
Ն. ՃԱՐՏԱՐ
Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը Հոկտեմբերի 19ին, առաջնորդարանում ընդունեց «Կոմիտասի Հետ» (Komitas Hour) համերգի ստեղծագործական խմբի անդամներին: Միջոցառման կազմակերպիչներն են «Հայկական Մանկական Փառատօն» (Armenian Kids Festival) նախաձեռնութեան հիմնադիրներ Նանէ Աւագեանն ու Նելլի Ղուկասեանը, գեղարուեստական ղեկավար Վարդգէս Բարսեղեանը, մեներգիչ Էդգար Խաչատրեանն ու դաշնակահարուհի Արմինէ Ղազարեանը. նրանք սրբազանին եւ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանին ներկայացրեցին համերգի մանրամասները:

«Մեր ազգի գոյապայքարի այս ծանր փուլում, կարեւոր ենք համարում մեր մշակութային արժէքների շուրջ համախմբումն ու միասնական ջանքերով մարտահրաւէրների յաղթահարումը: Այս մտայնութեամբ առաջնորդուելով է, որ որոշեցինք կազմակերպել միջոցառում՝ նուիրուած մեր ինքնութեան կերտողներից՝ մեծն Կոմիտաս Վարդապետին: Նա ստեղծագործեց մեր ազգի համար չափազանց ծանր ժամանակներում՝ ժառանգելով դէպի յաւէրժութիւն մեր ազգի բանաձեւը: Այսօր, մեր պատասխանատուութիւնն է տէր կանգնել այդ ժառանգութեանն ու փոխանցել սերունդներին: Մենք հաւատում ենք, որ միայն ինքնաճանաչման ու ինքնագնահատման միջոցով կարող ենք սահմանել ապագայի նպատակներ ու զարգացման ուղենիշներ: Այդ առումով, Կոմիտասը մեզ տրամադրել է անգնահատելի շտեմարան՝ փոխանցելով մեր հազարամեակների մշակոյթում ամփոփուած բանաձեւեր, որից պէտք է օգտուենք ու գործենք միասնաբար», նշեց Աւագեանը՝ ընդգծելով Սփիւռքում իրականացուող հայապահպանման ծրագրերում առաջնորդարանի աջակցութեան կարեւորութիւնը:
Ղուկասեանն ընդգծեց, որ համաշխարհայնացման եւ արհեստագիտական արագ զարգացման պայմաններում, նոյնիսկ մեծ մշակոյթներն ինքնութեան կորստի սպառնալիքի առաջ են, աւելացնելով. «Հայերի դէպքում, դրան աւելանում է նաեւ ֆիզիկական բնաջնջման վտանգը, որ առաւել զգալի է այսօր: Եւ այս իրավիճակը հրամայական է դարձնում, որ մենք ամէն ջանք գործադրենք պահպանելու մեր մշակոյթը, որտեղ ամփոփուած են նաեւ մեր յարատեւման ծածկագրերը»:
Մանկական փառատօնի հիմնադիրներն ընդգծեցին, որ Կոմիտասին անդրադառնալու միտքն առաջացել է Ապրիլի 2ին Գլենդելում կայացած «Ծաղկազարդ» փառատօնին, որ իրականացաւ Արեւմտեան թեմի հովանաւորութեամբ: Հայ մանուկների համար առաջին փառատօնը Կալիֆորնիայում վկայեց, որ մեր նոր սերունդների համար կենսական են նման ձեռնարկները՝ մանուկներին ընկալելի միջոցներով հայ մշակոյթին ծանօթացումը:
Բարսեղեանն անդրադարձաւ հայկական դասական երաժշտութեան նկատմամբ հանրութեան մեղմ ասած անտարբեր վերաբերմունքին։
Սրբազանը նշեց, որ հիմնական պատճառներից մէկն է մշակութային բարձր արժէքներից անտեղեակութիւնը: «Դժբախտաբար հանրային հոսանք կայ, որ տարուած է այնպիսի երաժշտութեամբ, որ հայութեան հետ կապ չունի, խորք, արմատ չունի: Անցեալում էլ նոյնն է եղել: Երբ Կոմիտասն առաջին անգամ Էջմիածնի Մայր տաճարում Ս. պատարագը դաշնամուրով ներկայացնում է, ժողովուրդը չճանաչելով Կոմիտասին, բողոքի ալիք է բարձրանում: Քառաձայն երգուող մեր պատարագը, որը որպէս երաժշտական ստեղծագործութիւն էլ բարձրարժէք է՝ մեր սրբութեան սրբոցն է, եւ համաշխարհային մեծ ճանաչում ունի ու սիրուած է աւելի շատ օտարների կողմից», մտահոգութիւն յայտնեց սրբազանը՝ ընդգծելով, որ այս իրականութիւնը փոխելու համար անհրաժեշտ է հետեւողական, ուշադիր եւ աչալուրջ կերպով պայքար տանել, եւ այդ առումով բարձր գնահատեց Կոմիտասին նուիրուած նախաձեռնութիւնը: «Ես գնահատում եմ ձեր մօտեցումը, որ ցանկանում էք ներդրում ունենալ այդ պայքարում, եւ որովհետեւ դիւրին չէ. պէտք է հնարաւորինս շատ առիթներ ստեղծել հայ մշակոյթի նկատմամբ սէր, հետաքրքրութիւն, եւ գնահատանք առաջացնելու համար», աւելացրեց առաջնորդը եւ իր աջակցութիւնը յայտնեց համերգի ստեղծագործական խմբի անդամներին:
Խօսելով համերգի ծրագրի մասին՝ կազմակերպիչները նշեցին, որ փորձ է արուել Կոմիտասին ներկայացնել նոր լոյսով եւ նրա իրական, առաւել կենսուրախ պատկերը ցոյց տալ: Նշուեց, որ ընտրուել է բացառիկ ձեւաչափ՝ Կոմիտասը ներկայացուելու է մի քանի ժանրերում՝ երաժշտական քառեակի, մեներգիչի, մանկական երգչախմբի եւ բալետային կատարումների միջոցով, եւ այն նախատեսուած է տարբեր տարիքի հանդիսատեսի համար: Միաժամանակ, պաստառին ցուցադրուելու են յատուկ համերգի համար ստեղծուած տեսանիւթեր՝ Կոմիտասի արխիւային լուսանկարների, նրա ուղերձների եւ անձամբ իր կատարումների համադրութեամբ: Համերգի առանձնայատկութիւններից է նաեւ այն, որ մասնակից բոլոր երաժիշտները ճանաչուած եւ մրցանակակիր արուեստագէտներ են, ովքեր բազմիցս Կոմիտասին ներկայացրել են նաեւ միջազգային հեղինակաւոր բեմերում: Համերգին մասնակցելու է նաեւ ՀԲԸՄի «Նորարարական ստուդիա»ն, որ Կոմիտասին կը ծանօթացնի նաեւ նորարարութիւնների միջոցով: Կազմակերպիչները նշեցին, որ համերգից ստացուած հասոյթից բաժին է յատկացուելու Արցախի մեր հայրենակիցների աջակցութեանն ուղղուած ջանքերին:
«Համերգի տոմսերը, հաշուի առնելով ձեւաչափն ու ներգրաւուած երաժիշտներին, բաւական մատչելի են. սա արուել է հնարաւորութիւն ընձեռելու բոլոր ցանկացողներին մասնակցելու: Այս առումով, ակնկալում ենք մեր համայնքի աշխոյժ մասնակցութիւնը՝ միասնաբար տօնելու մեր մշակոյթը, մեծն Կոմիտասին», նշեցին կազմակերպիչները: Ստեղծագործական խմբի անդամները ստացան առաջնորդին օրհնութիւնն ու համերգին հովանաւորութիւնը:
Համերգը տեղի է ունենալու Նոյեմբեր 15ին, «Վաչէ եւ Թամար Մանուկեան» արուեստի կենտրոնում, եւ տոմսերը կարելի է ձեռք բերել կայքէջից:
Համերգի մասին առաւել տեղեկութիւններ կարելի է ստանալ համերգի հարթակից (Instagram-komitashour), որտեղ կարելի է նաեւ ծանօթանալ Կոմիտասի կեանքի յայտնի եւ անյայտ էջերին: