
ՏՕՆ ԿԱԹՈՒՂԻԿԷ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը, Յունիսի 2ին Եպիսկոպոսական Ս. պատարագ մատուցեց եւ քարոզեց Հոլիվուդի Ս. Կարապետ Մայր եկեղեցում: Առաջնորդ սրբազանին եկեղեցու դիմաց հանդիսաւոր կերպով դիմաւորեցին եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանն ու Հոգաբարձութեան անդամները: Սրբազան հայրը կատարեց աղ ու հացի օրհնութիւն եւ պատանի սկաուտների առաջնորդութեամբ մուտք գործեց եկեղեցի:
Յատկանշական էր, որ թեմի նորընտիր առաջնորդի այցը Մայր եկեղեցի տեղի ունեցաւ Կաթուղիկէ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տօնին: Սրբազանի քարոզն էլ համահունչ էր օրուայ խորհրդին` «Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի, պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային» շարականագրի բառերով որպէս քարոզի բնաբան:
Սրբազանն իր խօսքում նշեց, որ Հայ եկեղեցու յատակագծի ճարտարապետը Քրիստոս ինքն է, որովհետեւ երկնքից երկիր իջաւ եւ Ս. Գրիգոր Լուսաւորչին ցոյց տուեց վայրը, որտեղ պիտի կառուցուէր Ս. Էջմիածնի Մայր տաճարը: Առաջնորդը ընդգծեց, որ Ս. տաճարի կառուցումը Լուսաւորիչ հայրապետի, Տրդատ թագաւորի եւ ժողովրդի համատեղ ջանքերի արդիւնքն էր: «Հայ եկեղեցին դարեր շարունակ ո՛չ միայն որպէս քարեղէն կառոյց շօշափելի, թանձրական ներկայութիւն դարձաւ մեր ժողովրդի կեանքում, այլեւ` ոգեղէն, ապրող եւ ներշնչող ներկայութիւն ունեցաւ: Այն հայ ժողովրդի համար դարձաւ միութեան ամրակուռ խարիսխ եւ մեր մաքառումների ու խոյանքների ներշնչարան: Արդարեւ, Հայ եկեղեցին միայն աղօթավայր ու սրբավայր չեղաւ, այլ դարձաւ մեր հանճարի հնոցն ու մեր ազգային շաղախը: Այն մեզ համար եղաւ եւ է՛ մեր ազգային անկորնչելի հարստութեան հաւատարիմ պահապանն ու մեր ազգային միութիւնը պահող կենտրոնական սիւնը», իր քարոզում նշեց առաջնորդ սրբազանը` համայնքին յորդորելով կառչել հայ եկեղեցու ազգային միութեան նկարագրին:


Ս. Խորանին սպասարկում էին եկեղեցու հոգեւոր հովիւը, սարկաւագներ ու դպիրներ: Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը խնդութեամբ եւ ուրախութեամբ ողջունեց եւ շնորհակալական խօսք ուղղեց առաջնորդ սրբազանին, որ յանձն առաւ պատարագել, պատգամել եւ բոլորի սրտերն ամենայն խնդութեամբ յագեցնել:
Սուրբ պատարագի աւարտից յետոյ, առաջնորդ սրբազանն ուղղուեց եկեղեցու «Կարապետեան» սրահ` մասնակցելու ի պատիւ իրեն կազմակերպուած ձեռնարկին, որը նաեւ առիթ էր ջերմ մթնոլորտում ծանօթանալու Հոլիվուդում գործող միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, բարերարներին ու աջակիցներին:
Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանն ողջունեց նորընտիր առաջնորդին, ու ներկայացրեց պատարագին եւ միջոցառմանը մասնակից, համայնքի կեանքում նշանակալի ներդրում ունեցած անհատների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներին: Մտերմիկ հանդիպմանը ներկայ էին Ազգային վարչութեան ատենապետ Վահէ Յովակիմեանը, փոխատենապետ Մհեր Տէր Յովհաննէսեանն ու անդամ Ծովիկ ԶԷյթլեան, Կենտրոնական վարչութեան անդամ Կայծակ Զեյթլեանը, Ս. Կարապետ եկեղեցու օծման կնքահայր Վահէ Կարապետեանը, եկեղեցու նոր խորանի նուիրատուներ` Տաղլեան ամոլը, եկեղեցու հոգաբարձուները, ազգային երեսփոխանները, Տիկնանց միութեան անդամները, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի ուսումնական խորհրդի, «Գարեգին Նժդեհ» կոմիտէութեան, ՀՕՄի Հոլիվուդի «Մայր» մասնաճիւղի, ՀՄԸՄի, Հայ Դատի յանձնախմբի անդամները, Եկեղեցասիրաց եղբայրակցութեան, կիրակնօրեայ դպրոցի, «Ասպարէզէ թերթի, Տարօն-Տուրուբերան հայրենակցական միութեան, Ռումինահայ հայերենակցական մշակութային միութեան ներկայացուցիչները, Հայ Ամերիկեան թանգարանի գործադիր տնօրէնը: «Այս միութիւններն ու անձերն են, ովքեր Հոլիվուդի մեր նաւը խաղաղ ջրերի վրայ նաւարկել են եւ յաջողութիւններ արձանագրել», նշեց Ս.Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւը` շնորհակալութիւն յայտնելով միջոցառման կայացմանը աջակցող բարերարներին: Իր խօսքի աւարտին, Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը Ս. Կարապետ Մայր եկեղեցու անունից խաչի տեսքով յուշանուէր յանձնեց սրբազան առաջնորդին:
Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը սիրով ընդունեց եկեղեցու մեծ ընտանիքի, շրջանի միութիւնների ներկայացուցիչների, բարերարների սրտաբուխ շնորհաւորանքներն ու շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար:


Առաջնորդ սրբազանը, «Ասպարէզ»ի հարցումով անդրադարձաւ Սուրբ Կարապետ Մայր եկեղեցի իր այցին, եւ հայ ժողովրդի կեանքում եկեղեցու դերին: «Որպէս նորընտիր առաջնորդ, այցելում եմ մեր համայնքի բոլոր ծուխերը, եւ այսօր Սուրբ Կարապետ Մայր եկեղեցու կարգն էր, որ մեր հինգ կարեւոր ծուխերից մէկն է: Այսօրուայ օրն էլ հետաքրքիր էր` նշում ենք Կաթուղիկէ Սուրբ Էջմիածնի տօնը: Քրիստոսի կողմից է մեզ թելադրուած եկեղեցաշինութիւնը, որ սկիզբ առաւ երբ Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքով: Միւս իւրայատկութիւնն այն է, որ եկեղեցաշինութեան մէջ արտայայտուել է հայ եկեղեցու ազգային, ժողովրդային զօրաւոր նկարագիրը, երբ Լուսաւորիչն ու Տրդատ թագաւորը միասին կառուցեցին, եւ այդ գործին մասնակից եղաւ նաեւ ժողովուրդը: Սա խորհրդանշական պատկեր է, որ վկայում է, որ հնուց ի վեր, հայ եկեղեցու կեանքում հայ ժողովուրդը դեր է ունեցել, ի տարբերութիւն այլ եկեղեցիների, որ մինչեւ այսօր մեծապէս կղերապետական են: Հայ ժողովուրդն ու հայ եկեղեցին այնքան միախառնուել են պատմութեան մէջ, որ ժողովրդի եկեղեցին է դարձել` պահելով իր եկեղեցական, կրօնական առաքելական, աւանդոյթները», նշեց սրբազանը:
Գեղամ արք. Խաչերեանն ընդգծեց, որ հայ եկեղեցին, իր պատմութեան ընթացքում հարկադրուած է եղել հոգեւոր եւ կրօնական առաքելութիւնից զատ նաեւ այլ պարտականութիւններ ստանձնել մեր ժողովրդի կեանքում` յատկապէս տիրութիւն անել այնտեղ, որտեղ պետական հայկական իշխանութիւն չի եղել: «Եւ դրա մէկ այլ պատկերն է Սփիւռքը: Երբ ամբողջ աշխարհում սփռուեցինք, հայերը որտեղ էլ գնացին, հայ եկեղեցու հովանու ներքոյ հաւաքուեցին, եւ դա ընդունելի եւ հանդուրժելի եղաւ օտար կրօնների, քաղաքական կառոյցների կողմից: Եկեղեցու առաքելութիւնն է ժողովել բոլորին` անկախ իրենց նախասիրութիւններից, այս կամ այն միութեանը պատկանելիութիւնից եւ նպատակներից: Եկեղեցին որտեղ էլ լինի` իր կամարի տակ է առնում բոլորին, որովհետեւ հայացած է, հայկական դրօշ ենք դրել հայ քրիստոնէութեան վրայ, եւ միայն հայ եկեղեցի այցելելն արդէն հայկականութիւն է», ընդգծեց սրբազանը` նշելով, որ շատ ուրախ էր Ս.Կարապետ Մայր եկեղեցի իր այցի ժամանակ ականատես լինելու, որ հաւաքուել է ողջ համայնքը, եւ եկեղեցու համախմբող առաքելութիւնը պէտք է շարունակուի: