
ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
Ապրիլի 24ը մեզ համար խնկարկումի, բայց նաեւ յարութեան օր է, հայ բիւրաւոր սուրբ նահատակների անմոռաց յիշատակի օրը: Համայն հայութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում, ոգեկոչում է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը:Այս տարի լրանում է 1915ին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան 109րդ տարելիցը։
Աւանդութեան համաձայն, սուրբ նահատակների յիշատակի մերձակայ շաբաթ օրը, «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը դասերն սկսում է յարգանքի, աղօթքի ու լինելիութեան ուխտի արարողութեամբ։ Արեւմտեան թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեաց Մայր տաճարում աշակերտներին իր օրհնութիւնը բաշխեց առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը: Սրբազան հայրը ներկաներին իր պատկերաւոր խօսքով յիշեցրեց. «Խորհրուրդն այն պէտք է լինի, որ մենք մեր ուխտը նորոգենք Եղեռնի սուրբ նահատակների առաջ, պահպանենք հայ լեզուն, մշակոյթը եւ մեր ինքնութիւնը»: Այնուհետեւ սրբազանը ներկայացրեց իրեն ընկերակցող հոգեւորականներին, որոնք նոր էին ժամանել Մայր աթոռ Ա. Էջմիածնից։
Ապա աշակերտներն ուսուցիչների, ծնողների եւ բոլոր ներկաների ուղեկցութեամբ գնացին սուրբ նահատակների խաչքարի առջեւ իրենց խոնարհումը մատուցելու: 2ից մինչեւ 6րդ դասարանների աշակերտները հպարտութեամբ արտասանեցին Պարոյր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծութիւնը, ինչպէս նաեւ այլ հայրենասիրական ստեղծագործութիւններ, ապա, «Տէրունական աղօթք»ի միասնական երգեցողութիւնից յետոյ, իրենց ծաղիկները խոնարհեցին։
Ապրիլի 21ին, դպրոցականները եկել էին մասնակցելու Ս. պատարագի։ Հետաքրքիր պատահականութեամբ, սրբազան արարողութեանը ներկայ էր նաեւ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամաւոր Կարօ Փայլանը, որը յայտնի է Հայոց Ցեղասպանութեան համար երկար տարիների անկոտրում պայքարով։
Օրուայ խորհուրդը համալրուեց նաեւ գեղեցիկ զուգադիպութեամբ։ Առաջնորդը եւ թեմի Երիտասարդաց միութիւնը անակնկալ էին պատրաստել օրուայ պատարագիչ, Երեմիա վարդապետ Աբգարեանի համար, քանի որ լրացել էր բոլորի կողմից շատ սիրուած հայր սուրբի ծննդեան 40-ամեայ յոբելեանը։
Պատարագի ընթացքում աշակերտները ստացան առաջնորդին մասնաւոր օրհնութիւնը։ Սրբազանը նաեւ ներկաներին տեղեկացրեց, որ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը գաղութի համար պատրաստում է հրաշալի անակնկալ, որը նոր էջ է բացելու Սփիւռքի միօրեայ դպրոցների կրթական կեանքում։