Գեղարքունիքի մարզը կատարած այցելութեան ընթացքին, լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին, Բագրատ սրբազանը դիտել տուաւ, որ երբ բերքաբերցիներուն կ՛ըսէինք, որ տեղի ունեցողը միայն իրենց հարցը չէ, այլ համահայկական հարց է, լուրջ չէին վերաբերեր:
«Հիմա բերքաբերցիներն ո՞ւմ են դիմում, նեռի՞ն, ով կործանել է իրենց կեանքը, հիմա դիմում են նրան, որ ի՞նչ անի: Գնալու է, իր էութեանը համապատասխան, փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին, ոմանք դարձեալ խաբուելու են: Ես հասկացել եմ, որ մարդիկ ունեն այդ ազատագրուելու տրամադրուածութիւնը: Հարցը այստեղ այն չափազանցուած վախի մթնոլորտն է, որ մտցրել են իւրաքանչիւրի տուն: Բոլորն են վկայում, որ ոչ մի ժամանակ մարդկանց այսպէս վախեցնելու երեւոյթ չի եղել», ըսաւ ան:
Խօսելով Սեպտեմբերին սպասուող քաղաքական գործընթացներուն մասին` սրբազանը ըսաւ. «Սեպտեմբերի 7ը, ամենայն հաւանականութեամբ, կը տեղափոխուի Սեպտեմբերի 4, որովհետեւ մարզահամերգային համալիրում մեծ դահլիճը, որ ցանկանում էինք վերցնել, ասացին, որ չի ստացուելու: Կը հաւաքենք մարդկանց ու կ՛ուղենշենք, թէ որ ճանապարհով ենք գնալու: Ես ո՛չ ազատագրողն եմ, ո՛չ էլ փրկողը, ես էլ, ժողովուրդն էլ գործիք ենք թէ՛ Աստծոյ, թէ՛ մեր պատմութեան ձեռքին: Հազարապատիկ անգամ պէտք է գնահատենք մեր ժողովրդին, որովհետեւ անկախ այն բոլոր հալածանքներից, որ ցուցաբերում է նեռը, մարդիկ չեն ընկրկում, մեր յաղթանակին էլ այլընտրանք չկայ»: