Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի հանրային կապի յանձնախմբի կազմակերպութեամբ Յուլիսի 18ի երեկոյեան ժամը 8ին, Կլէնտէյլի St. Mary’s Adult Care կենտրոնի բացօթեայ սրահում տեղի ունեցաւ Կենտրոնական Կոմիտէի նոր կայքէջի (ARF1890.com) ներկայացման հանդիսութիւնը, որին ներկայ գտնուեցին Կենտրոնական Կոմիտէի, շրջանիս կոմիտէութիւնների ներկայացուցիչները ու համակիր բարեկամներ։
Հանդիսութիւնը բացուած յայտարարեց հանրային կապի գրասենեակի գործավար Սարօ Նազարեանը, որից յետոյ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ յանձնախմբի ատենապետ Պետիկ Թաշճեանը, ուրախութիւն յայտնելով, որ ամիսների հետեւողական աշխատանքներից յետոյ, հանրային կապի յանձնախումբը յաջողեց պատրաստել եւ ձեւաւորել Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի կայքէջը։ Այնուհետեւ նա բեմ հրաւիրեց յանձնախմբի մօտ Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Ժան Գոսագեանին, որը խօսելով կայքէջի հիմնման անհրաժեշտութեան մասին, նշեց, որ թէեւ կայքէջը գտնւում է կմախքային վիճակում, այնուամենայնիւ, ընդգրկում է բազմաթիւ ենթաբաժիններ, ուր տեղեկութիւններ են տրւում շրջանիս կուսակցական մարմինների, ինչպէս նաեւ քոյր կազմակերպութիւնների՝ Հայ օգնութեան միութեան, Հ.Մ.Ը.Մ.ին, «Համազգային» հայ կրթական ու մշակութային միութեան շրջանիս մասնաճիւղերի, ինչպէս նաեւ հայկական եկեղեցիների ու դպրոցների մասին։ Ժ. Գոսագեանը բացատրեց, որ կայքէջը հիմնականում համակարգում է դաշնակցական ընտանիքին պատկանող բազմաթիւ կայքէջեր եւ հանդիսանում է իբրեւ դուռը համացանցի վրայ գտնուող մեր մեծ ընտանիքին պատկանող կայքէջերի:
Կայքէջի կարեւորագոյն բաժիններից է համացանցային 24 ժամեայ ձայնասփիւռը, որը առաջին անգամ լինելով հաստատւում է Միացեալ Նահանգների արեւմտեան շրջանում։ Ձայնասփիւռը շաբաթուայ երեք օրերին հաղորդում է նաեւ լուրեր ու տեղեկութիւններ Միացեալ Նահանգների արեւմտեան շրջանի հայ կեանքի վերաբերեալ եւ հարցազրոյցներ է ունենում շրջանիս հայկական կազմակերպութիւնների, հաստատութիւնների եւ մտաւորական շրջանակների հետ։ Ձայնասփիւռի սոյն հաղորդումները վարում է Սարօ Նազարեանը, որը լայն փորձառութիւն ունի լրագրութեան եւ ձայնասփիւռի բնագաւառներում։ Տեղի վրայ միանալով կայքէջին, սրահում տեղադրուած խոշոր ցուցապաստառով Ժ. Գոսագեանը մանրամասնօրէն ներկայացրեց կայքէջի յիշեալ բաժինները, մատնանշելով, որ կայքէջով կարելի է նաեւ ընթերցել «Ասպարէզ» օրաթերթը, դիտել պատմական արժէք ներկայանցող տեսահաղորդումներ եւ հետեւել «Հորիզոն» հեռուստակայանի ամէնօրեայ հաղորդումներին։
«Հաստատելով, որ մինչ այժմ իրագործուած սոյն աշխատանքները հանդիսանում են մեր կայքէջի ծաւալուն ծրագրի սկիզբը, յայտնենք, որ տակաւին երկա՜ր ուղի ունենք կտրելու՝ կայքէջի հարստացման ու կատարելագործման իմաստով», նշեց Ժ. Գոսագեանը եւ յայտնեց, որ «ծրագրւում է համացանցային գրադարանի բաժին ստեղծել կայքէջում, ուր կը թուայնացուեն հայկական բազմաթիւ գրքեր ու արխիւային փաստաթղթեր եւ հնարաւոր կը լինի ցանկացած ժամին բացել եւ ընթերցել հայ գրականութեանը մաս կազմող արժէքաւոր ու փնտռուած երկեր ու ստեղծագործութիւններ։ Բացի այդ, ծրագրւում է կայքէջում ընդարձակել Միացեալ Նահանգների արեւմտեան շրջանում գործող կրթական, հասարակական, հայրենկացական կազմակերպութիւններին ու մշակութային հաստատութիւններին վերաբերող տուեալների ու տեղեկութիւնների բաժինը, որպէսզի կայքէջը վերածուի համացանցային տեղեկատուական ու ուսումնասիրական ամբողջական աղբիւրի՝ մեր համայնքի համար», եզրափակեց նա։
Հանդիսութեան ընթացքում ներկաները հիւրասիրուեցին համադամ ճաշերով, իսկ երեկոն խանդավառեց երգիչ Յարութ Ճըղըլեանը ժողովրդական ու յեղափոխական երգերի կատարմամբ։
Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Հանրային Կապի Գրասենեակ
ARF Central Committee Office of Public Relations
E mail: PublicRelations@ARF1890.com
Tel: (818) 243-7059
Fax: (818) 243-1467