
Կիրակի, Յուլիսի 28ին, գիշերուան ժամը 10ին տեղի ունեցաւ ՀՄԱԿի 38րդ Միջմասնաճիւղային մարզախաղերի փակման հանդիսութիւնը, Թաւրիզի մասնաճիւղի մարզադաշտում, նախագահութեամբ Ատրպատականի Hայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեանի, եւ հովանաւորութեամբ Թեմական խորհրդի:
Երեք օրերի ընթացքում տեղի ունեցած բոլոր մարզախաղերի մասին իր խօսքը արտասանեց մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանը, գնահատելով բոլոր նրանց, որոնք կազմակերպչական աշխատանքներին նպաստեցին, ե՛ւ ներքին աշխատանքներով, ե՛ւ հրապարակային ելոյթներով, բնականոն ընթացք տալով խաղերին, եւ իր աւարտին հասցնելով եռօրեայ աշխատանքները:
Փակման հանդիսավարութիւնը դարձեալ ստանձնել էր հանրածանօթ հանդիսավար Կարէն Սարգսեանը, որ հերթաբար հրապարակ հրաւիրեց մրցանակ շահողներին, առաջին, երկրորդ եւ երրորդ հանդիսացողներին:
Սոյն մրցանակները շահողները մեծ ուրախութեամբ մօտեցան շրջափակում տեղադրւած երեք բեմական աստիճաններին, խորը գոհունակութեամբ ստանձնելով իրենց գնահատագրերը եւ մեդալները: Առաւել մեծ հրճուանք էր պատճառում առաջին հանդիսացողների գաւաթի ստացման պահը, երբ շրջափակի բոլոր ներկաները բարձր ծափողջոյններով շնորհաւորում էին նրանց:


Սոյն պարգեւաբաշխումների համար բեմ էին հրաւիրել Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վարդանեանը, Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, «Արարատ»ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանը եւ այլ պատուոյ հիւրեր: Նրանք հերթաբար մեդալներ անցկացրեցին շահողների վզերից, եւ առաջին դիրքի համար գաւաթ յանձնեցին շահողներին:
Այս առիթով առաջնորդ սրբազան հայրը եզրափակիչ խօսք արտասանեց, շահող համարելով բոլորին, որոնք երեք օրերի ընթացքում, իրենց սրտում կերտեցին սէր իրար նկատմամբ, հայութիւնը ամրապնդելով: «Բոլորս էլ վերջին տարիներին եղանք ականատես մեր ազգի կեանքում մեծ դժուարութիւնների, որոնք դեռ եւս շարունակւում են: Սէրը վերահաստատելու ենք ոչ միայն մեր անհատական կեանքում, այլեւ մեր հաւաքական, ազգային կեանքում: Օտարները մեզ են նայում ծիծաղով, իսկ թշնամին սպասում է մեր կործանման, ե՛ւ հայրենիքում, ե՛ւ Սփիւռքում: Հետեւաբար, այս երեք օրերի միասնական կեանքը այստեղ՝ Թաւրիզում, թող օրինակ հանդիսանայ մեզ բոլորիս, ներկաներիս եւ բացականերին», յայտնեց առաջնորդ սրբազանը:
Նշենք, որ մասնաճիւղի վարչութիւնը նաեւ մրցանակ էր նախապատրաստել մասնակից խմբերի լաւագոյն վարքը ապահովողին, որը արժանաւորաբար նուիրուեց Թեհրանի «Նայիրի» մարզախմբին, բարձր ծափողջոյններով:


Նոյն առիթով գնահատագրեր յանձնուեցին նաեւ Թաւրիզի մասնաճիւղի այն անդամներին, որոնք անձնուիրաբար երեք օրեր շարունակ ծառայել էին բոլորին:
Գնահատանքի յատուկ յուշանուէրներ յանձնուեցին նաեւ տեղացի իրաւարարներին, որոնք երեք օրեր շարունակ խղճմտանքով հսկել էին մարզախաղերին եւ յայտարարել յաղթական խմբերի անունները:
Բոլոր ներկաները, եւ յատկապէս մարզախաղերին մասնակցած երիտասարդութիւնը, կարօտի կանխահաս զգացումով թողեցին շրջափակը, եւ իրենց տրամադրւած շէնքերի սենեակներում մինչեւ լոյս զրուցեցին, պատմական էջեր արձանագրելով իրենց անհատական կեանքում:
«ԱԼԻՔ»