
ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶԵԱՆ
Յունուարի 26ին Ներսիսեան հոգեւոր դպրոցի 200ամեայ յոբելեանի կապակցութեամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսեան հոգեւոր դպրոց 200» ցուցահանդէսի բացման արարողութիւնը, որը կազմակերպուել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան եւ Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից:
Ցուցահանդէսին ներկայացուած էին աւելի քան 200 արխիւային փաստաթղթեր եւ լուսանկարներ, որոնք պահւում են Հայաստանի եւ Վրաստանի ազգային արխիւներում եւ Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշէ Չարենցի անուան արուեստի եւ գրականութեան, Պատմութեան, Սարդարապատի, Մատենադարանի թանգարաններում եւ մասնաւոր հաւաքածուներում:
Ցուցահանդէսի բացման արարողութեանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետութեան տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Գնել Սանոսեանը եւ Վրաստանի կրթութեան, գիտութեան եւ երիտասարդութեան նախարար Գիորգի Ամիլախվարին, բարձրաստիճան հիւրեր Հայաստանից եւ Վրաստանից, Վրաստանում հաւատարմագրուած դիւանագիտական կորպուսի (կազմերու) ներկայացուցիչներ:


Միջոցառման հիւրերին ուղղուած ողջոյնի խօսքով հանդէս են եկել Կովկաս համալսարանի նախագահ Կախա Շէնգելիան եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատեանը: ՀՀ դեսպանը շնորհակալութիւն է յայտնել Կովկաս համալսարանի ղեկավարութեանը` ցուցահանդէսի կազմակերպման հնարաւորութեան համար, եւ մաղթել, որ համալսարանը, ինչպէս եւ ժամանակին եղել է Ներսիսեան դպրոցը, այս ներսիսեանական ոգով շարունակի լինել մարդկանց եւ մասնագէտների դարբնոց, որոնք իրենց հետքը կը թողնեն մարդկային քաղաքակրթութեան զարգացման գործում:
Ելոյթներից յետոյ ցուցահանդէսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լեւոն Չիդիլեանը միջոցառման հիւրերին է ներկայացրել ցուցադրուող լուսանկարների պատմութիւնը:
Միջոցառման աւարտին համալսարանի գլխաւոր մուտքի առջեւ տեղի է ունեցել Կովկաս համալսարանի շէնքի պատմութիւնը ներկայացնող յուշատախտակի բացման արարողութիւնը: