ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԵԱՀԿի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատուիրակութեան անդամ Լիլիթ Գալստեան նոյն վեհաժողովի ձմեռնային նստաշրջանին խօսեցաւ Պաքուի բանտերուն մէջ պահուող հայ գերիներուն եւ անոնց շինծու դատավարութիւններուն մասին: Ան շեշտեց, որ բանտարկուած անձերը կ՛ենթարկուին կտտանքներու. այդ մասին կան փաստեր, եւ անոնք կը դատուին իբրեւ ահաբեկիչներ՝ միայն հայ ըլլալնուն համար:
Լիլիթ Գալստեան իր խօսքին մէջ ըսաւ հետեւեալը.
«Իմ խորը մտահոգութիւնն եմ փոխանցում Բաքւում գերեվարուած հայ ռազմագերիների, այդ թւում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառութեան առնչութեամբ: Նրանք 2023 թ. Սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի (յարձակումի) զոհերն են. ագրեսիա, որի արդիւնքում 120,000 էթնիկ (բնիկ) հայեր բռնի տեղահանութեան ենթարկուեցին:
«Մեր բոլորի անյետաձգելի ուշադրութիւնն եւ վերաբերմունքը պէտք է ուղղել 2025ի Յունուարին Բաքւում մեկնարկած դատավարութիւնների ուղղութեամբ, որոնք լրջագոյն հարցականի տակ են դնում արդար դատավարութիւն իրականացնելու Բաքուի կամքը: Հակառակ այն իրողութեան, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրաւունքների Եւրոպական Կոնվենցիային (համաձայնագիրին) եւ Քաղաքական եւ Քաղաքացիական իրաւունքների միջազգային խարտիային (պայմանագրութեան), ընթացող դատավարութիւնները մի շարք լրջագոյն խախտումներ են արձանագրում:
«1. Անառարկելի փաստեր են ի յայտ եկել, որ կալանաւորուածները կտտանքների են ենթարկւում: Նրանց դատում են որպէս ահաբեկիչների սոսկ հայ լինելու հանգամանքով:
«2. Հակառակ բաց դատավարութեան մասին Բաքուի յայտարարութեան` միջազգային կազմակերպութիւնների, այդ թւում` լրատուամիջոցների մուտքը արգելուած է:
«3. Յայտնի հումանիստ (մարդասէր) Ռուբէն Վարդանեանին, ով երբեք զինուորական կենսագրութիւն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացուող մեղադրանքը մօտենում է 200 տարուայ դատապարտման: Նրան իր մեղադրանքին ծանօթանալու խիստ սահմանափակ հնարաւորութիւն է տրուել:
«Ելնելով այս իրողութիւններից, ես պաշտօնապէս առաջարկում եմ, որպէսզի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելութիւն իրականացնի` դիտարկելու այս դատավարութիւնները:
«Այն կը ծառայի հետեւեալ նպատակներին`
«- Համոզուելու, թէ որքանով է դատավարութիւնը համապատասխանում միջազգային իրաւական չափանիշներին,
«- Կ՛ապահովի դատական գործընթացների թափանցիկութիւնը,
«- Կ՛արտայայտի միջազգային հանրութեան հաւատարմութիւնը Մարդու իրաւունքներին
«- Կ՛ահազանգի, որ մարդու իրաւունքների ոտնահարումը չի կարող անհետեւանք մնալ
«ԵԱՀԿ ԽՎ միջամտութիւնը յստակ ազդանշան կը լինի, որ միջազգային հանրութիւնը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշուետու լինի իր գործողութիւնների համար»։