

Մեր կենտրոնի հիւանդները լսելով, որ ունեն նախադիաբետ (նախաշաքարախտ), խուճապի են մատնւում․ կարծես չեն լսում «նախա» բառը: Իրականում նախադիաբետը համարւում է ապրելակերպի փոփոխութեան զգօնացման կոչ եւ մեծ հաւանականութիւն կայ, որ մի քանի տարով հնարաւոր է յետաձգել շաքարախտի առաջացումը կամ ընդհանրապէս կանխել այն (չնայած դա հազուադէպ է լինում): Եթէ ձեր մօտ ախտորոշուել է նախադիաբետ, դա նշանակում է, որ դուք ունէք բնականից բարձր արեան շաքարի մակարդակ, թէեւ այնքան բարձր չէ, որպէսզի ախտորոշուի 2րդ տիպի շաքարախտ: Արեան շաքարի բարձր մակարդակը ցոյց է տալիս, որ ձեր մարմնի բջիջները դիմադրում են ինսուլինին: Ինսուլինը հորմոն է, որն ապահովում է գլիւկոզի փոխադրումը արիւնից դէպի բջիջներ՝ նուազեցնելով արեան մէջ գլիւկոզի մակարդակը (արեան շաքար)։ Ինսուլինն արտադրւում է ենթաստամոքսային գեղձի կողմից՝ սննդի հետ ընդունուած ածխաջրերին ի պատասխան։ Այն օգնում է օգտագործել արեան շաքարը ուժ ստանալու համար: Շաքարախտի կամ նախաշաքարախտի դէպքում մարմնին անհրաժեշտ է ինսուլինի աւելի բարձր մակարդակ:
Ցաւօք, նախադիաբետ չունի ախտանշաններ եւ մինչեւ արեան հետազօտութիւն չկատարուի` խնդրի առկայութիւնը չի բացայայտուի: Որոշ մարդիկ նախադիաբետով հիւանդանալու առաւել բարձր վտանգի տակ են, օրինակ շաքարախտի ընտանեկան պատմութիւն ունեցողները կամ նրանք, ովքեր ունեն արեան բարձր ճնշում, աւելորդ քաշ կամ գիրութիւն: Այս կարգին են պատկանում նաեւ այն կանայք, ովքեր ծննդաբերել են առնուազն 9 ֆունտ կշռող երեխայ կամ ունեցել են յղիութեան դիաբետի կամ բարձր արեան ճնշման պատմութիւն: Եթէ դուք պատկանում էք այս խմբերից որեւէ մէկին, ձեր բժիշկը կարող է կը նշանակի արեան քննութիւն։ Կ՛իրականացուի նմուշառման երկու քննութիւն՝ արեան շաքարը անօթի ժամանակ, որը պահանջում է, որ դուք առնուազն ութ ժամ ձեռնպահ մնաք ուտելուց կամ հեմոգլոբին A1c-ն, որը չափում է արեան շաքարի միջին մակարդակը վերջին երեք ամսուայ ընթացքում:
Եթէ արեան հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ դուք ունէք նախադիաբետ, ձեր արեան շաքարի մակարդակը պէտք է պարբերաբար ստուգուի՝ համոզուելու համար, որ վիճակը չի վերածուել շաքարախտի: Հնարաւոր է նաեւ, որ բժիշկը ձեզ առաջարկի «Մետֆորմին» կոչուող դեղամիջոցը: Կան ապացուցուած քայլեր, որոնք կարող էք ձեռնարկել՝ օգնելու կանխել անցումը շաքարախտի:
Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ մարմնի քաշի ընդամէնը 5ից 10 տոկոսը կորցնելը կարող է մեծ տարբերութիւն ունենալ:
Եթէ ծխում էք, թարգէք։ Ծխելը կարող է սրտի կաթուածի եւ ինսուլտի (ուղեղի կաթուածի) վտանգը աւելացնել:
Ընդունէք ցածր իւղայնութեամբ սննդակարգ: Սա ներառում է աւելի շատ բուսական ծագման մթերքներ, առողջ ճարպեր: Աղի փոխարէն դեղաբոյսեր եւ համեմունքներ օգտագործէք՝ սննդին համ հաղորդելու համար: Սահմանափակէք կարմիր միսը: Հսկէք չափաբաժինները՝ ընդհանուր կալորիականութիւնը (ջերմուժը) նուազեցնելու համար:
Պարբերաբար մարզուէք` ամէն օր առնուազն 30 րոպէ:
Մեր խորհուրդն է` հետեւել բժշկին, կանխելու համար շաքարային դիաբետի առաջացումը: