«Ազատութիւն»ը կը տեղեկացնէ, թէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 20 Մարտին, փակագիծեր բացաւ՝ մանրամասնելով, թէ ո՛ր տարածքները սահմանագծման իբրեւ արդիւնք պիտի փոխանցուին Ատրպէյճանին, կամ, ինչպէս Փաշինեան ձեւակերպեց, «ինչի պատրաստակամութիւն ունեն»:
Ան նախ շեշտեց, որ ինք ատրպէյճանական որեւէ գիւղի անուն չէ տուած մինչեւ այն պահը, երբ ուրիշը տուած է անուն: Ըստ Փաշինեանի` այդ մասին խօսած է Ատրպէյճան, ապա նաեւ` Կիրանցի գիւղապետը, երբ հանդիպման ընթացքին խօսած է Խէյրիմլի գիւղին մասին, իսկ ինք հարցուցած էր, որ Տաւուշի մարզին մէջ այդպիսի գիւղ մը կա՞յ:
«Մենք ասում ենք` Հայաստանի կառավարութիւնը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիան (սահմանազատումը) սկսել հետեւեալ հատուածում, որպէսզի աշխարհագրական տարածքը նշենք. Հայաստանի Հանրապետութեան կողմից էդ տարածքը, որից պէտք ա սկսենք, գիւղի մասին չի, այլ` գիւղի դիմացը գտնուող սահմանի. էս էլ ա շատ կարեւոր, չշփոթէք յանկարծ: Որ այս գիւղերի դիմացը գտնուող սահմանների դելիմիտացիային ամբողջական մենք պատրաստ ենք. Հայաստանի կողմից` Բաղանիս, Ադրբեջանի կողմից` Բաղանիս Այրում: Ես ուզում եմ մենք ֆիքսենք (ճշդենք), որ նոյն գիւղերը չեն սրանք. անունների մէջ կայ Բաղանիս, Այրում, Խորհրդային Միութեան ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյութիւն ա ունեցել Բաղանիս Այրում գիւղ, Հայաստանում` դիմացը` Բաղանիս գիւղ: Յաջորդը` Հայաստանի կողմից Ոսկեպար գիւղ եւ Ոսկեպարի դիմացը գտնուող սահմանը, որը ադրբեջանական մօտաւորապէս Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատուածի մասին է: Շարունակութիւնը` Հայաստանի կողմից Կիրանց գիւղ եւ նրա դիմացը գտնուող գիւղ, որը ադրբեջանական կողմից էդ հատուածում Խէյրեմլի (Խէյրիմլի) գիւղ: Հայաստանի կողմից` Բերքաբեր գիւղ եւ Բերքաբերի դիմացը գտնուող սահմանի հատուածը, որը Ադրբեջանի կողմից կը համընկնի Կիզիլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի) գիւղի հետ: Կիզիլ Հաջիլի գիւղը Ադրբեջանի տիրապետութեան ներքոյ ա էսօր էլ, երէկ էլ: Եւ ընդ որում, ուզում եմ ասել, որ բոլոր այս գիւղերը ոչ անկլաւային (միջերկիրի վիճակին մէջ) գիւղեր են», Ազգային ժողովին մէջ յայտարարեց Փաշինեան:
Ան նշեց, որ Հայաստանի համար սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը Ալմա Աթայի հռչակագիրն է: «Հայաստանը պատրաստ է այս հատուածում ամբողջական սահմանազատում իրականացնել` խորհրդային հանրապետութիւնների իրաւասու մարմինների կայացրած որոշումների, տոպոգրաֆիական (երկրաբանական) քարտէզների եւ փաստաթղթերի հիման վրայ», ընդգծեց Փաշինեան:
Պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեանի հարցումին, թէ ի՛նչ պիտի ստանայ Հայաստան` զիջելով այդ տարածքները՝ Փաշինեան ըսաւ. «Մենք ստանում ենք պետական սահման: Այո՛, մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան տարածքներ կան, որոնք գտնւում են օկուպացիայի (գրաւման) տակ, եւ այս ձեւակերպմամբ արդէն ակնյայտ է, որ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի որեւէ մի հատուած Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը չի պատրաստւում որեւէ մէկին զիջել»:
«Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեան հարցուց, թէ վստա՞հ է, որ Ատրպէյճան դուրս պիտի գայ Հայաստանի բռնագրաւուած տարածքներէն: «Նախ էդ հարցի պատասխանը տալու եւ էդ հարցը լուծելու համար մենք պէտք է ֆիքսենք` ո՞րն է մեր տարածքը: Եւ մեր տարածքը ֆիքսելը առաջին կարեւոր եւ պարտադիր նախապայմանն է եւ քայլն է, որով պէտք է մենք ձեւակերպենք մեր տարածքներից դուրս գալու պահանջը դէ իւրէ, դէ ֆակտօ եւ քաղաքական», պատասխանեց Փաշինեան: