
Ներկայացուց՝ ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ
Մեծահարուստ եւ յայտնի բարեգործ եղբարք Թումանեանները առաջինն էին, որ Պարսկաստանում հիմնեցին բանկային սիստեմ (դրամատնային համակարգ): Նոյնպէս նրանք առաջինն էին, որ Պարսկաստանում սկսեցին տպել պարսկական դրամ՝ թուման եւ ղռան:
Այս հանգամանքը պատճառ դարձաւ այն մտքին, որ պարսկական թումանին անունը այդ յայտնի գերդաստանի անունից է վերցուած, որը ճիշդ չէ:
Թուման բառը մոնղոլական է եւ նշանակում է 10,000: Այդ բառը դեռեւս 1798ից գործ էր ածւում Պարսկաստանում եւ այն ժամանակ թումանը հաւասար էր 8 ռիալի: Ապա 1825ից ընդունուեց ղռանը, որը հաւասար էր 1000 դինարի կամ մէկ թումանի:
1932ին ռիալը ընդունուեց որպէս Պարսկաստանի պաշտօնական դրամ, բայց ժողովուրդը իր առօրեայ կեանքում մինչեւ օրս էլ թումանով է առեւտուր անում:
Թումանը շատ վերիվայրումներ է ունեցել: Օրինակ, 18րդ դարում Ամերիկայի Միացեալ նահանգներից հարիւր հազար դոլար է ուղարկւում Պարսկաստան, ինչ որ մի դաւանանքի համար աղօթատեղի կառուցելու: Երբ փոխանցում են պարսկական դրամի, ստացւում է մօտ յիսուն հազար թուման, այսինքն այն ժամանակ երկու դոլարը հաւասար է եղել մէկ թումանի:
Պարսկական դրամը տարիների ընթացքում գնալով արժեզրկուեց: Միայն մի որոշ ժամանակ, վերջին թագաւորի տարիներին կայուն էր, եօթը թումանի շուրջ, որից յետոյ ունեցաւ ահռելի անկում:
Այսօր, մէկ դոլարը հաւասար է 30 հազարից աւելի թումանի:
Յայտնի վաճառական Թումանեան եղբայրները առեւտրական սենեակներ են ունեցել Իրանի մի քանի քաղաքներում, դրանց թւում նաեւ Ղազուինում: Դեռ մինչեւ այսօր էլ Ղազուինի փակ շուկայի կենտրոնական մասում նշմարւում են Թումանեան եղբայրների գրասենեակի կիսաւեր պատերը:
Իրանի արտաքին առեւտրի ասպարէզում Ռուսաստանից կամ Թիֆլիսից եկած հայ առեւտրականները լայնածաւալ աշխատանք են տարել: Նրանցից ոմանք առաջին անգամ լինելով Թաւրիզում, Ղազուինում դրամատներ են հիմնել եւ օգտակար եղել երկրի տնտեսական զարգացումին: Իսկ Նոր Ջուղայից մետաքսի առեւտրով զբաղող բազմաթիւ առեւտրականներ մեկնեցին Հնդկաստան, Ջաւա եւ այլ երկրներ եւ շատ մեծ յաջողութիւններ ունեցան: