Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 14 Նոյեմբերի խորհրդարանական նիստը ամփոփեց Անկախութեան հռչակագիրի նոր մեկնաբանութեամբ: «Այս նախադասութիւնը երկար որոշել էի չասեմ, բայց մէկ է պիտի ասեմ: Վերջին տարիների, յատկապէս, ես տասնեակ անգամներով կարդացել եմ մեր Անկախութեան հռչակագիրը եւ եկել եմ մի հատ սարսափելի եզրակացութեան, որ Անկախութեան հռչակագրի բովանդակութիւնը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող գոյութիւն ունենալ:
«Եւ սա մեր ամենամեծ պրոբլեմն (հարցն) ու ողբերգութիւնն է: Եւ հիմա հարցը, թէ ո՞վ է իրական Հայաստանը եւ որն է իրական Հայաստանը, հետեւեալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետութիւն չի փնտռում, որովհետեւ ինքը փնտռել, փնտռել, փնտռել, փնտռել, փնտռել, փնտռել է եւ գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետութիւնը», յայտնեց Փաշինեան:
Ան նաեւ խօսեցաւ հայրենակցական պատկանելիութեան մասին, որ, ըստ անոր, իսկական հարց է եւ «սպառնալիք Հայաստանի գոյութեան». «Հայաստանում մի հատ այսպիսի երեւոյթ կայ, ու դա մոդա (նորոյթ) է, ջահել տղայ է, 30 տարեկան, խօսում ես հետը, ասում է՝ դէ ես սասունցի եմ: Գնում ես ուրիշ տեղ, այն մէկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդը ասում է՝ դէ ես վանեցի եմ, եօթերորդը ասում է՝ դէ ես խոյեցի եմ, ութերորդը ասում է՝ դէ ես իգդիրցի եմ: Շատ լաւ հասկանում եմ, բայց ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, բա երեւանցին ո՞վ է, աշխարհակցին ո՞վ է այս երկրում:
«Ես հիմա ուզենամ էլ, չեմ կարող ոչ մշեցի լինեմ, որովհետեւ ես իջեւանցի եմ, հայաստանցի եմ, Իջեւանից եմ, այդպէս, ես հէնց «ապազգային տարր» եմ: Ենոքաւանից այն կողմ չեմ կարողանում գնամ, ինչքան արխիւները քանդում եմ, ասում եմ մի հատ այդպէս էջ էլ ինձ համար բացեմ, չէ: Մենք չենք հասկանում, մի պարզ բան, որ երբ որ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում եմ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն եկէք այստեղ մարդ չկայ բնիկ այստեղից, այնտեղից եկած են, ասեն սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է: Եւ մենք կորցնում ենք մեր պետութիւնը, մենք կորցրել ենք մեր պետութիւնը», իր տեսակէտը փորձեց բացատրել ան:
Իրական եւ պատմական Հայաստանի օրակարգ, բանակ, տնտեսութիւն, քաղաքային խնդիրներ, պարգեւավճարներ, փտածութիւն. երեք օր շարունակ այս մասին խորհրդարանին մէջ պիւտճէի քննարկումներուն ժամանակ ընդդիմադիրներուն քննադատութիւններուն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինեան ընդգծեց. «Մեր հաւաքական սոցիալ (ընկերային) մտածողութիւնն էականօրէն ապապետական է, մեր ենթագիտակցութիւնն է ապապետական», որ ինքնին, ըստ անոր, հարց է:
Վարչապետը, օրինակ, վրդովեցաւ ընդդիմադիրներուն այն պնդումէն, որ հերոսներ են ոչ թէ հարկ վճարող քաղաքացիները, այլ սահմանին կանգնած զինուորները, որոնց իշխանութիւնը կը նսեմացնէ:
«Եթէ խօսքը «Գինի լից» երգի կամաւորի մասին է, այդ կամաւորը գոյութիւն ունի պետութեան չգոյութեան պայմաններում», ըսաւ Փաշինեան: «Հայաստան» խմբակցութենէն Ագնեսա Խամոյեան արձագանգեց. «Կանգնած այստեղ քամահրանքով, ծամածռուելով ասում էք՝ «էդ «գինի լից»ի կամաւորին նկատի՞ ունէք»: Չէ, այն մարդկանց նկատի ունեմ, որոնց ուղարկեցիք ռազմադաշտ, ուղարկեցիք սպաննուելու՝ իմանալով, ձեր բառերով, պատերազմի ելքը»:
Եզրափակիչ ելոյթին մէկ մասն ալ վարչապետը նուիրեց թոշակներուն՝ ըսելով, որ ոչինչ պիտի փոխուի, այնքան ատեն որ թոշակառուներուն ու աշխատող քաղաքացիներուն թիւը հաւասար է Հայաստանի մէջ:
Սակայն, ան չպատասխանեց ընդդիմադիր Արթուր Խաչատրեանի շարք մը քննադատութիւններուն: Պատգամաւորը, օրինակ, յիշեցուց՝ կառավարութիւնը 2021-26 թուականի ծրագիրով տարեկան առնուազն 7 տոկոս տնտեսական աճ խոստացած է, բայց այս տարի կը նախատեսէ 5.8, իսկ 2025ին՝ 5.6 տոկոս աճ:
Արթուր Խաչատրեան նաեւ պնդեց՝ «արտաքին քաղաքականութիւնն էլ յուսադրող չէ»:
«Հայաստան» խմբակցութիւնը դէմ պիտի քուէարկէ պիւտճէի նախագիծին, իշխանական խմբակցութիւնը՝ կողմ: Ընդդիմադիր միւս՝ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնն առհասարակ չմասնակցեցաւ պիւտճէի քննարկման: