ԼԻԼԻԹ ՔԷՀԷԵԱՆ

Կան գրողներ, որոնց գրականութիւնը գերյագեցած է մօտայիկ թէմաներով (արդիական նիւթեր), գինարբուքի, կիսազգայական, անկողնային տեսարաններով, հայրենասիրական պատումներով, որոնք թէպէտ հասանելի են շատերին եւ դրանով պայմանաւորուած ընթերցողների մեծ լսարան են ապահովում, սակայն որպէս ասելիք ունեն ոչ թէ միտք բանին, այլ մասինը։ Ահաւասիկ, դրանով իսկ հաստատւում է այն ճշմարտութիւնը, որ ոչ թէ մարդի՛կ են ընտրում-առանձնացնում անունները, ոչ թէ մարդկանց գնահատականնե՛րն են հեռագնայ ճամբայ հարթում նրանց համար, ովքեր անջնջելի հետք են թողնում գրականութեան եւ արուեստի ազնիւ երկնակամարում, այլ ժամանակը։ Մեծ ու անկաշառ ժամանակը, որ ովկիանոսի նման օժտուած է ինքնամաքրման առանձնաշնորհով։
Ահա այսպիսի մտորումների առիթ է տալիս Սարգիս Վահագնի գրականութեան ընթերցումը։ Եւ, ոչ միայն մենք, այլ նաեւ (ու յատկապէս) գալիք սերունդները անպայմանօրէն կը գնահատեն նրա վաստակը, քանզի ժամանակի հեռաւորութիւնից արժէքները աւելի իրական ու լաւ են երեւում։
Սարգիս Վահագնը արեւմտահայ գրականութեան եռանդուն մշակներից է, որ տարիների մեղուաջան աշխատանքով է ստեղծել իր գրականութիւնը։ Նա մեր ժամանակի այն սակաւաթիւ գրողներից է, որի ստեղծագործութիւնը որոշակի գրական սկզբունքների, մտածելակերպի, իւրօրինակ հոգեկան խռովքների լեզուամտածողութիւն է՝ գեղեցիկ հայերէնով։
Նախաեղեռնեան շրջանի արեւմտահայութեան զանգուածի, մասնաւորապէս պոլսահայութեան կեանքը յայտնի է մեզ՝ շնորհիւ մեր դասական գրողների բարձրարուեստ գործերի։ Ետեղեռնեան ժամանակաշրջանը իր անդրադարձն է գտել սփիւռքահայ գրողների, ժամանակակիցների յուշագրութիւնների, վերջապէս պատմական աշխատութիւնների էջերում, բայց ոչ այնպիսի լայնքով ու խորքով, որպիսին նախորդ ժամանակաշրջանի իրականութեան գեղարուեստական արտացոլումն է։
Այս առումով Սարգիս Վահագնի արձակը (ի թիւս մի քանի ուրիշների) ընդարձակում է ընթերցողի իմացութեան շրջանակները։ Գրողն, ըստ էութեան պատմում է իր ապրած կեանքը՝ մանկութեան, պատանութեան, երիտասարդական ու հասուն օրերի մասին, լիբանանեան եւ ամերիկեան միջավայրի ընդարձակ համայնապատկերի վրայ։ Յաճախ հեղինակն ինքն է իր գրքերի հիմնական գործող անձը, բայց իրականում դա մի ամբողջ սերնդի հարուստ տարեգրութիւն է, բեկուած մէկ անհատի՝ հեղինակի կեանքի պրիզմայով (պրիսմակ)։
Վահագնը կարողանում է առանց ճիգ ու ջանքի շաղկապել տարիների հեռուն եւ այսօրը, պատանեկան, երիտասարդական անխառն ընկալումները կամրջել հասուն գեղագէտի խորիմաստ դատողութիւններին․ մի բան, որը շարունակ ընթերցողին յիշեցնում է մարդու ճակատագրով տագնապած քաղաքացի-արուեստագէտի առկայութիւնը, լսելի դարձնում հեղինակի սրտի անհանգիստ զարկերը։
Բարոյական ժառանգութեան եւ հոգեւոր լիցքի ի՛նչ անչափելի պաշար է թողել հեղինակի վրայ Լիբանանը, որ հին ժամանակներից վերցրած նիւթը յղացուել է որպէս մաքուր լիբանանեան տեղանքի քարտէզագրութիւն, բնակիչների հաւաքատեղի, նրանց որպէս դեռ չխանգարուած, չխաթարուած շնչառութիւն։
Ճակատագրի բերումով հայրենի հողից հեռու գտնուող մարդու համար կարօտաբաղձութիւնն իր մէջ ամփոփում է հոգեկան անքակտելի կապուածութիւնն իր արմատներին, իր ժողովրդի անցեալին ու ներկային, իր լեզուին ու մշակոյթին։ Հեղինակի «Տագնապը» ժողովածոյի «Միւսը» պատմուածքում՝ Անի քաղաքի Պահլաւունեաց իշխանական մեծանուն տոհմից սերուած հայրը երազում էր, որ որդին դառնայ փաստաբան՝ արժանի մասնագիտութիւն մեծանուն տոհմի շարունակողին։ Բայց․․․ այլ էին հերոսի՝ Սամսոն Առաքելեանի մտածումները, քանզի ինքն էլ չգիտէր, թէ ինչպէս էր իր մէջ ապրում մի այլ Սամսոն Առաքելեան․․․ այն «միւսը»։ Ահա թէ ինչ է գրում հեղինակը․ «Բայց յանկարծ փոխուեցաւ ամէն բան։ Ախթամարը փրկեց զիս։ Վանայ լիճը երբ երկինքի անհուն կապոյտը գրկած յանկարծ ժպտեցաւ ինծի, մոռցած ամէն զգուշութիւն ու վերապահութիւն, ոտաբոպիկ ու մանկացած մտայ ջուրը։ Թանկագին հարազատի մը համբոյրը զգացի այտերուս։ Երեսներս լուացի կապոյտ զովութեամբ եւ արտահոսող, անզուսպ արցունքներս պարտկեցի դէմքիս ցօղուած ջուրերով»։ Առեղծուա՞ծ էր սա, գուցէ ցնո՞րք․․․ բայց ո՛չ․․․ Ո՛չ մէկը եւ ո՛չ էլ միւսը։ Սա պարզապէս արմատների կանչն էր խօսում Վահագնի հերոսի մէջ՝ առեղծուածային, ցնորական երազի պէս։
Սարգիս Վահագնի գործերի ճնշող մեծամասնութիւնը տոգորուած է օտարութեան մէջ ապրող հեղինակի անխառն հայրենասիրութեամբ, մի հայրենասիրութիւն, որ խորն է ու տենչալից, բայց ո՛չ ճչացող, լի է կարօտի մրմուռով, բայց ո՛չ ցուցադրականութեամբ։ Դա մի բնական զգացում է, որն անկախ ժամանակից ու տարածութիւնից, շարունակ խլրտում ու ալեկոծում է մայր հողից հեռու գտնուող բոլոր հայորդիների հոգիները։
Պանդխտութեան ու հայրենասիրութեան թեման միշտ ուղեկցել է հեղինակին՝ արտայայտելով օտարութեան մէջ ապրող հայի ամենամաքուր, ամենանուիրական ապրումները։ Հեղինակի հերոսների ոգին ալեկոծում է տարագրութեան դառնութիւնն ու կարօտաբաղձութիւնը՝ մարդկային մի բարձր ու առաքինի զգացում։
«Տաղ վասն որոնման եւ գոյնի» պատմուածքում, որ տեղ է գտել Վահագնի «Մատանիներ» գրքում, իսկ յետագայում նաեւ այլ ժողովածուներում, արձակագիրը հոգեբանի բնորոշ հմտութեամբ ընթերցողի առջեւ բացում է իր հերոսի ներաշխարհը՝ տառապող մարդուն։ Անզուգական են հեղինակի ցաւի ու երազի ելեւէջների բազում նրբերանգների նկարագրումները՝ իր հերոսի ինքնութիւնը, տեղը գտնելու ու հաստատելու որոնման տառապանքում։ Բերենք մի օրինակ պատմուածքից․ «Յետոյ գացին տեսան մեր վանքերը կանգուն կամ աւերակ։ Տեսան ծաղկած քարերուն համանուագը խօսուն, պատմող, երգող, լացող քարերը սրբատաշ, քանդակները պտղած։ Արման օրերով զրոյցի նստաւ անոնց հետ, սիրտ տուաւ անոնց ու սիրտ առաւ անոնցմէ։
«Էն վերջը գացին Մատենադարան։ Արման դարձուց դարերու փոշիէն տժգունած մագաղաթեայ էջը եւ թերթը մատներուն տակ բռնկեցաւ մէկէն․ գոյներու հրավառութիւն կար հոն, մեր մանրանկարչութի՛ւնը։ Լոյս ու ժպիտ կար դէմքին։ Այն լոյսը, զոր ի զուր փնտռեր էր փարիզեան մայթերուն վրայ եւ թանգարաններուն մէջ։
«Ու երբ դուրս կ՛ելլէին Մատենադարանէն, բարձրադիր սանդղամատերուն վրայ կանգ առաւ Արման։ Առջեւը մայրամուտի ոսկեփոշիներու մէջ կը լողար նոր Երեւանը։ Կարմիրը՝ մեր հերոսական պապերուն արիւնն էր, կապոյտը՝ մեր երազանքն էր, ոսկին՝ մեր արտերու հասկերունն էր, կանաչը՝ մեր կտրիճներուն դալարն էր ու վարդագոյնը՝ հայ հարսներուն շիկնանքն էր։ Ու բոլո՜րը, բոլո՜րը նոր ու տաք՝ ինչպէս արեւը հայրենի»։
Արշիլ Կորքու կենսագրութիւնն արծարծող երկու կամ երեք օտարալեզու գրքեր են լոյս ընծայուել, իսկ հայերէն լեզուով շատ չնչին տեղեկութիւններ են մեզ հասել նկարչի կեանքի, գործի մասին։ Դրանց հիման վրայ ստեղծել ծաւալուող, ճիւղաւորուած գործողութիւններով կենսագրական վէպ, թուում էր անհնար։ Սակայն Վահագնը իր արտակարգ երեւակայութեամբ հիւսել է բազմամասնեայ, բովանդակալից, հոյակապ մի պատմութիւն՝ հաւաստիութիւն հաղորդելով։ Անցեալից մնացած անուններին, փաստերին գումարւում են յօրինուած դէմքերն ու դէպքերը, փոխյարաբերութեան մէջ մտնելով իրար հետ, հաւաստին լրացւում, ամբողջացւում է վէպի ներքին տրամաբանութեամբ թելադրուող գեղարուեստական գոյացութեամբ։ Իր այս վէպով արձակագիրը վկայում է, որ գեղեցիկն իբրեւ ստեղծում հակադրւում է աւերումին, իբրեւ կեանք՝ հակադրւում է մահուանը եւ սա է մարդկային գոյութեան իմաստը։
«Արշիլ Կորքի» վէպը մի հիանալի կոթող-յուշարձան է նուիրուած մեծն նկարչին, մանաւանդ, որ այն լոյս է տեսել նկարչի 100ամեայ յոբելեանի օրերին։
Հեղինակի մի այլ՝ «Հաճը՜նը Սիրուն» վէպում առկայ է մի անսահման ու նուիրական կարօտ դէպի երկիրը նախնեաց, որ պահպանելով հպարտութիւնն ու հոգու գեղեցկութիւնը, իրենց հերոսական հայեացքներն յառեցին յաւերժութեանը եւ մեզ աւանդեցին պատմական այն արժէքները, որ սերունդների ոգու մէջ ներարկուեց որպէս անցեալի յուշ, որպէս դարերից եկող տոհմականչ։ Նրա արձակի կենդանի ու գունեղ ոճը տեսանելի լինելու չափ իրական ու շօշափելի է դարձնում գործող հերոսներին։ Կարդում ենք Վահագնին եւ ահա մեր առջեւ են նրա հերոսները՝ մարդիկ, ովքեր ապրել են ազնուօրէն, աշխատել, սխրանքներ գործել եւ նահատակուել՝ անձնազոհ կերպով։
Ընդհանրապէս գրողի բարոյական դիրքորոշումը այն չէ, թէ ինչպիսի ճշմարտութիւններ է արտայայտում եւ ինչպիսի պատրաստի պատասխաններ է տալիս, այլ թէ ինչպիսի հարցեր, ինչպիսի խնդիրներ է նա բարձրացնում։ Սարգիս Վահագնը այս վէպում երեւոյթները դիտում է պատմական տեւողութեան մէջ, երբ նրանք արդէն եղել են, բայց արթնանում են որպէս յուշ, երբ արդէն կատարուել են, բայց իրենց դրոշմն են դրել իր կենսագրութեան վրայ։ «Հաճը՜նը Սիրուն»ը ժանրային առումով իր մէջ խտացրել է ոչ միայն վէպի, այլ նաեւ վերյուշի տարրեր։ Այն նաեւ ունի բառապատկերային հարուստ համակարգ։ Վէպը զուտ պատմական գեղարուեստականացում չէ, այն ամէնից առաջ (ինչպէս եւ «Արշիլ Կորքի»ն) յուշարձան-կոթող է նուիրուած Լեռնային Կիլիկիայի, Ատանա նահանգի հիւսիսում գտնուող Հաճըն քաղաքին, այն նաեւ մարդու ներքին վիճակների, ապրումների, հոգեկան աշխարհի պատմութիւնն է։
Վէպը գրուած է նաեւ գալիքի մտահոգութեամբ, սերունդների մէջ հայրենասիրութիւն, հարկ եղած դէպքում նաեւ անձնազոհութիւն սերմանելու, մարդուն մարդ պահելու մտահոգութեամբ։
Ուրիշ առիթներով նշել ենք արդէն, որ Սարգիս Վահագնի գրչին բնորոշ են նաեւ նուրբ հիւմորն ու լեզուական կուլտուրան (ճաշակ), այդուհանդերձ, դժուար է սպառել Սարգիս Վահագնի գրական վաստակը, արձակի արժանիքներն ու նշանակութիւնը, մի քանի րոպէների սահմաններում, բայց նշենք ամենակարեւորը․ առանց կեցուածքամոլութեան ու մեծադղորդ խօսքերի, ընդգծենք, որ Վահագնի գործերում առանձնանում է իր՝ հեղինակի, գրող-արձակագրի կերպարը, որն ապրում է ազնիւ, ճշմարիտ մտահոգութիւններով։ Նրա գրականութիւնը հարստացնում է ազնիւ մի բարեկամութեամբ, բարեկամութիւն, որ ընթերցողին կամրջում է իր գրքերի հերոսներին, ստիպում նոր լոյսի տակ դիտել մեր կեանքը, մեր առօրեան, մեր հոգսն ու հեւքը, առողջ արեան թրթիռը։
Բարեբախտութիւն եմ համարում, որ մօտիկից եմ ճանաչում հեղինակին, գիտեմ ու կարդացել եմ նրա գրականութիւնը, որի ընթերցումը միշտ էլ ճանաչողական, գեղարուեստական հաճոյք է ինձ համար, եւ ես ամէն անգամ վերալիցքաւորւում եմ առընչուելով նրա չքնաղ ստեղծագործութեանը, քանզի Սարգիս Վահագնի գրականութիւնը հանապազօրեայ հացի նման կարեւոր ու անհրաժեշտ է հոգեւոր քաղց զգացողների համար։