
ՄՈՆԹԵԲԵԼԼՈՅԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ՝ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿՈԹՈՂ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանը ներառուեց Կալիֆորնիայի պատմական կոթողների ցանկում: Այս մասին պաշտօնապէս յայտարարուեց Փետրուարի 21ին` յուշահամալիրում կայացած արարողութեան ժամանակ: «Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն հայերի բնաջնջումն երբեք չի մոռացուելու: Մոնթեբելլոյի յուշարձանի ճանաչումը որպէս Հարաւային Կալիֆորնիայի պատմական կոթող այսօր բազմաթիւ քայլերից առաջինն է: Լոս Անջելեսի գաւառի տասը միլիոն բնակչութիւնը տեղեկանալու է այս մասին, ոչ միայն հայ կրթօջախների սաներն են այցելելու այս յուշահամալիր եւ աղօթելու, այլ գաւառի բոլոր դպրոցների աշակերտները: Այս յուշակոթողը վկայութիւն է, որ մեզ յիշեցնելու է, որ շարունակենք աշխատել Արցախի իրենց հողերից տեղահանուած 100 հազարից աւելի հայերի համար: Մենք չենք մոռացել, մենք ձեր հետ ենք«, իր խօսքում մասնաւորապէս նշեց Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Բոբ Արչուլետան: Նրան է պատկանում յուշարձանը նահանգի պատմական կոթող հռչակելու նախաձեռնութիւնը, որ միաձայն ընդունուեց Նահանգի Պատմական հարստութիւնների յանձնաժողովի կողմից:
Ծերակուտական Արչուլետան նշեց, որ արդիւնքը հնարաւոր է դարձել 35 օրէնսդիր գործընկերների համախմբման շնորհիւ, որոնցից ոմանք ներկայ էին ձեռնարկին: Նրանցից, Ծերակոյտի անդամ Մարիա Ելենա Դուրազոն ընդգծեց Արչուլետայի ջանքերը` նշելով. «Այս յուշարձանը ոչ միայն լոկ կառոյց է, այլ մշտական յիշեցում, որ 1915 թուականի իրադարձութիւնները երբեք չպէտք է կրկնուեն: Մեր պարտականութիւնն է` կրթել եւ կիսուել այս պատմութեամբ, եւ անխոնջ աշխատել, որպէսզի Կալիֆորնիայի ողջ պատմութիւնը տեսանելի լինի, յարգուի եւ պաշտպանուած լինի»:
Կալիֆորնիայի Ներկայացուցիչների տան անդամ, Հայկական օրէնսդրական յանձնաժողովի նախագահ Ճան Հայրապետեանն էլ պատմական անուանեց օրը. «Ես միակ հայն եմ այս յանձնաժողովում, եւ կարող եմ փաստել, որ Սակրամենտոյում թէեւ մարդիկ չունեն հայկական արիւն, բայց սրտով հայ են: Այդ մարդկանց շնորհիւ է, որ Մոնթեբելլոյի հայկական յուշարձանը ճանաչուեց պատմական կոթող»:
Նրա խօսքերին որպէս եւս մէկ հաւաստիք հնչեց Ներկայացուցիչների տան, եւ Հայկական յանձնաժողովի անդամ Մարկ Գոնսալեսի խօսքը, ով երախտագիտութիւն յայտնեց Արչուլետային` հնարաւորութիւն ընձեռելու պահպանել Մոնթեբելլոյի ամենամեծ եւ ամենահին յուշարձանը, որ նուիրուած է Հայոց Ցեղասպանութեանը:
Խօսքով հանդէս եկան նաեւ Մոնթեբելլոյի քաղաքապետարանի կառավարիչն ու քաղաքապետ Սալվադոր Մելենդեսը, ով նշեց, որ յուշարձանը հայերի համար եղել է որպէս տոկունութեան, յիշողութեան եւ արդարութեան հզօր խորհրդանիշ:

«Բիքնել» այգում, պաշտօնական արարողութեանը ներկայ էին նահանգային եւ քաղաքային պաշտօնեաներ, հայ համայնքի կազմակերպութիւնների ղեկավարներ, հոգեւոր, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Մեսրոպեան Ազգային վարժարանի սաները:
Ձեռնարկի բացումը խորհրդանշական ձեւով կատարեց Վազգէն քհնյ. Մովսիսեանը, ով 1968 թ.ին ներկայ էր եղել յուշարձանի պաշտօնական բացման արարողութեանը տասներկու տարեկանում:
«Տակաւին պատանի այստեղ էի, երբ ստեղծուեց յուշարձանը: Այսօր, երբ ես կանգնած եմ այն սերնդի առջեւ ում համար սա երազանք էր, եւ միաժամանակ տեսնում եմ Մեսրոպեան կրթօջախի սաներին ու իմ թոռներին, սա յիշեցնում է, որ մենք շարունակում ենք մեր կեանքն ու պայքարը», նշեց տէր Վազգէնը:
Հայաստանեայց առաքելական եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը պատմական անուանելով պահը, յայտնեց, որ երեւոյթը ոչ միայն պատիւ է, նաեւ պարտականութիւն` յիշելու, կրթելու եւ երաշխաւորելու, որ պատմական ճշմարտութիւնը երբեք չի ջնջուի: «Սա սուրբ վայր է, որտեղ վերապրածների ժառանգներն ու մեր մեծ համայնքը հաւաքւում են` վերահաստատելու իրենց նուիրուածութիւնը արդարութեանն ու մարդու իրաւունքներին»:
Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը յայտարարեց. «Մոնթեբելլօ քաղաքում Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանի ճանաչումը որպէս Կալիֆորնիայի պատմական յուշակոթող` 20րդ դարի Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կորցրած կեանքերը յիշելու եւ յարգելու մեր յանձնառութեան հզօր հռչակագիր է: Սա յաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր հաւատում են արդարութեան ձգտմանը, եւ մենք խորապէս երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօրը հնարաւոր դարձրեցին»:
Այնուհետեւ հոգեւոր հայրերը, ում միացաւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցուց Բարսեղ Ծ. վրդ. Պաղտասարեանը միասին տէրունական աղօթք յղեցին առ Աստուած:
Ձեռնարկը, հայ համայնքի կազմակերպութիւնների համար լաւագոյն առիթ էր վերահաստատելու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ յանձնառութիւնը: «Ցեղասպանութեան նահատակների յուշարձանը հզօր յիշեցում է մեր պատմութեան եւ նախնիների զոհաբերութիւնների մասին: Այս ճանաչումը ոչ միայն յարգում է նրանց յիշատակը, նաեւ ամրապնդում է ապագայ սերունդներին պատմական ճշմարտութիւնների մասին կրթելու կարեւորութիւնը», իր խօսքում նշեց Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Օշին Յարութունեանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի կողմից Արմէն Յովհաննիսեանն էլ յայտարարեց, որ Մոնթեբելլոյի յուշարձանը ոչ միայն հայ ժողովրդի տոկունութեան վկայութիւնն է, նաեւ՝ յանդուգն պատասխան նրանց, ովքեր ձգտում էին ջնջել մեր պատմութիւնը: «Այն յիշեցնում է մեզ, որ անգամ ժխտման եւ ընդդիմանալու ջանքերին, մեր համայնքը տոկացել է` կառուցելով դպրոցներ, եկեղեցիներ եւ հաստատութիւններ, որոնք ամրապնդել են մեր ինքնութիւնն ու երաշխաւորել, որ ճշմարտութիւնը պահպանուի գալիք սերունդների համար: Սա մի պահ է, երբ մենք յիշում ենք այն խորքերը, որտեղ մարդկութիւնը կարող է սուզուել, երբ չարին թոյլ է տրւում ծաղկել երկար ժամանակ անտեսուելով աշխարհի կողմից: Այդ չարիքը, ցաւօք, ծաղկել է վերջին հինգ տարիներին, քանի որ Ադրբեջանը շարունակում է Արցախի հետ անել այն, ինչ Օսմանեան Թուրքիան փորձում էր իրականացնել աւելի քան 100 տարի առաջ Արեւմտեան Հայաստանում` հայ ժողովրդի լիակատար բնաջնջում ու տեղահանում հայրենի հողում եւ այնտեղից», նշեց Յովհաննիսեանը:
Ձեռնարկի ժամանակ յիշատակուեցին նաեւ յուշարձանի 18 հիմնադիրները, ում շնորհիւ հնարաւոր է դարձել յուշահամալիրի հիմնադրումը: «Մոնթեբելլոն միշտ եղել է մեր տունը, եւ մենք մեզ միշտ ընդունուած ենք եղել այստեղ: Յետադարձ հայեացք գցելով` մենք միշտ համոզուած էինք, որ այս յուշարձանը կը դառնայ պատմական կոթող, եւ այսօր, Բոբ Արչուլետայի օգնութեամբ վերջապէս այն դարձաւ», յայտնեց հիմնադիրներից մէկի որդին` Մուրատ Մինասեանն ու ընթերցեց նուիրեալների անունները: Նրանք հայեր են, ում պէտք է ճանաչեն բոլորը` Յակոբ Ապտուլեան, Հրանդ Աղպապեան, Գրիգոր Այվազեան, Յակոբ եւ Մերիլին Արշակունիներ, Վարդան Ֆունտուքեան, Յարմիկ Յակոբեան, դոկտ. Ռիչըրտ Յովհաննէսեան, Օշին Քէշիշեան, Ճորճ Մանտոսեան, Յակոբ Մանճիկեան, Միքայէլ Մինասեան, Վազգէն Մինասեան, Պապ Մովէլ, Վարուժան Մովսէսեան, Յակոբ Նազարեան, Միսակ Սեւաչէրեան եւ Ճիւան Թապիպեան:
Յատկանշական էր Մեսրոպեան Ազգային վարժարանի սաների ներկայութիւնը միջոցառմանը: «Այս յուշարձանը որպէս պատմական ճանաչելը ժառանգութիւն է, որը ոչ միայն յարգանքի տուրք է անցեալին, նաեւ՝ կրթում է ապագայ սերունդներին: Այն նաեւ դասարան է առանց պատերի: Որպէս Մեսրոպեան Ազգային վարժարանի տնօրէն` այսօր այստեղ եմ մեր աշակերտների հետ, ովքեր ներկայացնում են մեր համայնքի ապագան, մեր ինքնութեան կրողներն են ու պատմութեան պահապանները», իր ելոյթում ասաց Լենա Կարապետեանը` դպրոցի անունից շնորհակալութիւն յայտնելով Բոբ Արչուլետային` նաեւ պաշտօնավարման ընթացքում տարիների աջակցութեան համար:
Ծերակոյտի անդամ Արչուլետան էլ առիթն օգտագործելով գնահատանքի արժանացրեց կրթօջախի բասկետբոլի խումբի անդամ երկուորեակ եղբայրներին` Նիկ եւ Դիլան Խաչիկեաններին, ովքեր անցեալ ամիս գերազանցեցին Կալիֆորնիայի նահանգային մրցանիշը` վաստակելով 102 միաւոր տղաների անհատական բասկետբոլի խաղում: Ամերիկահայ պատանիների ներկայութիւնը ձեռնարկին, վկայութիւնն էր, որ նոր սերունդները պատասխանատուութիւն են կրում համայնքի եւ իրենց ազգի համար, եւ Ցեղասպանութեան յիշողութիւնը վերապահուած չէ տարեցներին, այլ առկայ է բոլոր սերունդներում:
Տեղեկանք.- Միացեալ Նահանգներում Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ամենամեծ յուշահամալիրը կառուցուած է սպիտակ բետոնից (կրախիճէ) եւ իրար միացուած 23 մետր բարձրութեամբ ութ կամարից բաղկացած շինութիւն է, որը հայկական աւանդական եկեղեցական ճարտարապետութեան ժամանակակից մեկնաբանութիւնն է՝ Հրանդ Աղպապեանի հեղինակութեամբ: