
11 Ապրիլին, Ազգային ժողովին մէջ, վարչապետ Նիկոլ Փաշինեան հաստատեց, որ իշխանութեան համար Խոր Վիրապէն քանի մը մեթր անդին Թուրքիա է, իսկ պատմական Հայաստանի տրամաբանութեան վերադառնալու ռազմավարութիւնը անկարելի է:
Ըստ անոր՝ պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի հայեցակարգերուն միջեւ տարբերութիւն կայ Հայաստանի իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ, որոնց միջեւ բանավէճ ծագած է այս հարցով:
«Մենք սերում ենք Կիլիկիայից, Հայկական բարձրաւանդակից, Վանի թագաւորութիւնից: Մեր բանավէճը սրա մէջ է՝ մենք աշխարհին պէտք է նայենք Վանի թագաւորութեան աշտարակի՞ց, թէ՞ Հայաստանի Հանրապետութեան աշտարակից: Սրանում է հայեցակարգային մեր բանավէճը», ըսաւ Փաշինեան:
Ան պատասխանեց այն հարցումին, թէ ինչպէ՛ս կարելի է որեւէ տեղ ըլլայ 7րդ դարու հայկական եկեղեցի մը եւ քանի մը մեթր միւս կողմը՝ Ատրպէյճան:
«Սա շատ կարեւոր հարց է: Իսկ ինչպե՞ս կարող է լինել 7րդ դարի եկեղեցի, իսկ մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետեւ Խոր Վիրապը մեր քրիստոնէութեան ակունքը գտնւում է մի տեղ, որից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է: Հայեցակարգային բանավէճն այստեղ է: Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թէ՞ չենք ընդունում: Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը եւ քաղաքական մեծամասնութիւնը ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է եւ Հայաստանի կառավարութեան համար այս արձանագրումը անվտանգութեան ապահովման կարեւորագոյն միջոց է: Եւ ռազմավարական ընտրութիւնն հէնց սրա մէջ է:
Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկայ, մենք ընտրում ենք պատմական Հայաստան: Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք իրական Հայաստանը: Նոյն մօտեցումն է Ոսկեպարի դէպքում: Այն ճանապարհները, որով մենք դուրս ենք գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից մեր մտքում, քաղաքականապէս, երբեմն ոչ քաղաքականապէս այդ ճանապարհները հնարաւորութիւն են տալիս ուրիշներին մտնել մեր ինքնիշխան տարածք: Ասում եմ, որ մենք այդ ճանապարհը պէտք է փակենք: Սա պէտք է արձանագրենք որպէս ռազմավարական մշտականութիւն: Մենք պէտք է արձանագրենք պատմական Հայաստանի տրամաբանութեանը վերադառնալու ռազմավարական անհնարինութիւնը: Այստեղ է մեր բանավէճը իրականում: Եւ սա կարեւոր բանավէճ է», եզրափակեց Փաշինեան: