Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիւ Ունեմ» խմբակցութիւնները հրապարակեցին «Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ» Ազգային ժողովի յայտարարութեան նախագիծը, որ 12 Նոյեմբերին չընդունուեցաւ Ազգային ժողովին կողմէ։
Ստորեւ այդ յայտարարութիւնը.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՈՒՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրէնքի 98րդ եւ 123րդ յօդուածները, ինչպէս նաեւ 12.11.2024թ. Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստում «Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ» հրատապ թեմայով քննարկման արդիւնքները, Նկատի առնելով ՄԱԿի «Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնուենցիա»ի մասնակիցների կոնֆերանսի (խորհրդաժողովի) 29րդ նստաշրջանը (COP29) ս,թ, Նոյեմբերի 11-22ը Ադրբեջանում անցկացնելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը.
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ 2020 թուականի Սեպտեմբերի 27ից մինչեւ 2023 թուականի Հոկտեմբերի 4ը իրականացուած լայնածաւալ ռազմական ագրեսիայի (յարձակումին) հետեւանքով ամբողջ արցախահայութիւնը ֆիզիքական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպուած եղաւ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգութիւնը ունի հազարամեակների պատմութիւն:
«Բաքուի ռեժիմի (վարչակարգին) կողմից ցեղասպան քաղաքականութեամբ իրականացուած արցախահայութեան զանգուածային բռնի տեղահանումը միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում է: Ադրբեջանական ագրեսիայի եւ արցախահայութեան բռնի տեղահանման հետեւանքով աւելի քան մէկ տարի ապօրինաբար գերութեան մէջ են պահւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը եւ բազմաթիւ հայաազգի գերիներ: Բաքուի բանտում մեր հայրենակիցներին պահելը ոչ միայն Ադրբեջանի հայատեաց քաղաքականութեան հետեւանք է, որի դրսեւորումները չեն դադարում մինչեւ այժմ, այլեւառկայ բանակցային գործընթացում մարդկային կեանքերը, ազատութիւնն ու արժանապատուութիւնը որպէս ճնշման միջոց օգտագործելու փորձ:
«Բաքւում անցկացուելիք ՄԱԿի «Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնվենցիա (վեհաժողովի)»ի մասնակիցների կոնֆերանսի 29րդ նստաշրջանի (COP29) անցկացման զուգընթաց Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը՝
«1. Կոչ է անում միջազգային հանրութեանը` օգտագործել իր ազդեցութիւնը եւ պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապէս ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահւում են Բաքւում:
«2. Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը յորդորում է ակտիւօրէն (աշխուժօրէն) համագործակցել միջազգային կազմակերպութիւնների հետ` հասնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը:
«3. Յիշեցնում է Ադրբեջանի ղեկավարութեանը, որ ելնելով միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների հիմնարար դրոյթներից` Ադրբեջանը պարտաւոր է անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»: