
Creative Armenia-ն յաջողութեամբ աւարտում է Artbox Accelerator հեղինակային ծրագիրը, որի նպատակն է խթանել ստեղծարար ոլորտներում գործող բիզնեսների (ձեռնարկութիւն) աճը:
2023ի Հոկտեմբերից Դեկտեմբեր ընկած ժամանակահատուածում, երաժշտութեան, նորաձեւութեան, անիմացիայի (շարժանկարչութեան), մշակութային միջոցառումների եւ այլ ոլորտներից 12 ստեղծարար բիզնեսներ մասնակցեցին Artbox-ի ծրագրին՝ զարգացնելու իրենց բիզնեսի շահութաբերութիւնը եւ ընդլայնելու իրենց լսարանները: Ութշաբաթեայ ծրագրի ընթացքում ընտրուած խումբերը աշխատել են փորձագէտ եւ կայացած ձեռներէց խորհրդատուների հետ, Հայաստանից եւ արտերկրից՝ Էստոնիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շուեյցարիայից եւ Եգիպտոսից:
Ծրագրի աշխատարանները ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ՝ բիզնեսի կատարողականի գնահատումից մինչեւ ապրանքի բարելաւում, արդիւնաւէտութեան աճ, աճի նախագծում, յաճախորդների ներգրաւում եւ աւելին:
Artbox Accelerator ծրագիրը յաջողութեամբ աւարտած 12 ստեղծարար բիզնեսներն են՝
– «Արտոյտ» (նորաձեւութեան ապրանքանիշ)
– «Բերբերեան Փրոդաքշն Ստուդիոս» (երաժշտական արտադրութիւն)
– «Գալիք Ժառանգութեան Տուն» (արուեստի կենտրոն)
– «Հովաշ» (նորաձեւութեան ապրանքանիշ)
– «Կելվին Ֆիլմ Լաբ» (շարժապատկերի արտադրութիւն)
– Nensi Avetisian (նորաձեւութեան ապրանքանիշ)
– «Օբերտոն» (երաժշտական արտադրութիւն)
– «Օնօֆֆ Ստուդիա» (շարժանկարի արտադրութիւն)
– «Թատրոն Տանիքում» (արուեստի կենտրոն)
– «Թոնիր Հարսանեկան Գիւղ» (մշակութային միջոցառումներ)
– «Վառեմ-Մարեմ Արուեստանոց» (արուեստի կենտրոն)
– Z.G.EST (նորաձեւութեան ապրանքանիշ)
«Ստեղծարար ոլորտի ստարտափներին (նորահաստատ ընկերութիւն) դէպի իրենց աճն առաջնորդելը Artbox Accelerator ծրագրի հիմնական նպատակն է, որը ծառայում է Artbox-ի գլխաւոր առաքելութեանը` արուեստը դարձնել առեւտրային առումով աւելի յաջողակ եւ ֆինանսապէս կայուն: Ուրախութեամբ կարող ենք նշել, որ նպաստել ենք 12 հզօր ստեղծարար ընկերութիւնների աճի խթանմանը, որոնք արդէն ունեն նախագծուած աճի ծրագրեր եւ խորքային բիզնես հմտութիւններ դրանք իրագործելու համար։ Նաեւ ոգեւորութեամբ սպասում ենք տեսնել, թէ ինչ ազդեցութիւն կ՛ունենան դրամաշնորհ ստացած 9 բիզնեսները մեր մշակոյթի եւ ստեղծարար տնտեսութեան վրայ», ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրէն Անուշ Տէր Խաչատրեանը։
Իրենց ստեղծարար բիզնեսների աճը խթանելու նպատակով ընդհանուր 210,000 եւրոյի դրամաշնորհ յատկացուել է հետեւեալ 9 մասնակիցներին.
– «Արտոյտ»՝ 30,000 եւրոյի ամբողջական դրամաշնորհ։ Նրբագեղ շարֆերի արտադրութիւն, որոնք բացայայտում են հայկական մշակոյթը՝ հասցնելով այն համաշխարհային մակարդակի։ Նրանց առաջնային նպատակն է դառնալ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ:
– «Բերբերեան Փրոդաքշն Ստուդիոս»՝ 30,000 եւրոյի ամբողջական դրամաշնորհ։ Նա ֆիլմի երաժշտութեան ստեղծման եւ ձայնի յետարտադրութեան առաջատարներից է Հայաստանում եւ արտասահմանում: Նրանց առաջնային նպատակն է ընդլայնել իրենց ծառայութիւնները, կատարելագործել արհեստագիտութիւնները եւ համագործակցել արտասահմանեան ֆիլմարտադրական ընկերութիւնների հետ:
– «Հովաշ»՝ 30,000 եւրոյի ամբողջական դրամաշնորհ։ Զարդերի նուրբ եւ ձեռագործ արտադրութիւն, որն ընդգծում է բնութեան գեղեցկութիւնն ու անհատական արտայայտչականութիւնը: Նրանց առաջնային նպատակն է հիմնել հարթակ, որտեղ մարդիկ կարող են ստեղծել իրենց անհատական զարդերը՝ լաւագոյնս արտայայտելով իրենց անձնական եւ իւրայատուկ պատմութիւնները:
– «Օբերտոն»՝ 30,000 եւրոյի ամբողջական դրամաշնորհ։ Երաժշտական ընկերութիւն, որը համատեղում է ամբողջական արտադրութեան եւ պիտակումի ծառայութիւնները՝ երաժշտական ղեկավարում, առաջխաղացում եւ արուեստագէտների զարգացում: Նրանց առաջնային նպատակն է արտահանել հայկական ժամանակակից երաժշտութիւնը եւ այն աւելի ճանաչելի դարձնել միջազգային շուկայում։
– «Օնօֆֆ Ստուդիա»՝ 30,000 եւրոյի ամբողջական դրամաշնորհ։ Նրա առաքելութիւնն է ստեղծել շարժանկարի գրաւիչ ստեղծագործութիւններ, որոնք կը տարբերուեն համաշխարհային շուկայում: Նրանց առաջնային նպատակն է խթանել ընկերութեան բիզնես եւ ստեղծագործական ներուժը՝ նպաստելով միջազգային ասպարէզում աւելի մեծ վստահութեամբ ներկայանալուն:
– «Թատրոն Տանիքում»՝ 15,000 եւրոյի մասնակի դրամաշնորհ։ Այլընտրանքային թատրոն, որը մէկ իւրայատուկ ձեւաչափի մէջ միաւորում է թատերական ներկայացումներ, կենդանի համերգային ծրագիր եւ գինու հիւրասիրութիւն: Նրանց առաջնային նպատակն է ներդնել ընդլայնուած տեսական գիտելիքները իրենց բիզնեսի ոճում եւ թատրոնի համար ձեռք բերել արդիական սարքաւորումներ:
– «Թոնիր Հարսանեկան Գիւղ»՝ 15,000 եւրոյի մասնակի դրամաշնորհ։ Մշակութային բիզնես, որը վերածնում եւ տօնում է աւանդական ծէսերը, խաղերը, խոհանոցը եւ արհեստագործութիւնը՝ կազմակերպելով իսկական աւանդական հարսանիքներ: Նրանց առաջնային նպատակն է միջազգային համագործակցութեան միջոցով համաշխարհայնացնել հայկական մշակոյթը, ամրապնդել իրենց ձեւաչափը եւ ընդլայնել տարածքային հասանելիութիւնը:
– «Վառեմ-Մարեմ Արուեստանոց»՝ 15,000 եւրոյի մասնակի դրամաշնորհ։ Ստեղծարար արուեստանոց Գիւմրիում, որը ոգեշնչում եւ խրախուսում է այցելուներին բացայայտել արուեստը՝ ստեղծելով խեցեղէն, քանդակներ եւ ձեռագործ իրեր: Նրանց առաջնային նպատակն է բարելաւել իրենց ծառայութիւնները, ինչպէս նաեւ մատուցել նոր եւ աւելի համապարփակ ծառայութիւններ։
– Nensi Avetisian՝ 15,000 եւրոյի մասնակի դրամաշնորհ։ Հագուստի եւ զարդեղէնների ապրանքանիշ, որն իր մէջ միաւորում է հայկական արհեստավարժութիւնը, փառահեղ եւ ոգեշունչ ճարտարապետութիւնը եւ բնական հումքի օգտագործումը։ Նրանց առաջնային նպատակն է խթանել բիզնեսի աճը, ապրանքանիշի ընդլայնման ռազմավարութեան զարգացումը եւ առաջխաղացումը:
Գործարկելով մի խումբ առաջադէմ հեղինակային ծրագրեր, Artbox-ը ստեղծում է առեւտրային կենսունակութիւն, լսարանի աճ եւ ներդրման պատրաստ ստեղծարար արտադրանք:
(Թղթակցութիւնը՝ Creative Armenia-էն)