
Շոկոլադը (տուրմը) ոչ միայն համեղ է, այլեւ օգտակար: Այն պատրաստւում է կակաոյի հատիկներից: Շոկոլադի վրայ նշուած կակաոյի տոկոսը պարունակուող կակաոյի քանակն է: Որքան մեծ է կակաոյի պարունակութիւնը շոկոլադի մէջ, այնքան մեծ է դրա հակաօքսիդանտ յատկութիւնը: Ահա թէ ինչու մուգ շոկոլադը պարունակում է ամենաշատ հակաօքսիդանտները: Ընտրէք մուգ շոկոլադ, որը պարունակում է առնուազն 70% կակաօ, ապա փորձէք աստիճանաբար անցնել 90% շոկոլադին: Կաթնային շոկոլադի հակաօքսիդանտների պարունակութիւնը, սակայն, բաւականին ցածր է, իսկ սպիտակ շոկոլադը չունի, քանի որ այն չի պարունակում կակաօ:
Կակաոյի հակաօքսիդանտները նպաստում են սրտանօթային հիւանդութիւնների, նէյրոդեգեներատիւ (ջիղերը այլասերող) խանգարումների եւ նոյնիսկ քաղցկեղի կանխարգելմանը:
Խորհուրդ է տրւում շոկոլադը վայելել կէսօրին: Գրեթէ 20 գրամ մուգ շոկոլադ օգտագործելը (կամ երկու սալիկ) օրգանիզմին տալիս է հակաօքսիդանտների արժէքաւոր չափաբաժին եւ համարւում է առողջարար սնունդ: Շոկոլադը նաեւ շատ հարուստ է մագնեզիումով` իր կակաոյի պարունակութեան շնորհիւ: Քանի որ շոկոլադը նաեւ շաքար է պարունակում, այն առաւելագոյնին է հասցնում սերոտոնինի` նեարդային հաղորդիչի գործողութիւնը, որը տրամադրութեան հիմնական որոշիչն է, հանգստութեան եւ բաւարարուածութեան զգացում է փոխանցում: Շոկոլադը ներուժ է հաղորդում ու իջեցնում այրան ճնշումը: Ի վերջոյ, շոկոլադի մէջ պարունակուող որոշ հակաօքսիդանտներ (ֆլաւոնոլներ) կարող են նպաստել մեր առողջութեան համար օգտակար աղիքային բակտերիաների աճին, ինչը նշանակում է, որ դրանք կարող են օգտակար լինել աղիքային ֆլորայի համար:
Մուգ շոկոլադը բացի հակաօքսիդանտներից պարունակում է մեծ քանակութեամբ կարեւոր հանքանիւթեր (երկաթ, մագնիզիում, պղինձ եւ այլն): Երկաթի օրական չափաբաժնի 67 տոկոսը ստանալու համար պէտք է օգտագործել 70-85 տոկոս կակաօ պարունակող շոկոլադի 100 գրամ, ինչը 600 կիլոկալորիա է:
Շոկոլադը կանխում է LDL խոլեստերոլի օքսիդացումը, որն աթերոսկլերոզի հիմնական պատճառներից է: Բարելաւում է արեան անօթների ներքին շերտը կազմող բջիջների գործառոյթը եւ բարձրացնում ինսուլինի զգայնութիւնը:
Շոկոլադը շարունակում է մնալ բարձր կալորիականութեամբ մթերք, որը պարունակում է ճարպ: Այսպիսով, դուք պէտք է սահմանափակէք ձեր ընդունումը օրական 70% մուգ շոկոլադի երկու կամ երեք սալիկով:
Խուսափէք անորակ շոկոլադից: