
Համացանցի էջում ընթերցէք «Դրօշակի» 2024ի անդրանիկ համարը: Համարի առաջնորդողը անդրադարձ է Հայաստանի ներկայ իշխանութիւնների գրեթէ վեցամեայ ձախողուած քաղաքականութեանը, այս անգամ ներազգային դաշտում:
Հեղինակներ Լուսինէ Մխիթարեանը եւ Մանուէլ Մկրտչեանը անդրադառնում են ձախողումների պատճառներին՝ քննելով դրանք ներհասարակական հոգեվիճակի, տրամադրութիւնների, ինչպէս եւ ազգային օրգանիզմում բոյն դրած յոռի արատների հետ առնչելով:
Պատմաբան Անի Մելքոնեանի յօդուածը նուիրուած է հայոց բանակի տարեդարձին: Պատմաբանի հայեացքով Անին անդրադառնում է ներկայ հանրապետութեան հիմնադրման հետ ծնունդ առած եւ պատերազմների դաշտերում կոփուած հայոց բանակի անցած փառաւոր ուղուն, ինչպէս եւ ներկայացնում է օրուայ իշխանութիւնների հակազգային եւ հակաբանակ քաղաքականութեան հետեւանքով բանակի կարեւորութեան ստորադասմանը, նրա արժեզրկմանը եւ, որպէս հետեւանք, թշնամու յաղթանակներն ու պետութիւնը ինքն իրեն պաշտպանելու ունակութիւնից զրկելու ողբերգական պատմութեանը:
Ամերիկեան ուսումնասիրութիւնների հայկական կենտրոնը ներկայացրել է 2023ի ընթացքում ամերիկացի բարձր պաշտօնեաների միջնորդական նախաձեռնութիւնները հայ եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Ուսումնասիրութիւնների կենտրոնի եզրակացութիւնն այն է, որ ամերիկեան վարչակազմը աննախադէպ աշխուժութեամբ նախորդ տարի դերակատարութիւն է իրականացրել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ոլորտում, ինչպէս եւ առանձնաբար հայ պաշտօնեաների հետ շփուելով եւ սա կարող է նախանշել Անդրկովկասում ամերիկեան քաղաքականութեան աշխուժացման սկիզբը:
«Դրօշակ»ի այս առաջին համարը ընթերցողին առաջարկում է քաղաքական եւ ոչ քաղաքական այլ յօդուածներ:
«ԴՐՕՇԱԿ»