Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Մոսկուայի մէջ մասնակցեցաւ ԱՊՀի պետութիւններու ղեկավարներու խորհուրդի հերթական նիստին: Նախ տեղի ունեցաւ նեղ հանդիպումը, ապա՝ ընդլայնուած կազմերով:
Նեղ նիստին Փաշինեան արտասանեց հետեւեալ խօսքը.
«Այսօրուայ հանդիպումը լաւ հնարաւորութիւն է ԱՊՀ տարածքում իրավիճակի զարգացման արդի հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։
«Այս համատեքստում, ցանկանում եմ Հայաստանի տեսանկիւնից տեղեկացնել ձեզ Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան գործընթացում առկայ իրավիճակի եւ հետագայ զարգացման շուրջ Երեւանի տեսլականի մասին։
«Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը հաստատակամօրէն հաւատարիմ է Հարաւային Կովկասում խաղաղութեան շուտափոյթ հաստատմանը եւ տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշուի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։

«Այս տարի մենք շօշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, եւ, մասնաւորապէս, Ալմա Աթայի 1991 թուականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ սահմանի երեք հատուածներում իրականացուել է սահմանազատում, եւ այդ հատուածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդէն վերարտադրուել է որպէս սահմանազատուած միջպետական սահման։ Սա, անկասկած, յաջողութեան օրինակ է։
«Մէկ այլ կարեւոր իրադարձութիւն տեղի է ունեցել այս տարուայ Օգոստոսի 30ին, երբ ստորագրուել է Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգը։
«Հայաստանում աւարտւում է այս փաստաթղթի ընդունման ներքին պետական ընթացակարգերի գործընթացը, եւ այս ամսուայ ընթացքում Հայաստանի խորհրդարանը կը քննարկի այս փաստաթղթի վաւերացման հարցը։ Կարեւոր է նշել, որ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանն արդէն հաստատել է ստորագրուած կանոնակարգի համապատասխանութիւնը ՀՀ Սահմանադրութեանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան ճանաչումը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից Ալմա Աթայի հռչակագրի հիման վրայ, որը ենթադրում է Խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրութեան մէջ Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի հանդէպ տարածքային պահանջներ չկան։
«Մենք ելնում ենք այն ամուր համոզմունքից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւնը ոչ միայն հնարաւոր է, այլեւ հասանելի։
«Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը վերջին ամիսներին յայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յհարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցուել է առնուազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեւաչափով պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ակտիւացնել (աշխուժացնել) խաղաղութեան պայմանագրի նախագծի հաստատումն աւարտին հասցնելու ուղղութեամբ աշխատանքը։
«Սկզբունքօրէն մենք կարող ենք գործել հետեւեալ տրամաբանութեամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդէն համաձայնեցուած է, այդպիսով ունենալով ոչ միայն դէ ֆակտօ (իրողապէս), այլեւ դէ իւրէ (իրաւաբանական կարգով) խաղաղութիւն, եւ շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դէպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղութեան պայմանագիր, որը կը պատասխանի բոլոր հարցերին եւ կը կարգաւորի երկկողմ յարաբերութիւնների բոլոր ասպեկտները (երեւոյթները)։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագիրը, անխուսափելիօրէն կը մնան կարեւոր, հիմնարար հարցեր, որոնք պէտք է համաձայնեցուեն, լուծուեն եւ պէտք է նոր պայմանագրեր ստորագրուեն:
«Աւելի՛ն, ստորագրուած եւ վաւերացուած խաղաղութեան պայմանագրի առկայութեան դէպքում այլ հարցերի լուծումը շատ աւելի հեշտ կը լինի, քանի որ տարածաշրջանում կը տիրի լիովին այլ իրավիճակ։
«Իսկ այս փուլում մենք պէտք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջեւ խաղաղութեան հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խօսքը միմեանց տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման մասին է։ Խօսքը միմեանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայութիւնը հաստատելու եւ հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտաւորութեան մասին է։ Խօսքը ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմեանց ներքին գործերին չմիջամտելու, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ խաղաղութեան պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտաւորութիւնների կատարման երկկողմ մեխանիզմների (գործիքակազմերու) ստեղծման մասին է։
«Այս բոլոր հարցերի ձեւակերպումն արդէն իսկ համաձայնեցուած է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, եւ մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդէն այս ամիս, եւ սա մեր պաշտօնական դիրքորոշումն է։
«Հարաւային Կովկասում կայունութեան հաստատման մէկ այլ կարեւոր ասպեկտ է բոլոր տրանսպորտային (փոխադրութեան) եւ տնտեսական կապերի ապաշրջափակման թեման։ Այս հարցում մենք առաջարկում ենք կոնկրետ (յստակ) լուծումներ, որոնք արտացոլուած են մեր կողմից մշակուած «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծում։ Այս նախագծի էութիւնը հետեւեալն է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան եւ հակառակ ուղղութեամբ, Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղութեամբ, եւ այլն։ Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ։
«Արձագանգելով մեր առաջարկներին՝ Ադրբեջանն ընդգծում է, որ եթէ Հայաստանը չի ցանկանում բացել տարածաշրջանային հաղորդակցութիւնները, Ադրբեջանը կ՛օգտուի Նախիջեւանի հետ կապուելու Իրանի Իսլամական Հանրապետութեան ընձեռած հնարաւորութիւններից։ Մենք, ի հարկէ, չենք առարկում, քանի որ սա երկու երկրների ինքնիշխան յարաբերութիւնների խնդիր է։ Բայց ես եւս մէկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաղորդուղիների բացում, եւ որ մենք պատրաստ ենք մեր տարածքով տրանսպորտային հաղորդակցութիւններ տրամադրել միեւնոյն պայմաններով, ինչ տրամադրւում է Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից։ Աւելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողութեան ընթացակարգերում՝ փոխադարձութեան, իրաւահաւասարութեան, կողմերի ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան սկզբունքների յարգման շրջանակներում։
«Այս համատեքստում ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկութեան անվտանգութիւնը։ Սա մեր ցանկութիւնն է, մեր պարտաւորութիւնը, եւ մենք դա երաշխաւորում ենք։ Ի դէպ, բոլոր յայտարարութիւնները, թէ իբր Հայաստանն ինչ-որ ձեւով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցութեան անվտանգութիւնն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսուած է որեւէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականութեանը։ Իր տարածքում անվտանգութեան ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտաւորութիւնն է։ Սա մեր գործն է, եւ մենք դա երաշխաւորուած կ՛անենք»։
Ապա, ընդլայնուած կազմով նիստին ընթացքին պետութիւններու ղեկավարները ստորագրեցին օրակարգով հաստատուած հարցերու արձանագրութիւնները: Մասնաւորաբար քննարկուեցան ԱՊՀի շրջանակին մէջ համագործակցութեան զարգացման վերաբերող հարցեր: Այլ հարցերու կողքին, որոշում տրուեցաւ 2026ին Հայաստանի Մեղրի քաղաքը ճանչնալ ԱՊՀի մշակութային մայրաքաղաք: