17 Հոկտեմբերին, Ազգային ժողովին մէջ, ընդդիմութիւնը Անկախութեան հռչակագիրին նիւթով լսումներու հրաւիրեց:
Խորհրդարանի դահլիճին մէջ, արտախորհրդարանական ուժերուն եւ գործիչներուն կողքին ներկայ էր ու խօսք առաւ ընդդիմադիր շարժումի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեան:
«Հայաստան» խմբակցութիւնը ընթերցեց յայտարարութեան որոշման նախագիծը «Հռչակագիրի անժամանցելի արդիականութեան» մասին:
«Հայաստանի Ազգային ժողովն անընդունելի է համարում ՀՀ Անկախութեան հռչակագիրը, դրանում ամրագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղուած ցանկացած փորձ, այդ թւում՝ քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով: Դատապարտում է Անկախութեան հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանադրութեան հետ արհեստական հակադրումների գործողութիւնները:

Անկախութեան մասին հռչակագրով ամրագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատում է որպէս հայ ժողովրդի անվտանգութեան համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դէմ ուղղուած ցանկացած ոտնձգութիւն Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան հանդէպ ծանր յանցագործութիւն է», կ՛ըսուի հռչակագիրին մէջ:
Յայտարարութեան ընդունման անհրաժեշտութիւնը, ըստ խմբակցութեան, կը բխի հայ ժողովուրդի ապահովութեան եւ հայոց պետականութեան ամրապնդման հրամայականէն:
Ատրպէյճան մնայուն կերպով Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու պահանջ կը դնէ, նաեւ զգուշացնելով՝ հակառակ պարագային խաղաղութեան պայմանագիրը պիտի չստորագրէ: Պաքու խնդրայարոյց կը նկատէ Հայաստանի մայր օրէնքին մէջ յիշատակուած Անկախութեան հռչակագիրը, որուն մէջ յղում կայ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միաւորման:
«Մենք սկսեցինք «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը, որը շատ շուտով վերանուանուեց «Սրբազան պայքար»՝ այն յստակ գիտակցումով, որ Տաւուշում սկսուած ամօթալի գործընթացը չի սահմանափակուելու միայն Տաւուշով», ըսաւ Բագրատ սրբազանը՝ աւելցնելով. «Այո՛, այս փուլում մենք չյաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակւում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարութիւնների, շահերի եւ խարդաւանքների, որովհետեւ այս պայքարն այս անպատիւ ընթացքը կասեցնելու, մեր պետականութիւնը վերականգնելու մասին է: Այո՛, մենք այս պահին չկարողացանք կանգնեցնել Կիրանց, Ոսկեպար հատուածի յանձնման աղէտը, բայց կարծում եմ այս ընթացքում կարողացանք կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլաւների (միջերկիրներու) յանձնում, նոր տարածքների զիջումները, ու հէնց այս վերջին աշխատանքային կանոնակարգ կոչուածը, որը նախատեսւում էր ստորագրել Մայիս, Յունիս ամիսներին եւ ինչու չէ նաեւ Ադրբեջանի կողմից պարտադրուած Սահմանադրական փոփոխութիւնների իրականացումը: Երբ մենք շեշտում էինք, որ սա սահմանազատում եւ սահմանագծում չէ, այլ միակողմանի զիջում պարտադրանքի ներքոյ, ոմանք չէին ցանկանում հասկանալ կամ չէին հասկանում»:
Ըստ Բագրատ սրբազանին՝ գործող կառավարութիւնը աշխատանքային կանոնակարգի ներդրումով փաստեց ընդդիմութեան ըսածներուն իսկութիւնը:
«Աշխարհում երբեւէ չտեսնուած երեւոյթ է միակողմանի զիջել տարածքները, այդ ճանապարհին խաբել հանրութեանը, տարածքներ զիջելուց յետոյ նոր միայն կանոնակարգ ստորագրել: Այս կառավարութեան ղեկավարը ամբողջութեամբ գիտակցում է, թէ ինչպէս է ձախողել ու ձախողում մեր պետականութիւնը, հիմքերը եւ ինքնիշխանութիւնը: Պատասխանատուութեան ժամը հասնելու է եւ, վստահեցնում եմ, այն հեռու չէ: Քաջ գիտակցելով իր յանցանքի չափաբաժինը՝ փորձում է յանցակից դարձնել իր շուրջը գտնուող բոլորին, այլապէս ինչու Նոյեմբերի 9ի խայտառակ փաստաթուղթը ու դրան յաջորդած փաստաթղթերի ստորագրութիւնները, ներառեալ Պրահայի փաստաթուղթը չներկայացուեցին ո՛չ ՍԴ, ո՛չ էլ ԱԺ, բայց այս կանոնակարգը անցնում է այսպիսի ընթացակարգով: Սա մէկ նպատակ ունի՝ յանցակից դարձնել բոլորին: Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետութիւնն ու կենսագրութիւնը, մեզ բոլորիս, այլեւ իր իսկ թիմակիցներին: Կարող էի ասել, որ ինձ չի յուզում ՔՊ («Քաղաքացիական Պայմանագիր») անդամների ճակատագիրը՝ ասելով թող դրանով մտահոգուեն Հայաստանում հաւատարմագրուած դեսպանատներն ու քաղաքական ապաստան տուող կառոյցները, բայց ինձ յուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊի կողմից դաջուող երկիրը յանձնողների պիտակաւորումն ու մեղքը», յայտնեց Բագրատ սրբազանը:
Դիմելով «Քաղաքացիական Պայմանագիր»ի անդամներուն՝ Բագրատ սրբազանը ըսաւ. «Կշիռքի նժարի մի կողմում իշխանութիւնից արբեցած ձեր վիճակն է, որը բացառիկ կերպով արտայայտեցիք երկու օր առաջ, իսկ միւս կողմում ձեր՝ յուսամ դեռ մնացած պատիւը»: