Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ցաւակցական հեռագիր մը յղեց Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինին՝ Տերպենթի եւ Մախաչքալայի մէջ կատարուած ահաբեկչութեան գծով:
Հեռագիրին մէջ կ՛ըսուի հետեւեալը. «Խոր ցաւով ընդունեցի Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած եւ անմեղ քաղաքացիների եւ իրաւապահների մահուան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչութիւնների մասին ողբերգական լուրը: Հայաստանի Հանրապետութիւնը խստօրէն դատապարտում է այս ահաբեկչութիւնը եւ անընդունելի է համարում բռնութեան ցանկացած դրսեւորում:
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից կարեկցանքի եւ զօրակցութեան խօսքեր փոխանցել զոհուածների ընտանիքներին եւ մերձաւորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում»:
Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը եւս «Էքս»ի իր էջին ճամբով դատապարտեց դէպքը: «Խորապէս վշտացած ենք Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչութիւնների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կեանքեր խլեցին: Մեր անկեղծ ցաւակցութիւնն ենք յայտնում զոհերի հարազատներին եւ մերձաւորներին: Խստօրէն դատապարտում ենք ահաբեկչութիւնն իր բոլոր դրսեւորումներով», կ՛ըսուի Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութեան մէջ։