Սիրելի «Ասպարէզ», սիրով ուղարկում եմ հետեւեալ նիւթերը որպէս նուէր ձեր լրագրի յոբելեանին:
Մեծ է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աջակցութիւնն իմ պապին իր կենդանութեան օրօք, չնայած որ նա անկուսակցական էր: Իսկ մահուանից յետոյ կուսակցութիւնը միշտ սատար է եղել նրա գրական արխիւի հրատարակմանը:
Թող իմ յօդուածը փոքրիկ տուրք լինի մեր ազգային կուսակցութեանը, իսկ Լեռ Կամսարի օրագրութեան մի պատառիկն էլ նուէր լինի ձեր ընթերցողին, որն առաջինը կը կարդայ այս անտիպ տողերը, քանի որ հրատարակւում է առաջին անգամ (*):
Այս օրագիրը ստալինեան դժոխային ժամանակահատուածում թաղուած է եղել հողում: 1946թ.ի ջրհեղեղը բաւականին աւերել է ձեռագրերը: Մի մասը ոչնչացել է, իսկ մնացեալն էլ բաւականին վնասուել է: Մեծ ջանք է պահանջւում այդ բոլորը վերծանելու համար: Յաջորդ տարի, երգիծաբանի 120ամեակի կապակցութեամբ պատրաստւում եմ լոյս ընծայել օրագրութեան 1925ից 35 թուականները, այսինքն մինչեւ հեղինակի բռնադատուելը: Գիրքը կը կոչուի «Մահապուրծ օրագիր», քանզի ոչնչացումից հազիւ է պրծել: Երկու անգամ փրկուել է Չեկայի խուզարկումից, հեղեղն է փճացրել, մկներն են կրծոտել գետնի տակ եւ այլ «զուլում»ներ: Էլ չեմ ասում, որ կոմունիստների օրօք անընդհատ թաքստոցից թաքստոց էինք փախցնում արխիւը փրկելու համար:
Գիրքը հէնց տպուեց, անպայման ձեզ բոլորիդ նուէր կ’ուղարկեմ, քանզի դուք նոյնպէս ձեր բարի ներդրումն ունէք այդ գործում:
Բացի իմ կողմից հրատարակուող այս պրակից, միւս տարի պետպատուէրով լոյս աշխարհ կը գայ նաեւ հեղինակի «Խաղք ու խայտառակ աշխարհ» գիրքը:
Մէկ ուրիշ հատոր էլ պատրաստում է «Ազգ»ի խմբագրութիւնը, եթէ միայն հովանաւոր գտնի:
Այնպէս որ, Լեռ Կամսարի 120ամեակին բաւականին անտիպներ կը հրատարակուեն՝ յուրախութիւն իր ընթերցողների: Թող պատրաստ լինեն լիաթոք ծիծաղելու եւ միաժամանակ անասելի թախծելու այս անարդար հալածուած ու չարչրկաւած հեղինակի հետ:
Միշտ ձեր՝
ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍԵԱՆ
(*) «Ասպ».- Նամակագրի մատնանշած անտիպ օրագրութենէն բաժին մը պիտի հրատարակուի մեր թերթի «Կանթեղ» գրական էջի 22 Սեպտեմբեր թիւով: