Մաշկի ճիշդ խնամքը եւ գեղագիտական միջամտութիւնները կարող են դանդաղեցնել ծերացումը եւ մաշկը ձգուած պահել: Ժամանակակից կոսմետոլոգիան (գեղագիտութիւնը) արագընթաց զարգանում է եւ առաջարկում երիտասարդացման աւելի ու աւելի արդիւնաւէտ միջոցներ: Թէ ինչպիսի ներարկում կամ միջամտութիւն է անհրաժեշտ ձեր մաշկին` կ՛ասեն մասնագէտները. մենք ստորեւ միայն նշում ենք դրանց առաւել տարածուած տեսակները.
ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՈՒԻ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ. Ուղղուած են դէմքի ուրուագիծը շտկելուն, կնճիռները եւ ծալքերը վերացնելուն: Հիալուրոնաթթուն ոչ միայն քսուկների եւ շիճուկների ակտիւ (աշխուժ) բաղադրիչ է, այլ նաեւ մաշկի հիւսուածքի մաս, որն արտադրւում է մարդու օրգանիզմում: Ներարկումներն օգնում են վերականգնել բնական շերտը:
«ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ». Այս մեթոդի (միջոց) էութիւնն այն է, որ մաշկի որոշակի շրջաններ ցածր չափաբաժնով ներարկւում են վիտամիններ (կենսանիւթ), բուժիչ մզուածքներ եւ սննդարար նիւթեր: Արդիւնքում բարելաւում են մաշկի նիւթափոխանակութեան գործընթացները եւ արագանում բջիջների նորացումը:
«ՔԻՄԻԱԿԱՆ ՊԻԼԻՆԳ». Առաւել տարածուած տեսակը «գլիկոլային պիլինգ»ն է, որն անցկացնելուց յետոյ կնճիռները հարթանում են, բարելաւում է մաշկի գոյնը: Երիտասարդացման այս միջոցն առաւել անվտանգ է, անցաւ եւ երկարատեւ վերականգնում չի պահանջում: Միջուկային պիլինգի միջոցով հնարաւոր է ձերբազատուել մաշկի անհարթութիւններից եւ սպիներից, որոնք մնում են կորեակներից եւ բշտիկներից յետոյ: Սակայն այս միջամտութիւնը շատ աւելի լուրջ է եւ պահանջում է երկարատեւ նախապատրաստում:
«ՖՕՏՈԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ». Այս մեթոդն առաւել արդիւնաւէտներից մէկն է: Այս միջամտութեան ընթացքում լուսային իմպուլսային (զարկով) հոսանքն ազդում է խնդրայարոյց հատուածներին, ինչը թոյլ է տալիս վերացնել մանր կնճիռները, բարելաւել մաշկի գոյնը, հեռացնել գերպիգմենտաւորուածութիւնը (գերգունարկութիւն) եւ վերացնել անօթային գոյացութիւնները: Վերականգնւում են կոլագենի եւ էլաստինի արտադրման գործընթացները: Նկատելի արդիւնքի հասնելու համար անհրաժեշտ է անցկացնել առնուազն 3 այսպիսի միջամտութիւն:
ԴԷՄՔԻ ՄԱՇԿԻ «ՌԱԴԻՕՖՐԱԿՑԻՈՆ» ՅՂԿՈՒՄ.Միջամտութեան հիմքում ընկած է «միկրոէլեկտրոդ»ների գործունէութիւնը վերնամաշկի միջով էներգիայի (ուժ) անվտանգ փոխանցմամբ։ Արդիւնքում ձեւաւորւում են շատ մանր՝ «միկրոդերմալ» վնասուածքներ, որոնք ապաքինւում են բնական ձեւով։ Դրա շնորհիւ վերականգնւում է մաշկային հիւսուածքի թերութիւններն ու անհարթութիւնները:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆՈՂ ՄԵՐՍՈՒՄ. Մաշկի խնամքի ամենաւաղ բացայայտուած արդիւնաւէտ միջոցներից է, ինչը հնարաւոր է անցկացնել նաեւ տնային պայմաններում: Գրագէտ մերսումը ոչ միայն խթանում է արեան շրջանառութիւնը, այլ նաեւ օգնում մկանային հիւսուածքների վերականգնմանը: