
ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՄԱՄԼՈՅ ԱՍՈՒԼԻՍ ՄԸ ՈՒՆԵՑԱՒ
«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումի առաջնորդը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեան 19 Յունիսին տուաւ մամլոյ ասուլիս մը եւ ներկայացուց ընթացիկ զարգացումները եւ շարժումին հետագայ ծրագիրները:
Բագրատ սրբազան նախ շնորհակալութիւն յայտնեց լրատուամիջոցներուն մինչեւ օրս իրենց կատարած ծանր աշխատանքին համար, որ կը միտի միայն ճշմարտութեան տարածման: «Դուք այս ամբողջ ժամանակահատուածում ոչ միայն կատարել էք ձեր մասնագիտական պատասխանատուութիւնը, միաժամանակ մարտնչել էք ստի դէմ», ըսաւ ան:
Անդրադառնալով ներկայ իշխանութիւններուն կեցուածքին` Բագրատ սրբազանը ըսաւ, որ այլեւս որեւէ օրինականութիւն չունեցող իշխանութիւնը արիւնատենչ, արեան ձգտող, միայն իր փողի ու աթոռի իշխանութիւնը պահպանելուն կոչուած փոքրիկ խումբ մըն է, որ պատրաստ է ընել ամէն ինչ, ինչպէս վկայեց 12 Յունիսին:
«Այս մարդը բոլորին վախեցնում է պատերազմով, բայց չի ասում, որ թշնամուն բերում դնում եմ ուղիղ ձեր տան մէջ, փոխարէնը ռիսկերը (վտանգները) ոչ թէ վերացնում եմ, այլ ընդամէնը նուազեցնում», ըսաւ սրբազանը՝ անդրադառնալով Փաշինեանի վարած քաղաքականութեան:
Ըստ անոր՝ 12 Յունիսէն ետք իրենք մտած են պայքարի վերադասաւորման փուլ մը: «Պայքարն աւելի ներառական ու ընդգրկուն է դառնալու: Բովանդակութիւնը մնացել է նոյնը: Շարժումը շարունակւում է էլ աւելի մեծ թափով, էլ աւելի կազմակերպչական վերադասաւորումներով, որին դուք շատ շուտ ականատես կը լինէք, նաեւ մասնակից կը լինէք»։
Սրբազանը նշեց, որ այսօր եւս կը շարունակուին հալածանքները, մարդիկ տուներէն հանելով, վախցնելով եւ սարսափեցնելով զուտ այն պատճառով, որ անոնք ճշմարտութեան համար պայքարի ելած են: «Նաեւ գործարարների վրայ կան ճնշումներ: Բոլոր միջոցներով փորձում են վախեցնել մարդկանց, բայց ոչ ոք ոչ նահանջելու, ոչ ընկճուելու, ոչ պայքարի հրաժարուելու միտում ունի: Այս ամէնի պատասխանատուն մէկ մարդ է` կառավարութեան ղեկին նստող ստախօսն է եւ ոստիկանութեան գլխին գտնուող այն մարդիկ, որոնք այդ հրամանները իրագործել են կամ տուել են: Մենք բոլոր փաստերով հաղորդումներ կը ներկայացնենք։ Այս ընթացքում բերման են ենթարկուել, ձերբակալուել ու կալանքի են ենթարկուել միայն քաղաքացիները, ոչ մի ոստիկանի նկատմամբ վարոյթ չկայ», ընդգծեց Բագրատ սրբազանը:
Ան յայտարարեց, որ իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը կը մնայ նոյնը` «գործող իշխանութեան հեռացումը, հրաժարեցումը»։
«Այս շարժումը քաղաքական յենարան չունի, բոլոր փորձերը կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ: Ես որեւէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ: Ես մտերմութիւն ունեմ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ նախագահների շրջապատի հետ: Նաեւ ուզում եմ շեշտել, որ թէպէտ ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանութիւնների ժամանակ, սակայն թշնամի չեմ եղել: Թերութիւններ եղել են բոլոր իշխանութիւնների ժամանակ, սակայն դրանք ողբերգութիւն չեն եղել, հայրենիք չեն յանձնել: Եւս մի հարց, ինձ հրաւիրել էին ռուսական միջոցառման, սրանք աղմուկ էին բարձրացրել: ԱՄՆն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրաւիրէին, էլի կը գնայի», դիտել տուաւ սրբազանը։
Ըստ փաստաբան Արսէն Բաբայեանի` 12 Յունիսը ոստիկանութեան կողմէ իրականացուած դաժան եւ աննախադէպ երեւոյթ մըն է: «Մեր համոզմամբ, ի սկզբանէ պլանաւորուած (ծրագրուած) էր որպէս պատժիչ գործողութիւն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցում են այս շարժմանը: Կան փաստագրուած տուեալներ, որ նռնակները նետուել են առանց որեւէ դիմադրութեան կամ յարձակման: Այսինքն, մինչեւ առաջին նռնակը նետուելը, քաղաքացիների կողմից չի իրականացուել որեւէ այնպիսի գործողութիւն, որը կը ստեղծէր իրաւաչափ պայմաններ`յատուկ միջոցների կիրառման համար: Իսկ մինչ յատուկ միջոցների կիրառումը առանձին դաժանութեամբ ծեծի են ենթարկել քաղաքացիներին», ըսաւ Բաբայեան:
Ան նաեւ նշեց, թէ ոստիկանութեան կողմէ քաղաքացիներուն նկատմամբ դրսեւորուած նկատելիօրէն վատ վերաբերմունքը սկսաւ Կիրանցէն, երբ կանգնեցուցին մարդոց ինքնաշարժները, զորս տարին տուգանային հրապարակներ` առանց լուրջ հիմնաւորումներու:
«Քանի որ պլաստմասէ (կերպընկալէ) շշերով հնարաւոր չէ բռնութիւն կիրառել, մարդկանց սկսել են ձերբակալել խուլիգանութեան մեղադրանքներով: ՀՅԴ անդամներին ապօրինի ձերբակալում են, իբր մարդկանց նիւթական առումով շահագրգռելու համար», ըսաւ Բաբայեան։
Ասուլիսին ընթացքին Բագրատ սրբազանը անդրադարձաւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումի առաջնորդներէն Սուրէն Պետրոսեանին: «Սուրէն Պետրոսեանին հանդիպել եմ Յունիսի 13ի երեկոյեան, այդ դէպքից յետոյ, որը մեզ համար անհասկանալի մնաց: Խօսել եմ իր հետ, մանրամասն քննարկել ենք հարցերը: Ինքը պատմել է եղելութիւնը: Ես ընդունել եմ այնպէս, ինչպէս պատմել է, որովհետեւ այլ միջոց չունենք քննելու: Սուրէնը խնդրեց, որ մի քանի օրով արտերկիր պէտք է մեկնի: Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրէնին, թէ ինչ է իրականում տեղի ունեցել եւ որոշելու, թէ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թէ՞ ոչ: Ես այդ օրը բեմից էլ յայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկութիւնների, Սուրէն Պետրոսեանն առեւանգուել է: Դա ինքը պէտք է կարողանայ հաստատել»:
Ասուլիսին ընթացքին Գառնիկ Դանիէլեան՝ հրապարակելով կիրանցիներուն պարտադրուած գաղտնի դիմում-փաստաթուղթը, որ կը վերաբերի անոնց սեփականութեան իրաւունքին`ըսաւ. «Իրաւական գործընթաց ենք սկսելու»:
Գառնիկ Դանիէլեանի խօսքին վրայ աւելցնելով իրը՝ Բագրատ սրբազանը ըսաւ․ «Կիրանցի ժողովրդի մի մասն էնքան արժանապատուութիւն ունի, որ փոխհատուցումը մերժել է: Գիտէք ի՜նչ գումարներ են առաջարկում, մի հատ փոքրիկ տնակի համար, որ դրուած էր գիւղ մտնող ոլորանի վրայ, 50 հազար դոլար են առաջարկել: Մարդն ասել է` այդ տնակը 1000 դոլար հազիւ արժենայ, ինչո՞ւ էք 50 հազար առաջարկում: Այսինքն` կաշառք են տալիս. բա սա նիւթապէս շահագրգռելու յօդուած չի՞: Որտեղի՞ց են էդ գումարները, պետական բիւջէից են տրամադրո՞ւմ»:
Ան նաեւ դիտել տուաւ, որ ներկայ դրութեամբ չկան Ոսկեպարի ուղղութեամբ այն փշալարերը, որոնց նկարները կը տարածեն: «Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարաւոր ծայրերից: Ես ամսի 21ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թէ այդ ի՛նչ ցանկապատեր են, ինչ փշալարեր են, որ մեր ամրութիւնն են ապահովելու: Հիմա դրանք գոյութիւն չունեն: Մի գուցէ ինչ-որ մի հատուածում դրել են, նկարել են, ես կարծում եմ` դա էլ է սուտ: Իր ներկայանալն էլ է սուտ, հեծանիւ քշող ատլետիկ մարմինն էլ է սուտ: Բոլոր առումներով ստի մէջ են»:
Սրբազանը անդրադարձաւ նաեւ բանակի վիճակին` հարցնելով, որ արդեօք մէկը գիտէ՞ ինչ կացութեան մէջ է այսօր բանակը։ «Հնդկական զէնք էին բերում, թող ասեն` ինչքա՞ն են բերել հնդկական զէնք, գործածւո՞ւմ է դա, թող ցոյց տան: Հիմա կ՛ասեն` գաղտնի է: Բա եթէ գաղտնի է, ինչո՞ւ էիք հրապարակում, ինչու էիք գլուխ գովում: Էլ ֆրանսիական մեքենաների մասին չեմ ասում, թէ ինչքան քննադատութիւն տեղի ունեցաւ: Ես մասնագէտը չեմ, որ ասեմ դրանց մասին, բայց հրապարակում լեցուն քննադատութիւն է եղել եւ ոչ մի արձագանգ»։
Եւրոպական Միութեան անդամագրուելու շուրջ հանրաքուէ իրականացնելու մասին հարցումի մը պատասխանելով՝ Բագրատ սրբազանը յայտնեց, որ Նիկոլ Փաշինեան եւս կը խօսի հանրաքուէի մասին, առ այդ, մտավախութիւն չկա՞յ, որ դէպի արեւմուտք անուան տակ անկախութեան հռչակագիրէն պիտի հրաժարին։
«Եւրոպական Միութեան անդամագրուելն այս պահին անիրատեսական է խորքային եւ գործընթացների իմաստով: Մի գուցէ ինչ-որ ժամանակ հնարաւոր լինի, բայց դա չափազանց ծանր, դժուար, պահանջներով գործընթաց է: Ի՞նչ են ուզում, ԵՄ մուտքը ինչպէ՞ս են ուզում ներկայացնել: Ժողովրդին ասելու են` այս գործընթացին համաձայնուեցիք, ազատ վիզա էք ստանալու Եւրոպա գնալ գալու համար: Այդ պրիմիտիվիզմի (հնաւանդապաշտութեան) աստիճանի են իջեցնելու», ըսաւ ան։
Սրբազանը դիտել տուաւ, որ Եւրոպա ազատ ելեւմուտքի անուան տակ պիտի խաբեն ժողովուրդը, պիտի փորձեն իրականացնել Սահմանադրութեան փոփոխութիւն եւ անկախութեան հռչակագիրէն հրաժարում։ «Այլ կերպ իրենք հնարաւորութիւն չունեն, այս կերպ էլ չեն ունենալու, որովհետեւ դա խաբէութիւն է: Կը փորձեն, թո՛ղ փորձեն», նշեց ան։