ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները նախապատրաստում են Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների նոր հանդիպումը, որը նուիրուած կը լինի ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցերին։ Ինչպէս յայտարարեց ամերիկեան համանախագահ Մէթիու Պրայզան, Ռոպերթ Քոչարեանը եւ Իլհամ Ալիեւը, ինչպէս սպասւում է, կը հանդիպեն յառաջիկայ Նոյեմբերին։ Եր՞բ եւ որտե՞ղ՝ դեռ յայտնի չէ։
Ամերիկեան դիւանագէտը, սակայն, հանդէս գալով այդ յայտարարութեամբ Պաքւում, որտեղ նա ուղեւորուել էր Օգոստոսի 2ին Մոսկուայում ռուսաստանցի ու ֆրանսիացի իր գործընկերների հետ կայացած խորհրդակցութիւններից անմիջապէս յետոյ, յատուկ նշեց, որ համանախագահները դժգոհ են նախագահների միջեւ Յունիսին Ս. Փեթերսպուրկում տեղի ունեցած հանդիպման արդիւնքներից եւ այժմ առաջընթաց են ակնկալում բանակցային գործընթացում։
Աւելի ստոյգ՝ միջնորդները յոյս ունեն, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարները կը կարողանան լուծել գլուխկոտրուկը՝ գտնել երկուստեք ընդունելի փոխզիջումային լուծում, որը հիմնուած կը լինի 1975թ. Հելսինքեան եզրափակիչ փաստաթղթի երեք դրոյթների՝ տարածքային ամբողջականութեան, ուժի չկիրառման եւ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի շրջանակներում տեղաւորուող սկզբունքների վրայ։ Ընդ որում՝ վերջին սկզբունքը, ըստ Պրայզայի՝ Պաքւում արտասանած խօսքերի, ենթադրում է ոչ թէ անկախութիւն, այլ միայն ինքնորոշում, որը, ի դէպ, կարող է շատ բան նշանակել։
Աւելի ուշ ռուսական մի թերթի տուած հարցազրոյցում Պրայզան մի քիչ բացեց փակագծերը՝ նշելով, որ ինքնորոշման իրաւունքը կարող է ենթադրել ոչ միայն ինքնակառավարում, այլեւ յանգեցնել անկախութեան ձեռքբերման։
«Ես իբրեւ միջնորդ եւ դիւանագէտ, չեմ կարող որոշել, թէ ինչպիսին կը լինի կարգավիճակը. դա իմ խնդիրը չէ։ Հնարաւոր է՝ ժողովրդի ներկայացուցիչները հետագայում որոշեն, որ ԼՂի համար լաւ է անկախ լինել։ Իսկ կարող է՝ նրանք որոշեն, որ իրենց համար աւելի լաւ է լինել Ատրպէյճանի մի մասը՝ շատ բարձր կարգավիճակով։ Բայց դա իմ խնդիրը չէ։ Ընթանում են բանակցութիւններ։ Մենք որոնում ենք փոխզիջում։ Ցանկացած հակամարտութեան մէջ հարկաւոր է փոխզիջում գտնել տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման սկզբունքների միջեւ»։
Նոյն այդ օրերին ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանեանը յայտարարեց, թէ Հայաստանը պատրաստ է Ատրպէյճանի հետ շարունակել բանակցութիւնները սեղանին դրուած հիմնարար սկզբունքների շուրջ։ «Ինթերֆաքս» գործակալութեան հետ հարցազրոյցում նա նշեց, որ, ի հեճուկս ատրպեճանական կողմի երկմտանքների ու Պաքուի դիրքորոշման մէջ նկատուող՝ նախկինում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից հրաժարուելու միտման, «մենք համոզուած ենք, որ քաղաքական կամք դրսեւորելու դէպքում կարող ենք ամրագրել լուրջ առաջընթաց»։ Պաքւում ուրիշ կերպ են մտածում։
Պրայզայի եւ ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամէտեարովի երեքժամեայ զրոյցից անմիջապէս յետոյ վերջինիս տեղակալ Արազ Ազիմովը յայտնեց, թէ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացը մտել է փակուղի։ Պաքւում շատ լաւ հասկացան, որ, ի հեճուկս իրենց սպասումների, միջազգային միջնորդները չեն պատրաստւում ճնշում գործադրել Հայաստանի վրայ եւ, առաւել եւս, հաւանութիւն չեն տալիս Ատրպէյճանի զինապաշտ-վրէժխնդրական տրամադրութիւններին։
Ի զուր չէ, որ վերջին շրջանում միջնորդները տարածքային ամբողջականութեան եւ ժողովրդի ինքնորոշման սկզբունքների հետ մէկտեղ աւելի հաճախ յիշեցնում են երրորդ սկզբունքը՝ ուժ չկիրառելը։ Այնինչ Պաքւում յոյսերը կապում են ուժային լուծման հետ։ Ատրպէյճանը, որը հրաժարւում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, ամէն կերպ փորձում է հիմնարար սկզբունքների մասին շրջանակային համաձայնագրում խուսափել ամրագրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը, այլեւ նոյնիսկ ԼՂ կարգավիճակի որոշման ուղղութեամբ այս կամ այն քայլերի ձեռնարկման պարտաւորութիւնների որեւէ ակնարկ։ Ի զուր չէ, որ Ատրպէյճանի քաղաքական գործիչներն ու քաղաքագէտները ռազմական գործողութիւնների վերսկսման մասին աւելի յաճախ խօսում են իբրեւ միակ հնարաւորութիւն՝ վերջ դնելու Ղարաբաղի ինքնորոշման մասին բոլոր խօսակցութիւններին։
Միաժամանակ, Պաքւում հասկանում են, որ համաշխարհային հանրութիւնը, որն իր տեսակէտներն ունի այդ տարածաշրջանի վերաբերեալ, բոլորովին (գոնէ առայժմ) շահագրգիռ չէ նոր պատերազմով։ Արտասահմանեան ռազմական փորձագէտների կարծիքով, Ատրպէյճանի պլիցքրիկը չի ստացուի, իսկ երկարաձգուած ռազմական գործողութիւնների արդիւնքները հնարաւոր չեն թւում։
Այսպիսով, Ատրպէյճանը հետագայում եւս կը խուսափի մասնայատուկ պայմանաւորուածութիւնների ձեռքբերումից, յատկապէս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցերում, եւ կը շարունակի Հայաստանը տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու քաղաքականութիւնը։ Այդպիսի նպատակաուղղուած հակահայ ծրագրերից է Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու (ԿԱԹՊ) երկաթուղագծի շինարարութեան նախագիծը։
Չնայած ընդհանուր առմամբ այդ նախագծի նկատմամբ միջազգային հանրութեան (որը շահագրգիռ է Հայաստանը բոլոր տարածաշրջանային նախագծերում ընդգրկելով) բացասական վերաբերմունքին ու նաեւ այն հանգամանքին, որ ուաշինկթընեան վարչակարգն արգելել է «Էքսփորթ-Իմփորթ» դրամատանը ֆինանսաւորել ԿԱԹԲի շինարարութիւնը, Պաքուն ու Անգարան փորձում են այդ նախագծում ընդգրկել ուրիշ երկրների՝ մասնաւորապէս ասիական, եւ ֆինանսական կառոյցների, օրինակ՝ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական դրամատան։
Այս օրերին այցով Ղազախստանում է գտնւում Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա մտադիր է շօշափել Ռուսաստանը շրջանցող ուժանիւթի տարանցման խողովակաշարերի նախագծերում Ասթանան ընդգրկելու, ինչպէս նաեւ Հայաստանի շրջանցմամբ՝ ԿԱԹԲի շինարարութեան մէջ Ղազախստանի մասնակցութեան հնարաւորութիւնները։
Ըստ այդմ՝ որեւէ առանձնայատուկ բան չպէտք է սպասել նախագահների՝ Նոյեմբերին նախատեսուող հանդիպումից, եթէ, ի հարկէ, այն տեղի ունենայ։ Դրա գլխաւոր ձեռքբերումը, սովորականի պէս, կը լինի խաղաղ գործընթացի շարունակման փաստի հաստատումը։ Ի դէպ, սա էլ քիչ չէ։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: