Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նուագախումբը, գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Էդուարդ Թօփչեանի ղեկավարութեամբ, համերգներով հանդէս կը գայ Յունաստանում, ԱՄՆում եւ Կանադայում:
Հիւրախաղերը նուիրուած են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի 120ամեակին եւ իրականացւում են ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ:
Համերգները կը կայանան հետեւեալ հեղինակաւոր համերգասրահներում` Նոյեմբերի 12ին Աթէնքի Megaron համերգասրահում, Նոյեմբերի 13ին` Սալոնիկի համերգասրահում, Նոյեմբերի 15ին` Նիւ Եորքի «Քարնեգի Հոլ»ում, Նոյեմբերի 17ին` Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն Հոլ»ում, Նոյեմբերի 19ին` Մոնրէալի սիմֆոնիկ երաժշտութեան համերգասրահում (La Maison Symphonique), Նոյեմբերի 21ին` Բոստոնի «Սիմֆոնիկ Հոլ»ում:
Ծրագրում ընդգրկուած է Արամ Խաչատրեանի Ջութակի կոնցերտը, հատուածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիւ 3 կոնցերտը եւ Սիմֆոնիա թիւ 5ը:
Համերգների մենակատարներն են համաշխարհային մեծ համբաւ ունեցող հայ երաժիշտներ դաշնակահար Սերգէյ Բաբայեանը, ջութակահարներ Սերգէյ Խաչատրեանը եւ Անուշ Նիկողոսեանը, դիրիժոր` Էդուարդ Թօփչեան:
Նոյեմբերի 21ին Բոստոնի «Սիմֆոնիկ Հոլ»ում կայանալիք համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասոյթը որպէս մարդասիրական օգնութիւն կ՛ուղղուի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած հայերի աջակցութեանը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի (յարձակման) հետեւանքով: Համերգի աջակիցներն են Pan Armenian Council of New England, AGBU New England District-ը, Armenian Relief Society, Friends of Armenian Cultural Society, YerazArt հիմնադրամը եւ Tekeyan Cultural Association:
Յունաստանում կայանալիք համերգներն իրականացւում են Յունաստանում ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նուագախումբը հիմնադրուել է 1925 թ.ին: Գրեթէ 100ամեայ այս նուագախումբն ունի հարուստ երաժշտական աւանդոյթներ ու պատմութիւն: Հանդէս է եկել բազում անուանի դիրիժորների (խմբավարներու) ու երաժիշտների հետ, աշխարհի տարբեր հեղինակաւոր համերգասրահներում: 2000 թ.ից նուագախմբի գեղարուեստական ղեկավարն ու գլխաւոր դիրիժորն է Էդուարդ Թօփչեանը, ում օրօք նուագախումբը գրանցել է բարձր կատարողական մակարդակ եւ ամէնուրեք արժանացել հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականին:
(Հաղորդագրութիւնը՝ Միացեալ Նահանգներու մէջ Հայաստանի դեսպանատունէն)