ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Դարձեալ ընկղմուել ենք անցեալից մնացած թղթերի մէջ: Հայրենիքում եւ Սփիւռքում ապրելու երկուութիւնը, հայրենադարձի, ապա՝ արտագաղթողի հոգեբանութիւնը մնաց բոլորիս մօտ, ամէնուր: Որեւէ երկրի ոչ-լրիւ պատկանելիութեան զգացումը այդպէս էլ հանգիստ չթողեց մեզ, ու մնացինք յուշերից կառչած, թղթերի եւ նկարների տրցակների մէջ, ընկանք մոռացուած մանրամասների ետեւից՝ միշտ ցանկանալով բացայայտել մեր կեանքի դրուագները, առաւել եւս արժեւորելու համար մեր նախնիների անցած ուղին հայրենիքում եւ արտասահմաններում:
Հայրենադարձութիւնը մի իւրայատուկ ժամանակաշրջան էր հայութեան համար: Դժուար էր. հայրենիքում հաստատուելու հոգեկան գոհունակութիւնը տեղի էր տալիս առօրեայ կեանքի դժուարութիւններին: Բայց արի ու տես, որ ուսումնատենչ երիտասարդները գտել էին իրենց երազներն իրականացնելու ճանապարհը եւ յագեցնում էին իրենց սովորելու ծարաւը: Դեռ հայրենադարձուելուց առաջ նրանք դիմում էին Խորհրդային Հայաստանի կառավարութեանը՝ ուսումը շարունակելու համար: Հայկական ՍՍՀ Ժողովրդական կոմիսարների սովետին (կառավարութեան) կից ստեղծուել էր արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման եւ տեղաւորման կոմիտէ, որ զբաղւում էր նաեւ ուսումնական հարցերով: Ահա այդ կոմիտէի նամակներից մէկը Սփիւռքի ուսանողուհուն.
«Յարգելի Անժելիա,
«Ձեր 1946 թուի Փետրուար 1ի նամակը ստացանք: Կարդալով շատ ուրախացանք, որ Դուք շատ շնորհալի մասնագէտ էք եւ բուռն ցանկութիւն ունէք հայրենիք- Սովետական Հայաստան վերադառնալու, Ձեր ուսումը շարունակելու համար:
«Մենք յամենայն ուրախութեամբ կարող ենք Ձեզ ընդունել եւ տեղաւորել Ձեր ուզած դպրոցում սովորելու:
«Վերադարձը կազմակերպելու համար Ձեզ մօտ կազմակերպուած է Սովետական Հայաստան վերադառնալ ցանկացող հայերի կոմիտէ: Անհրաժեշտ է, որ դուք անմիջապէս կապուէք այդ կոմիտէի հետ:
«Յարգանքներով՝
«ՀՍՍՌ ժողկոմսովետի արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման եւ տեղաւորման կոմիտէի նախագահի տեղակալ՝
«Հ. Մարջանեան:
«23 Մարտ 1946, Երեւան»:
***
Հայ ժողովրդի գիտական նուաճումներն ու մշակութային առաջընթացը բուռն թափ էին ստացել Խորհրդային Հայաստանում, ուր իրենց զգալի աւանդն էին ներդնում հայրենադարձները:
1956ին, «Սովետական Հայաստան» ամսագրում հայրենադարձ, մանկավարժական գիտութիւնների թեկնածու Յ. Թութունճեանը յօդուած է գրում հայրենադարձ գիտաշխատողների մասին. «Ինչպէս արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան, արուեստի եւ գրականութեան, այնպէս էլ հայրենական գիտութիւնների ամենատարբեր բնագաւառներում հայրենադարձ հայերը արդէն տասը տարի է մեծ եռանդով ու հայրենասիրութեամբ աշխատում եւ ստեղծագործում են հայրենի հողի վրայ… Նրանք աշխատում են ՀՍՍՀ Գիտութիւնների ակադեմիայի ինստիտուտներում, Երեւանի Պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտներում եւ գիտական այլ հիմնարկներում»:
1986ին, Հայաստանում Սովետական կարգերի հաստատման 66րդ տարեդարձի առթիւ տեղի էր ունենում երեկոյ՝ մեծարելու գիտութեան, արտադրութեան, գրականութեան եւ արուեստի բնագաւառների հայրենադարձ անուանի գործիչներին: Այն ունէր խորագիր. «Հոկտեմբերի բոցից վառուած, փարոս դարձած, ջահերն հայոց»: Երեկոն անց էր կացւում Երգչախմբային ընկերութեան դահլիճում (Սայաթ Նովայի փող. թիւ 15):
Կարդալով մեծարեալների անունները՝ յուզմունքով ես լցւում, թէ այսքան հայորդիներ հասել են հայրենիք ու մասնակցել են նրա վերաշինութեան գործին: Ներքոյիշեալ մեծարուող 36 հայրենադարձները այդ օրերին գտնւում էին իրենց ստեղծագործական բուռն ծաղկման շրջանում, եւ նրանցից իւրաքանչիւրը հետագայում դեռ շատ ասելիքներ ունէր իր աշխատած բնագաւառում: Ահա այդ անունները.


1. Համլետ Եգանեան. Պատմական գիտութիւնների դոկտոր
2. Հրաչ Բարթիկեան . Պատմ. գիտ. դոկտ., Աթէնքի ակադեմիայի թղթակից անդամ, Մաշտոցեան մրց. դափնեկիր
3. Գուրգէն Մելիքեան. Համալսարանի Արեւելագիտութեան բաժնի դոցենտ, դեկան
4. Բաբկէն Չուգասզեան. Պատմ. գիտ. թեկնածու
5. Սիմոն Գրքաշարեան. Պատմ. գիտ. դոկտ., Չարենցի անուան մրց. դափնեկիր
6. Գէորգ Տիրացեան. Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի դիրեկտորի (ղեկավարի) տեղակալ, պատմ. գիտութ. Թեկնածու
7. Ազատ Վեհունի. Պոլիտեխնիկ ինստիտուտի երկրաբանական բաժնի ամբիոնի վարիչ, երկրաբ. գիտութ. դոկտոր-պրոֆեսոր, վաստակաւոր երկրաբան
8. Երուանդ Մելքոնեան. Բանասիրական գիտութ. թեկնածու
9. Գէորգ Խրլոպեան. Փիլիսոփայութեան գիտութ. դոկտոր-պրոֆեսոր
10. Անժելա Քիւրքճեան. Բանասիրական գիտութ. թեկնածու, դոցենտ, աւագ դասախօս
11. Պետրոս Բեդիրեան. Բանասիրական գիտութ. թեկնածու, դոցենտ
12. Սարգիս Եափուճեան. Սփիւռքահայ դպրոցների դասագրքերի հեղինակ
13. Կարպիս Սուրէնեան. Գրող
14. Գեղամ Սեւան. Գրող
15. Պերճ Զէյթունցեան. Գրող
16. Ստեփան Ալաճաճեան. Գրող
17. Յովհաննէս Ղուկասեան. Գրող
18. Գրիգոր Ջանիկեան. Գրող
19. Շաքէ Վարսեան. Գրող
20. Գոհար Գասպարեան. ՍՍՀՄ ժող. արտիստ (արուեստագէտ), Սոցիալիստական աշխատանքի հերոս, պետական մրցանակի դափնեկիր
21. Տիգրան Մանսուրեան. Կոմպոզիտոր
22. Յովհաննէս Չեքիճեան. ՍՍՀՄ ժող. արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, պետական մրցանակի դափնեկիր, աշխատանքային կարմիր դրօշի շքանշանակիր, ՍՍՀՄ գերագոյն սովետի դեպուտատ (պատգամաւոր)
23. Յակոբ Յակոբեան. ՀՍՍՀ ժող. Նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր
24. Յովհաննէս Բադալեան. ՀՍՍՀ ժող. արտիստ
25. Արմինէ Թութունճեան. ՀՍՍՀ ժող. արտիստ
26. Արտաշէս Աւետեան. Վաստակաւոր արտիստ
27. Ալիսա Հեքիմբաշեան. Անդրկովկասեան եւ Հանրապետական մրցոյթի դափնեկիր
28. Նիկողոս Թահմիզեան. Երաժշտագէտ
29. Խորէն Պալեան. Երաժիշտ
30. Յարութիւն Դելալեան. Կոմպոզիտոր (յօրինող)
31. Վարդուհի Վարդերեսեան. ՀՍՍՀ ժող. արտիստ
32. Խաչիկ Նազարէթեան. Վաստակաւոր արտիստ
33. Մելինէ Համամճեան. ՀՍՍՀ ժող. արտիստ
34. Իշխան Ղարիբեան. ՀՍՍՀ ժող. արտիստ
35. Զարէհ Տէր Կարապետեան. Վաստակաւոր արտիստ
36. Արմէն Խանդիկեան. Ռեժիսոր (բեմադրիչ)
Կարծում ենք սա դեռ մի որոշ մասն է այն բոլոր սփիւռքահայերի, ովքեր նոյնպիսի նուիրումով ապրում եւ ստեղծագործում էին հայրենիքում:
Հեզասահ չէր հայրենադարձների աշխատանքը՝ սկսած պարզ արհեստաւորից մինչեւ գիտական աստիճաններ ստացած մասնագէտները: Կային արգելակող մակդիրներ՝ հայրենադարձ, իսկ այլ դէպքերում՝ ոչ-կուսակցական: Սակայն, մաքառում էին բոլորը:
Երկար տարիներ մնալով հայրենիքում փակուած եւ երկփեղկուած, հայրենադարձները ունէին ներքին մի ձգտում՝ վերադառնալ արտասահման, եւ նրանց մաշեցնող քաշքշուկներն ու դժուարութիւնները նախապատրաստում էին արտագաղթի երեւոյթը, սկզբում՝ գաղտնի, խիստ ծածուկ, ապա՝ հետզհետէ աւելի բացայայտ, եւ ինչպէս ջուրը փոքրիկ շիթով դուրս է գալիս լերան մի ճեղքից՝ աստիճանաբար ծաւալուելով, այդպէս էլ հեղեղով մեկնում էին հայրենադարձները:
Եւ ո՛չ միայն հայրենադարձները:
Եթէ հայրենադարձ հայը ունէր արտագաղթի արդարացուցիչ հանգամանքներ (արիւնակցական կապեր, ծննդավայր, սովորոյթ, բարքեր), ապա ընձեռնուած հնարաւորութիւնների շնորհիւ շփուելով արտասահմանեան երկրների հետ, շլանալով եւ գայթակղուելով, տեղաբնակները եւս ամէն գնով աշխատեցին եւ աշխատում են ընկնել արտասահման: Այնպէս որ արտագաղթի երեւոյթը տարածուեց եւ միայն հայրենադարձների մենաշնորհը չմնաց:
Վերոյիշեալ անունների մէջ կային մարդիկ, ովքեր չմտածեցին նոյնիսկ արտագաղթելու մասին. հայրենիքը նրանց էութիւնն էր, իսկ նրանք՝ նրա անքակտելի մի մասնիկը:
Ժամանակի հետ, սովորական դարձաւ արտագաղթը, եւ կարծես ընդունուեց չգրուած մի կանոն՝ թէ կարեւորը հայրենիքին օգտակար լինելն է, ուր էլ որ ապրես: Սակայն, անչափելի է հողի վրայ ապրող հայի հայրենասիրութիւնը՝ իրական հայրենասիրութիւնը:
Հայաստանի անկախացումը թւում էր, թէ հայրենադարձութեան նոր հնարաւորութիւններ էր ստեղծել, բայց այն չունեցաւ այնպիսի խոշոր թափ եւ տարողութիւն, ինչպիսին էր 1946-47ականներին կազմակերպուած աշխարհի հայութեանը ուղղուած հրաւէրը, այն էլ Երկրորդ Համաշխարհային պատերազմից նոր դուրս եկած Խորհրդային Հայաստանի կողմից: Վերջին տարիներին Միջին Արեւելքի պատերազմական վիճակի որպէս հետեւանք՝ սիրիահայերի մի ստուար զանգուած հաստատուեց Հայաստանում, գտնելով իրենց կեանքի ապահովութեան անմիջական լուծումը:
Անցել են տարիները: Հայը ստեղծել է նոր սփիւռքներ, հայրենիք են եկել նոր հայրենադարձներ, ստեղծուել են ժամանակի պահանջներ համաձայն նոր կարգավիճակներ: Սակայն, 40ականների ներգաղթողների ոգին, նրանց թանձրացած հայրենասիրութիւնը կարծես ուրիշ էր: Նրանք հայրենիք էին եկել առանց այն տեսնելու, իրենց հիւսած երազներով, ոգեղէն երեւակայութեամբ, հայկական ռատիոկայանից լսած Արարատեան դաշտի երգերով եւ՝ միայն պատկերացնելով:
Այլ բան էր երազների եւ իրականութեան ոչ-համապատասխանութիւնը, բայց նրանք ապրում եւ աշխատում էին նոյն այդ ոգով եւ նուիրումով՝ չէ՞ որ հայրենիքում էին: Ու այդպիսիներն էին, որ դիմացան, ստացան բարձրագոյն ուսում, պատիւ բերեցին հայրենիքին եւ հայութեանն ընդհանրապէս: Իսկ հայրենիքը, թէեւ դժուարին պայմաններում, գնահատեց այդ հայրենադարձներին, արժանին մատուցեց եւ մեծարեց նուիրեալ հայորդիներին:
Մեր պատմութիւնը թող մեզ ուժ տայ, թող չընկճուենք վերիվայրումներից՝ քանի դեռ ունենք միայն մեզ պատկանող Հայաստան կոչուած մեր փոքրիկ հողակտորը: