ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համահայկական ճանաչուած ու սպասուած երաժշտական մրցանակաբաշխութիւնը 15 տարի անց վերադառնում է՝ համախմբելով աշխարհասփիւռ սիրուած հայ երգիչ երգչուհիների Լոս Անջելեսի հեղինակաւոր «Դոլբի» թատրոնում: Դեկտեմբերի 8ին կը կայանայ Հայկական երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխութիւնը (Armenian Music Video Awards), որ կը պատուի վերջին տարիների ամենադիտուած եւ սիրուած երաժշտական տեսահոլովակների ստեղծողներին, կը ներկայացնի հայ երգարուեստի աւագ սերնդին եւ նորայայտ տաղանդներին, եւ կը մեծարի հայկական երգարուեստում բացառիկ ներդրում ունեցած արուեստագէտներին:
Բեմում են լինելու յիսունից աւելի ճանաչուած երաժիշտներ, ովքեր հանդէս կը գան տարբեր ժանրերում, այդ թւում` ժողովրդական, ազգային, ազգագրական, փոփ, եւ այլ: Բոլոր մասնակիցները կը ներկայացնեն հայկական աւանդական երգարուեստի անցեալի եւ ներկայի իւրօրինակ նմուշներ:
Լոս Անջելեսում տարուայ ամենամեծ եւ նշանակալի մշակութային իրադարձութեան կազմակերպիչներ` «Հորիզոն» հայկական հեռուստաընկերութիւնը, (Horizon Armenian Television), «Արմէնիան Էնթերթէյմընթ Գրուպ»ը (Armenian Entertainment Group) եւ «Նովուս Էնթերթէյնմենթ»ը (Novus Entertainment) խոստանում են հայ երգարուեստի անմոռանալի տօնախմբութիւն:


Armenian Music Video Awards մրցանակաբաշխութիւնը Լոս Անջելեսում առաջին անգամ կայացել է 2002 թուականին: Յաղթող տեսահոլովակներն ընտրւում էին հանրութեան քուէարկութեան արդիւնքում: «Այդ տարիներին, «Հորիզոն» հեռուստաընկերութեան M Club երաժշտական հաղորդաշարի շրջանակներում, որ վարում էին Արա Ղազարեանը եւ յետագայում Տաթեւիկ Էկեզեանը, ամէն շաբաթ ցուցադրում էինք տեսահոլովակներ, եւ անցկացնում էինք քուէարկութիւն: Մեր հեռուստադիտողները զանգահարում էին եւ իրենց ձայնը տալիս նախընտրած տեսահոլովակին, եւ տարուայ վերջում անցկացուող մրցանակաբաշխութեան ժամանակ, մենք մրցանակներ էինք յանձնում յաղթած հոլովակների հեղինակներին», պատմում է «Հորիզոն» հեռուստաընկերութեան տնօրէն եւ պրոդիւսեր (արտադրող) Մարգարիտա Թունիեւան:
Երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխութիւնը վերջին անգամ անցկացուել է 2009 թուականին, «Նոկիա» թատրոնում` եօթ հազար հանդիսատեսի ներկայութեամբ, եւ տեւել է շուրջ հինգ ժամ: Մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող հայ աւելի քան չորս տասնեակ երաժիշտներ տարբեր երկրներից, եւ յատուկ անուանակարգերում մրցանակներ ստացան միջոցառմանը մասնակից Շարլ Ազնաւուրը, Իրինա Ալեգրովան, Սերժ Թանքեանը:
«Այս անգամ դժուար էր սկսել եւ ընտրել լաւագոյններին` պայմանաւորուած վերջին տարիներին մեր ազգի ունեցած ողբերգական կորուստներով: Սակայն որոշեցինք կազմակերպել համահայկական այս միջոցառումը, նպատակով` ցոյց տալու, որ որպէս ազգ շարունակում ենք ապրել եւ ստեղծագործել, եւ միաժամանակ ցանկանում ենք գնահատել մեր երիտասարդ սերնդի երաժիշտներին, որովհետեւ նրանք շատ են տխրութիւն տեսել, եւ քիչ առիթ են ունեցել հանդէս գալու մեծ բեմերում: Մեր երիտասարդ երգիչներն իրենց ստեղծագործութիւնները հիմնականում ներկայացնում են սոցիալական (ընկերային) հարթակներում, մինչդեռ, դա բաւարար չէ ճանաչման եւ գնահատման համար, իսկ եթէ արուեստագէտը պատշաճ չի գնահատւում, դժուար է նոյն ոգեւորութեամբ ստեղծել ու շարունակել գործունէութիւնը: Անցկացման վայրն էլ ընտրել ենք «Դոլբի» թատրոնը, որը համահունչ է միջոցառման բնոյթին` խորհրդանշում է մրցանակաբաշխութիւններ, այդ թւում նաեւ կինոարտադրութեան ամենավառ` «Օսկար» մրցանակաբաշխութիւնը», նշում է Թունիեւան:


Armenian Music Video Awards մրցանակաբաշխութիւնն այս տարի տարբերւում է նախորդներից. ընտրուել են ոչ միայն 2023-2024 թուականների, նաեւ` պատերազմից առաջ եւ մինչեւ 2024 թուականը ներկայացուած տեսահոլովակներն ու քսան երաժիշտներ, ովքեր կը ստանան մրցանակներ: Միաժամանակ, բեմում են լինելու նաեւ հրաւիրուած շուրջ երեք տասնեակ յայտնի երաժիշտներ, ովքեր հանդէս են գալու կատարումներով: «Ներկայացնելու ենք երաժշտական տարբեր ժանրեր (տեսակներ): Մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում ժողովրդական, ազգային եւ ազգագրական երգին, որովհետեւ մեր նպատակներից է նաեւ մաքրել մեր երաժշտութիւնը: Ըստ այդմ, մեծ կարեւորութիւն ենք տալիս որակին, թէ տուեալ ստեղծագործութիւնն ինչ արժէք ունի, եւ հնչելու է նաեւ ժողովրդական՝ ակունքներից բխող երաժշտութիւն: Այս առումով կարեւոր է նաեւ մեծարել երգարուեստում նշանակալի ներդրում ունեցած մեր արուեստագէտներին: Համերգի ընթացքում յիշատակի գեղեցիկ համարներ կը լինեն նուիրուած Շարլ Ազնաւուրին, Արթուր Գրիգորեանին, Հայկոյին, Արա Մարտիրոսեանին: Կը լինեն նաեւ մրցանակներ յատուկ անուանակարգերում եւ հետաքրքիր անակնկալներ», յայտնում է Մարգարիտա Թունիեւան` խոստանալով երաժշտական հրավառութիւն ե՛ւ երաժիշտների, ե՛ւ համայնքի համար:
Համերգի կազմակերպիչները պատրաստել են աննախադէպ մշակութային միջոցառում մասնակցութեամբ աւելի քան 50 յայտնի եւ սիրուած երգիչ երգչուհիների, որոնց թւում են` Արման Յովհաննիսեանը, Իւետա Մուկուչեանը, Անահիտ Յակոբեան, Սիւզաննա Մելքոնեանը, Գոռ Եփրեմեանը, Քրիստինէ Պեպելեանը, Ռոզա Լինը, Անդրէն, Նունէ Եսայեանը, Սոնա Ռուբէնեանը, Սիրուշոն, Էրիկ Կարապետեանը, Սոֆի Մխէյեանը, Արփի Շահնուբարեանը, Սեւակ Ամրոյեանը, Արմէնչիկը, Ժակլին Բաղդասարեանը, Տաթեւ Ասատրեանը, Յելլոհարթը, Կարէն-Սեւակ բենդը, Էմմին, Արմինկան, Անի Քրիստին եւ շատ այլ սիրուած երաժիշտներ: Համերգը կը վարեն սիրուած դերասաններ եւ հանդիսավարներ:
Տոմսերը կարելի է ձեռք բերել Ticket Micket կամ Ticketmaster կայքերից:
«Ասպարէզ»ը սիրով աջակցում է նախաձեռնութեանն ու յորդորում մասնակցել հայ երգարուեստին նուիրուած գեղեցիկ միջոցառմանը:
