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնները, ազատագրուած տարածքներում մեր գիտնականներն ու հոգեւորականները երկրամասի հայկական պատկանելութեան մասին վկայող մէկը միւսից աւելի զգայացունց յայտնագործութիւնների հեղինակներ են դառնում։
Աւելորդ է անգամ մէկ առ մէկ ներկայացնել այն հարիւրաւոր եկեղեցիները, վանքերը եւ այլ յուշարձանները, որ արդէն յայտնաբերուել են ազատագրուած Քաշաթաղի ու Քարվաճառի (Շահումեան) տարածքներում։
Սակայն այս շրջաններում հայկական հոգեւոր-մշակութային կեանքի անընդմէջութեան մասին վկայող անշունչ յուշարձանները վերջերս իսկապէս շնչաւորուեցին ու սրբազնագործուեցին Դադիվանքի կամ Խութավանքի տարածքում յայտնաբերուած Սուրբ Դադիի մասունքներով։
Դրանով ապացուցուեց, որ Հայաստան այցելած Սուրբ Թադէոսի աշակերտներից Դադին իր մահկանացուն կնքել է հէնց այդ վանքում, ուստիեւ Դադիվանքը պատկանում է քրիստոնէական աշխարհի այն հնագոյն սրբավայրերի թուին, որոնք առաջին առաքեալների ու նրանց աշակերտների կողմից են ներառուել համաքրիստոնեական հոգեւոր-մշակութային տարածութեան մէջ։
Դադիվանքը նման սրբավայրի վերածուելու փաստը Արցախի ազատագրուած տարածքները դարձում է ոչ միայն հայ, այլեւ ընդհանրապէս ողջ քրիստոնեայ աշխարհը ներկայացնող ուխտաւորների ամենանուիրական վայրերից մէկը։ Եւ մտածել, որ Ատրպէյճանի կողմից «ալպանացուող» նման յուշարձանը երբեւէ կարող է վերադարձուել մէկ-երկու դար առաջ Արցախի լեռները բարձրացած խաշնարածների ժառանգներին, ուղղակի սրբապղծութիւն է։
Սենսացիոն յայտնագործութիւնների շարքը վերջերս Քարվաճառից տեղափոխուեց նախկին Աղդամի շրջանի տարածք, ուր պատմական գիտութիւնների դոկտոր Համլէթ Պետրոսեանի գլխաւորած հնագիտական արշաւախումբը բացեց Տիգրան Մեծի կառուցած Արցախի Տիգրանակերտի փառահեղ պատկերը։ Իր սպիտակ պարիսպներով, վաղ քրիստոնէական եկեղեցիով եւ քաղաքի միջնաբերդը շրջապատող ամրոցով այն եղել է Հայոց Արեւելից կողմանց հիմնական պատուարը։
Եւ պատահական չէ, որ հետագայում հէնց Տիգրանակերտի հողով ծածկուած աւերակների վրայ էր բարձրացել Արցախի հայութեան համար թուրք-ատրպեճանական սպառնալիքի խորհրդանիշ դարձած քոչուորական աւազակների որջը՝ Աղդամը։ Այսօր Աղդամը վերադառնում է «անէութեան գիրկը», իսկ նրա նախկին արուարձան Շահբուլաղի տարածքում կրկին հողից վեր են յառնում Տիգրանակերտի հոյակերտ պարիսպները։
Տիգրանակերտի պեղումները գալիս են վկայելու Արցախի տարածքում հայոց պետականութեան երկհազարամեայ գոյութեան մասին, ինչի շքեղ պարիսպների համեմատ քոչուորական Փանահ խանի յենակէտ Աղդամի երկդարեայ պատմութեան յուշարձանները ներկայումս սոսկ անկոչ հիւրերի թողած սովորական աղբակոյտ են յիշեցնում։ Նախկին ԼՂԻՄի արհեստականօրէն սեղմուած սահմաններից ազատուած եւ իր բնական գոյավիճակին վերադարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ողջ աշխարհին յիշեցնում է, որ Արցախ աշխարհը եղել է հելլենիստական մեծ մշակոյթի ու քաղաքակրթութեան արեւելեան պատուարը։
Աւելին՝ ներկայումս հայ եւ օտարազգի գիտնականների ջանքերով վերականգնւում է նաեւ ժամանակին Կուր գետի հիւսիսային ափերով մինչեւ Կովկասեան լեռնաշղթան ձգուած Աղուանից աշխարհի իրական պատմութիւնը, որի անունից քոչուոր թուրքերի ժառանգները այսօր փորձում են յաւակնութիւններ դրսեւորել հայկական տարածքների հանդէպ։
Սեպտեմբերի 3-5ին Երեւանում «Միտք» վերլուծական կենտրոնի եւ ԳԱԱ արեւելագիտութեան հիմնարկի ջանքերով կազմակերպւում է «Կովկասեան Ալպանիայի պետականութիւնը եւ նրա էթնօմշակութային ժառանգութիւնը» առաջին միջազգային գիտաժողովը, որը վերջնականապէս յստակեցնելու է, թէ ովքե՞ր են այսօր պատմական «Կովկասեան Ալպանիա» (հայկական աղբիւրներում՝ Աղուանք) պետութեան մէջ մտած ցեղերի էթնօքաղաքական իրաւաժառանգորդները։ Հիմնաւորուած գիտական զեկոյցներով հանդէս են գալու ոչ միայն հայ գիտնականները, այլեւ ժամանակին այդ բազմալեզու պետութեան մէջ մտած եւ այսօր էլ իրենց ֆիզիքական գոյութիւնը պահպանած կովկասեան ժողովուրդների ներկայացուցիչները։
Տաղստանում եւ նրան յարող լեզգիաբնակ ու աւարաբնակ տարածքներում ժամանակին հաստատուած «ատրպէյճանցիները» այսօր էլ կոչւում են իրենց եկուոր նախնիների՝ թիւրքական քոչուոր ցեղերի անուններով։ Այստեղ նրանք դեռեւս մուղալներ են (մոնղոլներ) կամ թարաքեամաներ (թուրքմէններ) ու դեռեւս չեն կազմաւորուել որպէս ժողովուրդ, որին 20րդ դարում միայն տրուեց «ատրպէյճանցի» էթնիքական անունը։ Այսպիսով, հաւաքուելով Երեւանում, հայկական Արցախին սահմանակից Կովկասեան Ալպանիայի էթնօմշակութային հնագոյն ժառանգութեան ժառանգորդ Տաղստանի գիտնականները, իրենց հայ, ռուս եւ եւրոպացի գործընկերների հետ միասին, վերջնականապէս վերականգնելու են Արեւելեան Կովկասի հնագոյն էթնօմշակութային պատկերը։
Դրանով ապացուցուելու է, որ հայկական կամ վրացական վանքերն ու եկեղեցիները «ալպանացման» միջոցով «ատրպէյճանականացնող» Պաքուի գիտնականները սովորական խաբեբաներ են։
Հնագիտական յայտնագործութիւնների եւ գիտաժողովների այս շարքը հսկայական եւ խիստ արժէքաւոր նիւթեր, փաստեր ու փաստարկներ է ապահովում մեր դիւանագէտներին ու քաղաքական գործիչներին՝ միջազգային ասպարէզում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, ինչպէս նաեւ թուրք-ատրպէյճանցիների կողմից դարեր շարունակ հալածուած արեւելեան Կովկասի միւս ժողովուրդների իրաւունքները։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Սեպտեմբեր 30, 2007