
Աջից՝ Պապիկ, Համօ, Վարդան, Գէորգ եւ Հրանդ
Ռ. ԿՈՐԻՒՆ
Ծով գրքերով՝ ամէն սեռի գրութիւններով, ներբողուել է հայոց գիր ու գրականութիւնը եւ մշակոյթը։ Քաջ գիտակցում ենք, որ ազգային գոյատեւման հիմնավէմը մշակոյթն է: Մեր պապերը կառչեցին մշակոյթից՝ հոգեւոր արժանիքներից, որի անբաժանելի մասնիկն է մեր դաւանանքը: Հրաշքով գոյատեւեցինք ի գին մեծ զոհողութիւնների եւ տառապանքների: Փառք Աստուծոյ որ կանք եւ լինելու ենք եւ դեռ հզօրանալու ենք:
Հոկտեմբերը նուիրուած է մեր մշակոյթին եւ տառերի գիւտի փառաբանութեան, ուստի Լոս Անջելեսի Իրանահայ միութեան միջոցով Հոկտեմբեր 13ին մեծ շուքով կազմակերպուել էր փառաշուք ծրագիր՝ ներկայացնելու հայոց լուսաճաճանչ մշակոյթը, նաեւ խորախորհուրդ փիլիսոփայութեամբ գրականութիւնը՝ անմահ Պարոյր Սեւակին, նրա ծննդեան հարիւրամեակին առիթով:
Հանդէսը տեղի ունեցաւ միութեան կենտրոնի դահլիճում, առ լեցուն մեր մշակոյթի սիրահարներից:
Միութեան կենտրոնում, Հոկտեմբեր 25ի ուրբաթօրեայ հանդիպման քննարկման ենք դնում այդ տօնակատարութիւնը, բազմանդամ հետաքրքրուողների ներկայութեամբ:
Ծրագրի առաջին բանախօսը՝ Րաֆֆի Մելքոնեան. նիւթն էր՝ «Հնադարեան փառապանծ հայ մշակոյթ», որը ընդարձակ գիտականօրէն կատարուած ուսումնասիրութիւն էր հայ մշակոյթի մասին, պատմութեան խորքերից սկսեալ, ըստ հեղինակի՝ «ազգային հաւաքական բոլոր յատկութիւնները՝ արուեստ, հաւատալիքներ (կրօնական պատմութիւններ եւ առասպելներ), հաստատութիւններ (տաճար, եկեղեցի, դպրոց, ակումբ, գիւղ ու գիւղի կալը), սովորութիւններ (տարազ, պար, կերակուր, պարեն): Ժողովրդական արուեստ եւ գրականութիւն (երգ, երաժշտութիւն, հեքիաթ, ասացուածք, հանելուկ, շուտասելուկ, օրօրերգ եւ այլն»: Յարգելի բանախօսը իր ելոյթը ներկայացրեց հանգամանօրէն գրաւոր եւ պատկերաւոր ցուցադրութեան դնելով պաստառի վրայ: Նա նաեւ շեշտաւորեալ անդրադարձաւ թէ՝ «քանի որ ազգութիւնը միասնութիւն է ենթադրում, դրա համար էլ մշակոյթն ու ազգութիւնը ժողովրդի ուժի հիմքն են»: Ելոյթը արժանացաւ գնահատանքի:
Յովիկ Գաբիկեանը հիանալիօրէն կատարեց հանդիսավարութիւնը կուռ հայերէնով եւ տեղին ու պատշաճ արտայայտութիւններով գնահատեց ելոյթ ունեցողներին:
Կարելի է ասել ես գոհ մնացի հանդէսից:
Երգչախումբի կատարումները աւելի շատ պիտի լինէին, քանի որ այդպիսի շուքով ու տքնաջան աշխատանքով հանդէսը սպասելի էր երգչախումբը հնչեցնէր մեր անմահ երգահաններից սիրուած ժողովրդական կտորներ:
Երգ մենակատարների թիւը շատ էր, միջակ կատարումներով:
Մենապարը՝ Նաթալի Միշելեանի կատարմամբ հոյակապ էր, արժանի գնահատանքի:
Հայկական գրերի գիւտի մասին խօսողից բան չհասկացանք, բարձրախօսի պատճառով ձայնը նուազ էր, գրութիւնը երկար:
Չորս ասմունքներն էլ բաւարար ոգեւորիչ էին:
Հայ կանանց մասին ուսումնասիրութիւնը հետաքրքիր էր:
«Հրաշքների Երկիր Իմ Հայաստան» տեսանիւթով դիտողը իրեն զգաց Հայաստանում․ հոյակապ էր:


Պարոյր Սեւակի հարիւրամեակին նուիրուած երկրորդ բաժնին, իրաւացիօրէն մեկնաբանուեց Սեւակը երկու արժանաւոր եւ տեղեակ բանախօսներով, յանձինս՝ տաղանդաւոր բանաստեղծ Վազգէն Վանատուրի եւ մշակութային ճանաչուած գործիչ եւ գրող, պրոֆ. եւ դոկտ. Մինաս Գոճայեանի: Վանատուրը որպէս հմուտ գրականագէտ բնութագրեց Պարոյրի էութեան արժանիքները սեղմ ու ամփոփ ժամանակի կարճ հատուածում: Դոկտ. Գոճայեանը, Սեւակին ժամանակակից լինելով, կենդանի տեղեկութիւններ փոխանցեց, հիացումով խօսելով նրա մասին:
Այո՛, փայլատակող լուսաստղ էր, ազգի համար հզօրութեան շառաւիղներ կայծկլտեցնելով եւ գրիչներ ծաղկեցնելով:
Ծրագիրը հասել էր իր աւարտին բեմ բարձրացաւ միութեան վարչութեան նախագահն Հրանդ Յովհաննիսեան եւ մեծ գոհունակութեամբ շնորհակալութիւն յայտնեց դահլիճում խուռն ներկայութիւնից ասելով. «Միութիւնը մեր բոլորինս է, նա հայապահպանման օջախ, փարոս է, պէտք է պահենք եւ պաշտպանենք մեր սերունդների հայեցի դաստիարակութեան համար կամարների ներքոյ հնչեցնելով մեր մշակոյթի արժանիքները», ապա խորին շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց ծրագիրը կազմակերպողներին, դերակատարներին, մասնակիցներին, երգչախմբին եւ ղեկավար՝ Գայիանէ Բաղդասարեանին, ապա բոլոր ելոյթ ունեցողներին:
Կարծիքների եւ տեսակէտների փոխանակումից յետոյ շարունակուեց մեր հանդիպումը․ խօսակցութեան միտք ծագեց հայ մեծահարուստների մասին, որոնց նկատմամբ մեծարանքն ու յարգանքը անհրաժեշտ է, քանզի նրանք մեծագումար նուիրատուութիւններով օգտակար են լինում հայապահպանման օջախներին՝ դպրոցներին, բարեսիրական կազմակերպութիւններին, միութիւններին, մամուլին եւ կատարելով բարեգործութիւններ՝ ուսանողներին, կարօտեալներին եւ այլն: Որպէսզի աւելի մեծ քանակով մեծահարուստներ ունենանք, անհրաժեշտ է ընդունակ եւ տաղանդաւոր մարդկանց տարբեր բնագաւառներում հովանաւորել եւ օժանդակել, ձեռքը բռնել եւ բարձրացնել, հետագային նրանց օգտակարութեան ականատեսը լինելու համար։ Անշուշտ սա կարօտ է բարեխիղճ աշխատանքի, անհրաժեշտօրէն մտածելու եւ կազմակերպելու, որն արդարեւ թէ՛ հայրենիքի եւ թէ Սփիւռքի համար շատ կարեւոր են: Արէք, սովորենք ուրիշներից, թէ ինչպէս են այդ նպատակով իրար օգնում. դարը նիւթի դար է, միշտ էլ այսպէս է եղել:
Նախքան հանդիպման աւարտը կատարուեց գեղարուեստական բաժին. Նժդիկ Միրզայեանը երգեց ՝ «Կռունկը», Արսէնը արտասանեց՝ Սիամանթոյից եւ Շեքսպիրից հատուածներ, Պապիկը Գուսան Աշոտից երգեց՝ «Որպէս մի ծաղիկ», Հմայեակը երգեց հայրենասիրական՝ «Թէ իմ ալեւոր…» երգը եւ կարդաց հանգուցեալ Սարօ Գուդակեանից մի գրութիւն՝ հայոց տառերին նուիրուած: Ռ. Կորիւնը իր՝ «Մի Բուռ Պատկերներ» գրքից կարդաց՝ «Հացի Կապոցը»: Մտքերի փոխանակումից յետոյ վերջ գտաւ մեր հանդիպումը: