
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Տունս քաղցր ա» Սարին Հայրապետեանի խաղարկային վաւերագրական շարժապատկերը կը պայքարի «Օսկար»ի համար` «Լաւագոյն վաւերագրական ֆիլմ» անուանակարգում: Մրցանակաբաշխութեան պայմանների շրջանակում, ֆիլմը պէտք է ցուցադրուի ԱՄՆ կինոթատրոններում, եւ առաջին ցուցադրութիւնը տեղի ունեցաւ Լոս Անջելեսի «Լեմլի» կինոթատրոնում Նոյեմբերի 29ին: Ֆիլմն արցախեան պատերազմի եւ բռնի տեղահանութեան փաստագրումն է` Մարտակերտի շրջանի Ծաղկաշէն գիւղի 11ամեայ բնակիչ Վրէժի աչքերով:
Շարժապատկերը Յորդանանի կողմից առաջադրուել էր «Օսկար 2024»ի համար եւ ներառուել էր «Լաւագոյն միջազգային խաղարկային ֆիլմ» անուանակարգում, սակայն անսպասելիօրէն հետ կանչուեց` Ադրբեջանի ճնշումների ներքոյ:


«Քաղաքական դրդապատճառներով ֆիլմի առաջադրման կասեցումը մեր թիմի համար սարսափելի նորութիւն էր, սակայն որոշեցինք այլ ուղի գտնել եւ Ամերիկեան Կինոակադեմիայի խորհրդով որակաւորուեցինք «Լաւագոյն վաւերագրական ֆիլմ» անուանակարգի համար: Այժմ Միացեալ Նահանգներում սկսել ենք մէկամսեայ արշաւ, ինչը ներառում է կինոթատրոններում պարտադիր ցուցադրութիւնները: Ոչինչ չի կարող կասեցնել մեր ընթացքը, քանզի քաղաքական նման միջամտութիւնը մեր համար նշան էր, որ սա կարեւոր պատմութիւն է, որ հնարաւոր չէ լռեցնել», ցուցադրութիւնից յետոյ կայացած հարցազրոյցի ժամանակ նշեց ֆիլմի բեմադրիչ, յորդանանահայ Սարին Հայրապետեանը:
2008 թուականին Արցախում կայացած զանգուածային հարսանիքի զոյգերի պատմութիւններին ծանօթանալու, եւ տասը տարի անց նրանց նկարահանելու նպատակով Արցախ մեկնած Սարին Հայրապետեանը չէր կարող երեւակայել, որ իր ծրագիրը շրջադարձային փոփոխութեան կ՛ենթարկուի, եւ ինքը կը դառնայ Արցախի ճակատագրական ժամանակաշրջանի վաւերագիրը: Յորդանանում ծնուած եւ Միացեալ Նահանգներում հաստատուած բեմադրիչ Սարին Հայրապետեանի համար Արցախն ինքնութեան մաս էր, որի մասին լսել էր մանկութիւնից, եւ հաւատացած էր, որ մի օր աշխարհին պատմելու է իր հայրենիքի մասին: 2018 թուականին Սարինը մեկնում է Արցախ, եւ ծանօթանում մի քանի ընտանիքների հետ` ֆիլմ նկարահանելու մտադրութեամբ: Աշխատանքներն անսպասելի շրջադարձ են ստանում, երբ 2020 թուականին բռնկւում է արցախեան պատերազմը: Հայրապետեանը սակայն վճռական էր շարունակելու նկարահումներն ու այդ ընտանիքներից մէկի որդու՝ պատանի Վրէժի միջոցով փաստագրելու Արցախի նորագոյն պատմութեան ողբերգական էջերը: «Իմ նպատակն էր, առանց քաղաքականութեան, երեխաների աչքերով ներկայացնել եղելութիւնը, Վրէժի տեսանկիւնը` իր հողի, տան մասին այդ անկայուն ժամանակաշրջանում», նշում է Սարինը: Պատերազմի ու տեղահանման օրերին, իր տեսախցիկով արցախեան ընտանիքի կեանքի դրուագները վաւերագրող բեմադրիչը, Արցախից Հայաստան նրանց գաղթի ճանապարհին, փոքրիկ մեքենայի թափքում նկարահանումների պահին չէր մտածում, որ այդ պատկերները աշխարհին պատմելու են հայրենիքից բռնի տարհանման դժնդակ պատմութիւն: Մէկ դար առաջ իրենց հողից արմատախիլ արուած ու Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների ծոռ Սարին Հայրապետեանի համար այդ պատմութիւնները նաեւ անձնական բնոյթ էին կրում, եւ առարկայական էին դառնում նախնեաց նկատմամբ բռնութիւնների, տեղահանութեան եւ տարագրման մանկութեան պատմութիւնները: Նա ապրում էր այն, ինչ իր ապուպապերն Արեւմտեան Հայաստանում, իսկ Վրէժը` այն, ինչ տատն ու պապը 90ականներին Արցախում, եւ նրանք մասն էին դառնում սերունդների աղէտալի շրջապտոյտի: Չնայած դժուարութիւններին, որեւէ մէկի մօտ չէր նուազում սէրն ու պատասխանատուութեան զգացումն առ հայրենի հողը, որի ուժն էլ մղեց պատերազմի օրերին Արցախից հեռացած բազմաթիւ ընտանիքների վերադառնալ:


Սարին Հայրապետեանին յաջողուել է բնականօրէն փոխանցել այդ զգացողութիւնները Վրէժի ու նրա ընտանիքի միջոցով` մեծից մինչեւ ամենակրտսերը: Ֆիլմում հնչող Սարինի հարցին, թէ պատերազմից յետոյ ինչն է մղում Վրէժի տատին վերադառնալ Արցախ, նա պատասխանում է` «տունս քաղցր ա», մինչ Վրէժի կրտսեր եղբայրը մանկական անկեղծութեամբ ասում է, որ ժամանակաւոր ապաստան դարձած տունը Հայաստանում, որն առաւել ապահով է ու բարեկեցիկ` «լաւը չի»:
«Տունս քաղցր ա» ֆիլմում, տեսախցիկը հետեւում է Վրէժին ամէնուր` տանը, դպրոցում, ճամբարում, բակում, տարագրման ճանապարհին, եւ յատկանշական է, թէ ինչպէս է կարճ ժամանակում տղան հասունանում` խաղաղասէր երեխայից վերածուելով պատասխանատու պատանու, ով պատրաստ է պաշտպանել իր հողը: Վրէժը երազում էր ատամնաբոյժ դառնալ իր հեքիաթային գիւղում` թափառաշրջիկ բադերով եւ ոսկէ մեղուներով: Իրականութիւնը սակայն այլ է` չպայթած ականներով, քանդուած տներով, գիտակցումով, որ բնակւում ես մի երկրում, որտեղ ամէն պահի կարող է պատերազմ սկսուել, եւ հարցերով, թէ «ինչպէ՞ս կարող ես ապրել հարեւանի հետ, ով ցանկանում է գրաւել քո երկիրը»: Պատերազմն ընդհատում է երազանքներն ու ծրագրերը, եւ չնայած դրան, վերադառնալով իր գիւղը` Վրէժը, իր ընտանիքն ու շրջապատը, յաղթահարում են յուսահատութիւնն ու փորձում արագօրէն վերագտնել պայքարելու եւ արարելու կամքը:
Ֆիլմն արցախցիների բնութագրի մասին է նաեւ` նրանց տոկունութեան աստիճանի, որ փոխանցւում է սերունդներին:
Սարին Հայրապետեանն այնքան բնականօրէն է ներկայացնում իրականութիւնը, որ հանդիսատեսն էլ ֆիլմի ընթացքում ակամայից Վրէժի կեանքի մաս է դառնում: «Ի սկզբանէ որոշել էի, որ պէտք է լինեմ դիտարկողի դերում եւ չմիջամտեմ, համբերութեամբ կառուցեմ յարաբերութիւններ Վրէժի ու նրա ընտանիքի, գիւղի, դպրոցի հետ: Երեխաները նման են սպունգի, որ կլանում են իրականութիւնը, այն, ինչ անում է պատերազմը, եւ նրանք չեն վերլուծում այնպէս, ինչպէս մեծահասակները, այլ` պարզապէս զգում են եւ արձագանգում», իր փորձառութեամբ կիսւում է բեմադրիչը:

Սարին Հայրապետեանի ֆիլմի ուղին նոյնքան լի է մարտահրաւէրներով, որքան ստեղծման պատմութիւնը: Յորդանանի կողմից «Օսկար»ից յետ կանչուելուց յետոյ, այն յամառօրէն շարունակում է պայքարն ու արժանանում բարձր գնահատականների ու մրցանակների: Յորդանանի, Ֆրանսիայի, Միացեալ Նահանգների եւ Իռլանդիայի համատեղ արտադրութեան շարժապատկերն արդէն ցուցադրուել է բազմաթիւ ֆիլմի փառատօներում, այդ թւում` Շեֆիլդի վաւերագրական ֆիլմերի հեղինակաւոր փառատօնում: Վաւերագրական շարժապատկերների միջազգային ընկերակցութեան (IDA) Դեկտեմբերի 5ի մրցանակաբաշխութիւնն էլ ֆիլմն առաջադրուել է երեք անուանակարգերում:
«Տունս քաղցր ա» շարժապատկերը հայի ցաւի եւ տոկունութեան մասին է, այն պատմութեան վաւերագրումն է, եւ միաժամանակ` հզօր գործիք Արցախի նկատմամբ արդարութեան վերականգնման պայքարում: Ֆիլմը համաշխարհային լսարանին հասցնելու, հնարաւորինս շատ շարժապատկերի սրահներում ցուցադրելու համար հարկաւոր է աջակցութիւն: Ֆիլմի մասին մանրամասներին եւ նուիրատուութեան ձեւերին կարելի է ծանօթանալ կայքում: