ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

1824ի Ապրիլին մի օր, Յունաստանի Միսոլոնգի քաղաքում մահանում էր աշխարհում երբեւէ ապրած ամենահանճարեղ բանաստեղծներից եւ ամենագեղեցիկ մարդկանցից մէկը:
Այնքան հանճարեղ, որ նրա մահուան բօթն առնելով, Սեւ ծովի ափին կանգնած այլ մի հանճարեղ բանաստեղծ՝ Ալեքսանդր Պուշկինը, բացականչել է․
– Աշխարհը դատարկուեց…
Եւ ահա այդ հանճարեղ ու գեղեցիկ մարդը մահանում էր շրջապատուած յոյն ապստամբներով, որոնց ոչ միայն ընկերն ու բարեկամն էր, զէնքի ու դրամի մատակարարն էր, այլ հրամանատարը:
Յաջորդ օրուան լուսաբացին, քաղաքը ցնցեց հրետանիին 37 որոտ:
Երախտապարտ Յունաստանն այդ որոտով օսմանեան բռնապետութեան դէմ իր մղած արիւնալի ու հերոսական պայքարի մէջ նետուած բանաստեղծի, մարգարէի, զինուորի մահն էր ողբում ու այդ գոյժն ազդարարում աշխարհով մէկ:
Հրանօթային 37 որոտ, որ բանաստեղծի ապրած տարիների թիւն էր խորհրդանշում: Բայրոնի պայքարը օսմանեան Թուրքիա դէմ՝ Յունաստանում, անուղղակիօրէն պայքար էր նաեւ Հայաստանի համար:
Բոլորիս յայտնի է, որ նա այնքան ծանօթ էր հայութեան, որ որոշեց սովորել գրաբար հայերէն Մխիթարեանների մօտ, Ս. Ղազար կղզի գնալով:
Նա լեզուաբան Յարութիւն Աւգերեանի հետ, հայերէն-անգլերէն բառարան են կազմում, եւ Բայրոնը անգլերէն առաջաբան է գրում բառարանի համար:
Արժէ մի քաղուածք բերել այդ առաջաբանից: Խօսելով Մխիթարեան միաբանութեան մասին, նշելով նրա աբեղաների «ազնուութիւնը, բարեկրթութիւնը եւ եղբայրական առաքինութինները», նա աւելացնում է․ «Այս մարդիկ քահանաներն են մի հարստահարուած եւ ազնուական ազգի, որ հրեաների եւ յոյների նման տարագիր եւ ստրուկ է եղել, առանց առջիների պէս խստասիրտ եւ վերջինների պէս գերի դառնալու: Այս ժողովուրդը հարստացել է առանց վաշխառութեան եւ վաստակել ամէն պատիւ, որ կարող են գերութեան մէջ վաստակել, առանց խարդախութեամբ»:
Այնուհետեւ, յիշեցնելով, որ ըստ Աստուածաշնչի, դրախտը զետեղուած է եղել Հայաստանի մէջ, Բայրոնը աւելացնում է․ «Եւ պարսից սատրապները, եւ թուրքական փաշաները հաւասարապէս անապատ դարձրին այս երկիրը, ուր Աստուած ստեղծել էր մարդուն, ըստ իր պատկերի»: