25 Նոյեմբերին, Ազգային ժողովին մէջ, լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին, ՀՅԴի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեան, անդրադառնալով այն իրողութեան, որ արցախցիներուն կենսաթոշակային կուտակային գումարները այս պահուն սառեցուած են՝ ըսաւ, որ կան Արցախի Հանրապետութեան քաղաքացիներ, որոնք ունէին կենսաթոշակային խնայողութիւններ, պատերազմէն, հայաթափումէն եւ ցեղային զտումէն ետք մարդիկ յայտնուեցան ընկերային-տնտեսական հարցերու դէմ յանդիման եւ անոնց մեծամասնութեան յոյսը այդ խնայուած գումարներն են:
«Երկրորդը` ինչո՛ւ ՀՀ իշխանութիւնները յանկարծ որոշեցին Արցախի Հանրապետութեան քաղաքացիների գումարը խլել եւ օգտագործել ըստ իրենց հայեցողութեան: Եթէ իրենք Արցախի քաղաքացիներին աւտոմատ (ինքնաբերաբար) բերում են ՀՀ քաղաքացու իրաւական ռեժիմի (դրութեան), այդ դէպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետեւողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկէին ՀՀ քաղաքացիութիւն եւ ասէին` ով որ չի ուզում, կարող է հրաժարուել: Բայց ոչ այդպէս չեն արել: Մարդու խնայողութիւններ են, առանց իրեն հարցնելու, փողը ձեռից խլում ես, ասում ես` ներդնում եմ այսինչ հաշիւների վրայ` ենթադրելով, որ իրենք աւելի լաւ են հասկանում, թէ մեր հայրենակիցները ինչ կարիքներ ունեն հիմա եւ ինչ կարիքներ են ունենալու վաղը», ըսաւ Խաչատրեան, ըստ որուն այդ գումարը առանց սեփականատիրոջ համաձայնութիւնը հայցելու կու տան կենսաթոշակային հիմնադրամին, որ իր կարգին ներդրումներ կը կատարէ:
«Այսօրուայ քննարկումը խայտառակութիւն է, որովհետեւ յիշեցնեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական հիմնաւորումը տնտեսութեանը երկարաժամկէտ փողով ապահովելն էր: Հիմա մենք ի՞նչ տեսանք, 65 տոկոսը, որը մնում է Հայաստանում, հիմնականում պարտատոմսերի մէջ է պետական եւ աւանդների մէջ է: Աւանդների մէջ քաղաքացին ինքը կարող էր ներդրում անել: Այդ դէպքում ինչի՞ ես փողը տալիս ինչ-որ մի հատ հիմնադրամի, հիմնադրամը դրա վրայ փող է աշխատում եւ աւանդային աւանդների մէջ ներդրում է անում: Ցանկացած քաղաքացի կարող է այդ աւանդային պայմանագիրը կնքել ցանկացած բանկի (դրամատան) հետ: Կամ պետական պարտատոմսերի մէջ ներդրում են անում: Ի՞նչ է ստացւում: Պետութիւնը ֆինանսաւորում է 50 տոկոսով կենսաթոշակային հիմնադրամին, փող է տալիս ձրի, յետոյ գնում պարտքով փող է վերցնո՞ւմ: Իրենց ասում էին, որ պէտք է իրական տնտեսութեան զարգացման համար փող ապահովեն: Եւ ես շատ ուրախ եմ, որ այս հարցը համընկաւ բիւջետային քննարկման հետ, որովհետեւ բիւջէի քննարկման ժամանակ ասում էինք` դէ ասէք, այս վերջին համարեա եօթ տարուայ ընթացքում քանի՞ ձեռնարկութիւն է Հայաստանում ստեղծուել: Տնտեսութիւնը չի գործում, չի գործում տնտեսութիւնը, տնտեսութեան լոկոմոտիվներ (շարժիչ ազդակներ) չկան: Արդիւնաբերութեան աճը, որ ցոյց են տալիս, ֆիկցիա (պատրանք) է, հեքիաթ, իբրեւ թէ Հայաստանում 10 տոննա ոսկի է արտադրուել: Ո՞ր ձեռնարկութիւնն է դա արել, այդ ի՞նչ ոսկի է մտել Հայաստան, որը յետոյ հայկական ձեռնարկութիւններ իբրեւ թէ մշակել են: Այսինքն, փոխանակ նախ եւ առաջ դնէին իրական տնտեսութեան զարգացման հիմքերը աջակցէին արտադրողին, վերին մակարդակի վրայ ինչ-որ ֆինանսական, գեղեցիկ բառերի հետեւից էին ընկել, եւ ունենք այն, ինչ որ ունենք: Էլի եմ ասում, պարտատոմսի մէջ ես ներդրում անում, ստացւում է, որ պետութիւնը 10 տոկոսի 50 տոկոսը, 5 տոկոսը ինքն է տալիս, յետոյ իր տուած փողը գնում պարտքով վերցնում է», յայտնեց Խաչատրեան։
Կառավարութիւնը մէկ միլիառի կարգի նոր վարկ առաւ, որպէսզի Գիւմրիի մէջ ծրագիր մը իրականացնէ, նոյն ատեն մէկ միլիառ տուած էին ինքնաշարժներ գնելու համար, բացատրեց Խաչատրեան` անդրադառնալով այն երեւոյթին, որ Նիկոլ Փաշինեան յայտարարած էր «ծառայողական աւտոմեքենաները կացնային մեթոդով կրճատելու մասին»:
«Այսինքն, եթէ դու այդ պադաւատները (շարասիւններու յատուկ ինքնաշարժներ) չառնէիր, այդ մի միլիարդի վարկ վերցնելու կարիք էլ չկար: Ի հարկէ, ինքը հասկացել է, որ դա հանրային մեծ ռեզոնանս (արձագանգ) ունեցող խնդիր է եւ փորձել է ցոյց տալ, որ ինքն էլ է դա անում, իսկ մեղաւոր են իր բոլոր ենթականները, որոնք իրեն ճիշդ չեն զեկուցել: Նոյնը նաեւ արագաչափերն են», յայտնեց Խաչատրեան՝ դիտել տալով, որ Փաշինեանի ըսածները պատերազմէն առաջ եւ հիմա, 180 աստիճանով տարբեր են: «Ես երէկ, օրինակ, կարդում էի, Սեւրի պայմանագրի 100ամեակի ժամանակ իր ուղերձը: Նայէք` ինչ կարծիք ինքը ունէր հայ-թուրքական յարաբերութիւնների մասին 2020 թուականի Օգոստոսին, հիմա ինչ է ասում», եզրափակեց Խաչատրեան: