Վաղուց անցաւ Ապրիլ ամիսը, որը հայերի համար առանձնանում է ազգային Եղեռնի յիշատակման տարբեր դրսեւորումներով: Դասախօսութիւններ, ցուցահանդէսներ, համերգներ, փաստագրական ժապաւէնների թողարկումներ, քայլարշաւներ, հացադուլներ եւ այլն եւ այլն: Կարծում ես էլ ձեւ չմնաց այն կերպարանաւորելու, մէկ էլ յանկարծ ծագում է մի նորութիւն, որ դրոշմւում է քո մէջ եւ պտտւում այնքան ժամանակ, մինչեւ այն ձեւաւորես եւ հանդարտուես:
Շատ յաճախ լսում ենք այս արտայայտութիւնները. «Ես դասական (քլասիք) երաժշտութիւնը չեմ հասկանում», կամ էլ՝ «Ես սիրում եմ դասական երաժշտութիւնը»: Խօսքը վերաբերւում է լայն հասարակութեանը, անշուշտ պահպանելով զարգացման որոշ մակարդակ, անկախ մասնագիտութիւնից: Առաւել եւս ժամանակակից դասական երաժշտութիւն, ուր ոչ պոչն է յայտնի, ոչ էլ՝ գլուխը: Որքան չենք հասկանում, այնքան աւելի ենք ծափահարում՝ ծածկելու համար այն շփոթը, որ պատել է մեզ: Իսկ ի՞նչ է հասկանալը: Գործեր, որ հնչում են առաջին անգամ, եւ չգիտենք դրանց բնագրային, հարազատ կատարումները եւ կամ գործեր, որ շատ քիչ են լսուել: Հնչում է մի երաժշտութիւն, ուր ձայների հնչիւնային, հարմոնիք ճարտարապետութեամբ կառուցւում է անդնդային եւ կամ տիեզերական մի աշխարհ, որտեղ կարող ես տեղադրել ուզածդ պատմութիւնը՝ նայած քո տրամադրութեան: Այս աշխարհի կառուցման վարպետութեամբ են առանձնանում արուեստագէտները, այս պարագայում՝ հայրենի երգահան Տիգրան Մանսուրեանը:
Այս տարվա, 2007, Ապրիլին, Լոս Անճելըսում, Ապրիլեան Եղեռնի զոհերի յիշատակին կայացան երեք դասական համերգներ՝ «Մանսուրեանական եռապատկեր» խորագրով: Հայրենի ժամանակակից երգահան Տիգրան Մանսուրեանի խմբերգային, սենեկային եւ նուագախմբային գործերը յաջորդաբար ներկայացուեցին «Լարք» երաժշտական ընկերակցութեան կողմից՝ խմբավարութեամբ Վաչէ Պարսումեանի: Պիտի վերացնենք համերգների կայացման թուականի պատնէշը (այս պարագային Ապրիլեան ոգեկոչումը) եւ պիտի փորձենք արտայայտել դրանց պատկերը՝ այդ օրերին եւ ժամանակի հեռաւորութիւնից յետոյ ունեցած ընդհանուր տպաւորութեամբ:
Յանդգնութիւն է հայկական օրաթերթում վերլուծութեան ենթարկել Մանսուրեանական երաժշտութիւնը, որ վայել է միմիայն երաժշտական մասնագիտական ամսագրի էջերին: Մեր գրութիւնը նման է որեւէ գիւտի մասին թերթի մէջ եղած ակնարկի, որի մանրամասութիւնները յատուկ են այդ մարզի գիտական հրատարակումներին:
«Մանսուրեանական եռապատկեր» համերգաշարում առանձնացել էին երգահանի խմբերգային գործը առանց նուագակցութեան (a capella), սենեկային ստեղծագործութիւնները՝ իւրայատուկ կազմերով (ձայն, ջութակ, թաւջութակ, viola, flute, clarinet, percussion) եւ նուագախմբային կտաւները՝ հետաքրքիր համադրումներով (մենակատար գործիքներ, ջութակի եւ viola-ի կացուրդներ նուագախմբի ընկերակցութեամբ): Երգահանի յօրինումների հսկայաթիւ գանձարանից ունկնդրում էինք մի ընտրանի, որ Մանսուրեան-արուեստագէտի մտքի եւ հոգու նրբահիւս կտաւներն էին՝ իրենց պիրկ եւ անքակտելի կառուցուածքով: Ստեղծել գործ երգչախմբի համար առանց նուագակցութեան, նշանակում է տիրապետել երգչախմբային արուեստի հնարաւորութիւններին եւ դրանց միջոցով իրականացնել մտայղացումը:
Ոչ սովորական կազմով սենեկային երաժշտութիւնը պահանջում է այդ գործիքներին իւրայատուկ հնչողութիւնների զգացողութիւնը: Իսկ նուագախմբային ստեղծագործութիւնները երաժշտի թռիչքի անջրպետն են՝ անվերջ եւ անհուն:
Այս բոլորը լսում էինք մենք, եւ լսում էր ինքը՝ Տիգրան Մանսուրեանը:
Մենք փորձում էինք հասկանալ: Իսկ ի՞նչ էր զգում ինքը: Թերեւս լինում էին վայրկեաններ, երբ ներքին ալեկոծումների բացայայտումը ստիպում էր նրան կծկուել եւ ցանկութիւն էր առաջացնում դառնալ աներեւոյթ: Թերեւս լինում էր մի պահ, երբ արտայայտուած գաղափարների վերահաստատումը ուռճացնում էր հոգին եւ ուզում էր թեւեր առած ճախրել դահլիճի կամարների ներքոյ եւ ասել. «Մարդի՛կ, ամէն ինչ ճիշդ է: Այս բոլորը ձեզ համար է: Ձեզ համար եմ կատարել այս խոստովանութիւնները, հաւատացէք ինձ»: Եւ այսպէս, իւրաքանչիւր համերգին, իւրաքանչիւր ժանրով, իւրաքանչիւր գործիքով ուրուագծւում էր Մանսուրեանը: Մանսուրեանը նաեւ նուագում էր:
Արդեօք նուագակցո՞ւմ էր, թէ նոյն վայրկեանին յօրինում էր նորը՝ տեղի եւ մթնոլորտի ազդեցութեամբ: Կարող էր, իսկ մենք կարող էինք չզգալ: Սակայն Մանսուրեանն ասում է. «Փորձերի ընթացքում ես չեմ փոխում ոչինչ: Սա է իմ գրածը: Այսքան գիտէի, այսքան կարող էի: Ես հարցը քննարկման չեմ դնում»:
Կարեւոր էր Տիգրան Մանսուրեանի երաժշտութեան ներկայացումը հանրութեանը: Այն պիտի ցոյց տար, թէ ո՞ւր էր հասել «Կոմիտասի նետած ձեռնոցը»: Մանսուրեանը համեստօրէն յայտարարում է, թէ «ոչ մէկս չկարողացանք բարձրացնել այն», սակայն իրաւամբ խոստովանում ենք, որ նա այն երաժիշտն է, որ Կոմիտասեան գրաբարը վերածել է Մանսուրեանական աշխարհաբարի, եւ մենք կարող ենք հպարտանալ մեր ազգային ժամանակակից դասական երաժշտութեամբ:
Երաժշտական վերլուծութիւնները պիտի չընդմիջեն մեր գրութիւնը, քանի որ ըստ Մանսուրեանի, «ամբողջ հարցն այն է, թէ ժամանակ անցնելուց յետոյ ինչ կը մնայ գործի մէջ վաղուայ համար: Այդ նստուածքից ենք մենք սովորում, ոչ թէ այն գրախօսականներից, որոնք ազդարարում են, որ «աղմուկ» է կամ խորհրդաւոր պարոմեթրով չափում, թէ գործն ինչքան է դուր եկել ունկնդրին»:
Մինչ այդ, ստեղծագործող մարդիկ շարունակում են իրենց ճանապարհը. «Խենթ զօրավարը» գրում է, «խելառ զօրավարը» կատարում է: Իսկ մենք՝ ապահով եւ հպարտ, զգում ենք, որ շարունակւում է մեր մշակոյթի գոյատեւումը, եւ մենք կանք: