
«Դրօշակ»ի 2024 թ. Յուլիսի համարն ընթերցողն այսօրուանից կարող է գտնել համացանցում: Պաշտօնաթերթի հերթական համարի առանցքում դարձեալ հայութեան եւ Հայաստանի տագնապալի ներկան է եւ մտահոգիչ հեռանկարը: «Հայ Դատ» խորագրի ներքոյ այս թեմային անդրադարձ է քաղաքագէտ Մարի Յովհաննիսեանի «Նիկոլ Փաշինեանի 2024 Թուականի Ապրիլքսանչորսեան Ուղերձի Եւ Թուրք Ժխտողների Հռետորաբանութեան Նմանութիւնները» յօդուածը: Յօդուածի խորագիրը յուշում է, թէ ինչի մասին է այն, իսկ մեր կողմից աւելացնենք միայն, որ հեղինակն ասելիքը հիմնաւորում է կոնկրետ (յստակ) օրինակներով եւ փաստարկներով:
«Դրօշակ»ն այս անգամ ներկայացնում է նաեւ ազգային անվտանգութեան խնդիրների մասնագէտ Արփի Յովհաննիսեանի իրաւաքաղաքական բնոյթի երկու յօդուածները: Յօդուածներից առաջինում հեղինակը գրում է այն մասին, թէ ազգային անվտանգութեան առումով, ինչպէս եւ հայոց պետականութեան դէմ ուղղուած ինչպիսի վտանգներ է պարունակում իշխանութեան նախաձեռնած նոր սահմանադրութեան ընդունման գաղափարը: Ըստ էութեան, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պարտադրուած այս պահանջն ուղղուած է հայոց ինքնիշխանութեան, ազգային ինքնութեան եւ ռազմավարական հիմնասիւների դէմ:
Հեղինակի յաջորդ յօդուածը նուիրուած է վերջին շրջանում իշխանութեան կողմից շրջանառութեան դրուած Եւրամիութեանը անդամակցելու հարցին: Փորձելով սին խանդավառութեան քօղածածկոյթ ստեղծել այս անորոշ ծրագրի շուրջ` իշխանութիւնը փորձում է դրա ետեւում իրականացնել թշնամուն հերթական տարածքային զիջումների դաւադրութիւնը:
«Դրօշակ»ի այս համարում պատմաբան եւ քաղաքագէտ Վահէ Սարգսեանը սկսել է հետաքրքիր յօդուածաշարի հրապարակումը հետեւեալ խորագրի ներքոյ. «Ռուս-Վրացական Յարաբերութիւններն Այցագրային Եւ Հաղորդակցութեան Ոլորտներում»:
Կոնկրետ խնդիրների տեսանկիւնից Վ. Սարգսեանը յօդուածաշարում անդրադառնում է ռուս-վրացական յարաբերութիւնների վերջին տասնամեակների հոլովոյթին, ներկայացնելով տուեալ գործընթացի հետ առնչուող բազմաթիւ հետաքրքրական տեղեկութիւններ:
Տարածաշրջանի խորապատկերին Թեհրանի «Ալիք» պաշտօնաթերթի խմբագիր Արամ Շահնազարեանը վերլուծում է, արտահերթ նախագահական ընտրութիւններից յետոյ ինչ փոփոխութիւններ կարող են տեղի ունենալ Իսլամական դրացի հանրապետութեան արտաքին ռազմավարական դիրքորոշումներում, մասնաւորապէս Հայաստան-Իրան փոխյարաբերութիւնների ոլորտում:
«Դրօշակ»ի սոյն համարում տեղ են գտել նաեւ սոցիալ-տնտեսական (ընկերային-տնտեսական), բնապահպանական եւ այլ բնոյթի հետաքրքրական նիւթեր: