Իմ խորին համոզմամբ, գիտական նուաճումների պատմութեան մէջ 21րդ դարը արձանագրուելու է իբրեւ համակարգչային յեղափոխութեան դար, թէեւ UCLA համալսարանի փրոֆեսէօրներից դոկտ. Ալէն Քէյի կարծիքով, այդ յեղափոխութիւնը դեռ առջեւում է։ Համակարգչային համակարգի յեղափոխութեան արդիւնքը համարուող համացանցը աներեւակայելի արագութեամբ փոխեց եւ շարունակում է փոխել մարդկային զարգացման ուղին։ Ամէն օր ականատես ենք լինում այս յեղափոխութեան նորարարութիւններին, որոնցով հիանում ու կլանւում են ո՛չ միայն չափահասները, այլ մանաւանդ՝ պատանիներն ու աշակերտները։
Համակարգչային ու համացանցային յեղափոխութեան այս ալիքը վերջին տասնամեակում իր աննախընթաց տարածումն ունեցաւ մեր հայկական կեանքում։ Քայլ պահելով համացանցային կայքէջերի արագընթաց զարգացման հետ, ի յայտ եկան բազմահազար հայկական կայքէջեր՝ զանազան որոնման ծրագրերում (search engine)։ Միայն Google կոչուող որոնման ծրագրում տեղակայուած են հայութեանը վերաբերող շուրջ 15,200,000, Yahoo–ում՝ 20,600,000, Ask-ում 2,591,000 կայքէջեր, նիւթեր, տեղեկութիւններ ու յօդուածներ։ Բաւական է, որ որոնման ծրագրում անգլերէնով արձանագրէք հայկական (Armenian) բառը եւ մի ակնթարթում ձեր առջեւ կը բացուեն այդ նիւթերի ու կայքէջերի անունները։ Անձնապէս, ինձ մեծ ուրախութիւն պատճառեց, երբ այս տարի հայրենիք այցելելիս, Երեւանի գրախանութներում գտայ գիտական ու բացատրական բազմաթիւ գրքեր՝ համակարգիչների ու համացանցի վերաբերեալ։ Այդ շարքում յատկանշելի էին «Անգլերէն-հայերէն համակարգչային եզրերի բառարան»ը, որում ներկայացուած են շուրջ 10,000 եզր, Ռուբէն Թարումեանի «Զրոյցներ համակարգչի մասին» աշխատութիւնը, ինչպէս նաեւ Microsoft Windows-ի զանազան ինքնուսոյց ձեռնարկներ թէ՛ սկսնակների եւ թէ՛ արհեստավարժների համար։ Ինչպէս յայտնեցին պատասխանատուները, Հայաստանում գրեթէ ամէն տարի, հրատարակւում են տասնեակներով հայերէն տեղեկագրքոյկներ, գրքեր ու գիտաշխատութիւններ համակարգչային նորագոյն յայտնաբերումների ու համացանցային նորարարութիւնների մասին։
Հայկական կայքէջերում չափազանց հետաքրքրական ու ծաւալուն տեղեկութիւններ ու նիւթեր կան Հայաստանի ու հայ ժողովրդի պատմութեան, մշակոյթի ու լեզուի մասին, որոնք կարող են իրենց կարեւոր ազդեցութիւնն ունենալ ամերիկահայ աշակերտի գիտելիքների հարստացման ու հայեցի դաստիարակման վրայ։ Հայկական վարժարաններում յաճախ արծարծւում է այն հարցը, թէ ինչպէ՞ս կարելի է աւելի հետաքրքրական դարձնել հայերէն առարկաների դասաւանդումը մեր աշակերտների համար։ Արդիական ի՞նչ հնարաւորութիւններ կան հայ աշակերտին կապելու հայկական մշակոյթի եւ առհասարակ հայկական նիւթերի հետ։ Մանկավարժական, կրթական ու մեթոտաբանական ուղղութիւններում այսօր իր ուրոյն տեղն է հաստատել բարձր արհեստագիտութիւնը (High Technology), որի գիտական ու դաստիարակչական բազմաբնոյթ հնարաւորութիւնները դիւրութիւններ են ստեղծել ո՛չ միայն ուսումնական, այլ նաեւ դպրոց-աշակերտ-ծնող եռանկիւն կապերի արգասաբեր զարգացման ուղղութեամբ։
Հայոց պատմութեան, հայոց լեզուի եւ յարակից առարկաների դասաւանդման համար հայկական կայքէջերի օգտագործումը մեծապէս կ’օգնի հայ աշակերտի ո՛չ միայն մտքի զարգացմանը, այլ մանաւանդ՝ հայերէն առարկաների նկատմամբ հետաքրքրութեան ալիքի բարձրացմանը։ Փորձով գիտեմ, որ երեխաները հաճոյքով են կատարում դասարանային կամ տնային աշխատանք, երբ այն կապուած է լինում համակարգչի կամ համացանցի օգտագործման։ Օրինակ, տարրական մակարդակի դասարաններում Վարդանանց հերոսամարտի մասին ո՛չ միայն աշակերտները կարողանում են գտնել տեղեկութիւններ հայկական կայքէջերից, այլ նաեւ կարողանում են իրենց պատրաստած աշխատանքը զարդարել Վարդան զօրավարի եւ Վարդանանց հերոսամարտի գունաւոր նկարներով, որոնք աշակերտները դիւրութեամբ գտնում են Google-ի պատկերների (Images) զարմանահրաշ բաժնից։ Ուսուցիչը աւելի ծաւալուն աշխատանքներ կարող է յանձնարարել միջնակարգ դպրոցի աշակերտներին հայոց պատմութեան կամ գրականութեան ցանկացած նիւթի մասին։ Հայոց Ցեղասպանութեան մասին 1,520,000 նիւթեր են զետեղուած Google-ում, 3,280,000 Yahoo-ում։ Հայաստանում եւ Սփիւռքում գործող հայկական լրատուամիջոցների, ձայնասփիւռների, հետուստատեսութիւնների եւ մանաւանդ թերթերի մեծ մասն ունեն իրենց ուրոյն կայքէջերը, ուր կարելի է կարդալ, դիտել եւ լսել ամենաթարմ լուրերը, հաղորդագրութիւններն ու յօդուածները հայութեան մասին։ Այս բոլորը ուսումնասիրութեան հարուստ աղբիւրներ են բարձր դասարանների հայ աշակերտների դասարանային կամ տնային աշխատանքների համար։ Մնում է լուրջ ասշխատանք տանել հայերէնի դասարաններում համակարգիչն ու համացանցը ծրագրուած ներկայութիւն դարձնելու ուղղութեամբ։ Մեթոտաբանական տեսակէտից, դասաւանդումը արդիւնաւէտ դարձնելու համար անհրաժեշտ է, որ 50 րոպէանոց դասարանի առաջին 5-8 րոպէները տրամադրուեն Warm-up կոչուող դասարանային ամէնօրեայ վերաքաղի աշխատանքին։ Այդ 5-8 րոպէն աւելի հետաքրքրական դարձնելու համար, տեսալսողական սարքերից բացի, կարելի է օգտագործել նաեւ համացանցը։ Իսկ դասաւանդման մնացեալ րոպէներին, ուսուցիչներին յանձնարարւում է դասանիւթին համապատասխան համակարգչային սահիկներ ու նիւթեր ցուցադրել, օգտագործելով Pօwerpoint անուամբ հնարաւորութիւնը։ Այսպիսով, դասապահի գրեթէ կէսի յաջողութիւնը պայմանաւորւում է համակարգչի ու համացանցի ներկայութեամբ։
Ամերիկեան պետական դպրոցների ուսումնական ծրագրերում կարեւոր տեղ է յատկացուած բարձր արհեստագիտութեանը։ Պաշտօնական տուեալների համաձայն, մինչ 1997-98 ուսումնական տարեշրջանին Քալիֆորնիայի 8168 պետական դպրոցների միայն 55 տոկոսն է օժտուած եղել համացանցային համակարգով, 2001 թուականին Միացեալ Նահանգների կրթութեան նախարարութեան վիճակագրական համերկրային հաստատութիւնը յայտարարել է, թէ ամերիկեան բոլո՛ր պետական դպրոցների 99 տոկոսը դասարաններում ունի համացանցային համակարգ։
Ինչպիսի՞ն է վիճակը հայկական վարժարաններում։ Չնայած որ հայկական վարժարանները ամերիկեան կրթական համակարգում համարւում են մասնաւոր դպրոցներ եւ չեն ստանում նահանգային ու դաշնակցային յատկագումարներ, այնուամենայնիւ, ըստ տեղեկութիւնների, օժտուած են ամերիկեան պետական դպրոցներից ոչ շատ նուազ համակարգչային արդիական հնարաւորութիւներով, որոնք կարող են նաեւ մեծապէս նպաստել հայերէնը առաւել հետաքրքրական դարձնելու ուսումնական ծրագրերին։ Նկատի ունենալով, որ հայկական կայքէջերի արդիւնաւէտ օգտագործումը պայմանաւորւում է ուսուցչի ունեցած որոշակի հմտութիւններով ու վերապատրաստութեամբ, ուստի անհրաժեշտ է, որ տարրական, նախամիջնակարգ եւ միջնակարգ դասարանների մակարդակներով հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների համար կազմակերպուեն մասնաւոր աշխատանիստեր՝ այդ կայքէջերի եւ ընդհանրապէս բարձր արհեստագիտութեան նորարարութիւնների ծանօթացման ու ներկայացման վերաբերեալ։ Հաւատացած եմ, որ հայերէն առարկաներ դասաւանդող մեր ուսուցիչ-ուհիները հաճոյքով կ’ընդառաջեն վերապատրաստման նման միջոցառումների իրականացմանը, որոնք անշուշտ, պէտք է յարմարեցուեն ուսուցիչների աշխատանքային ծրագրի հետ եւ պատշաճաբար գնահատուեն այն ուսուցիչները, ովքեր իրենց ձեռք բերած համացանցային գիտելիքիները լայնօրէն կը կիրառեն դասարանում։
Ճրոֆ. Ալէն Քէյի բառերով, համակարգչային յեղափոխութիւնը դեռ առջեւում է։ Այլ խօսքով՝ բացուելիք հորիզոնները դեռ աջեւում են։ Յուսանք, որ այդ հորիզոնները իրենց արգասաբեր անդրադարձները կ’ունենան նաեւ մեր երեխաների կրթական կեանքում։
Սեպտեմբեր 1, 2007, Կլէնտէյլ