Հայաստանի մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրառում մը կատարելով՝ զգուշացուց, որ միջազգային ատեաններու մէջ Ատրպէյճանի դէմ Հայաստանի գանգատներէն հրաժարիլը կը յառաջացնէ իրաւական կարեւոր հարցեր:
«ՀՀ կառավարութեան ղեկավարն այդ յայտարարութիւններն անում է ՔՊ («Քաղաքացիական Պակմանագիր»ի) ղեկավարի իր նեղ շահերի գերակայութեամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը եւ սխալ մեկնաբանելով կառավարութեան լիազօրութիւնները: Նա չունի այդ գանգատներից հրաժարուելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրաւասութիւն: Դա հակասում է ՀՀ անվտանգութեանն ու պետական միւս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրաւունքները: Այդ գանգատներից հրաժարուելը Հայաստանի Հանրապետութիւնը դնում է պատասխանատուութեան տակ սեփական քաղաքացիներին իրենց իրաւունքների զանգուածային խախտումների համար պաշտպանութիւնից զրկելու, այդ պաշտպանութիւնից հրաժարուելու եւ յետագայում պաշտպանութեան խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական յանցանքները: Ուստի, գանգատներից հրաժարուելը չի կարելի «հիմնաւորել»` Կառավարութեան ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազօրութեան վրայ յղում անելով: Սա այդ դէպքը չէ: Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարուելու վարչապետի կամ կառավարութեան բացարձակ հայեցողութիւն: Հրաժարուելն ունի բոլորովին այլ իրաւական ռեժիմ (դրութիւն) արդէն իսկ նախաձեռնուած կամ ընթացող միջազգային դատական գործընթացի պայմաններում: Այն, որ միջազգային իրաւական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենեակը ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցուածքային միաւոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միաւորը վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը յատկապէս գործող կառավարութեան պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակայ են պետական շահերի նկատմամբ: Նշուածից բացի, ՔՊ ղեկավարն իր յայտարարութիւններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել: Օրինակ` ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչեւ իշխանութեան գալը Եւրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով` ստիպել են հրաժարուել Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումներից յանուն իրենց «յաղթանակի», գրած է Թաթոյեան։