
Մարտի 2ին պաշտօնապէս բացուեց ԹՈՒՄՕ Կապանի հիմնական շէնքը՝ Սիւնիքի հարաւում ԹՈՒՄՕի կրթական ցանցն ամբողջացնող կենտրոն-հանգոյցը։ Կենտրոնը տեղակայուած է Կապանի երկաթուղային կայարանի շէնքում, որը, պահպանելով պատմական եւ ճարտարապետական իւրայատկութիւնը, վերածնուել է որպէս նորարարական հանգոյց։ Կենտրոնը, Մեղրիի եւ Քաջարանի ԹՈՒՄՕ տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կը ծառայի շուրջ 2500 պատանիների։ ԹՈՒՄՕ Կապան այսուհետ դասընթացների եւ աշխատարանների կը յաճախեն նաեւ պատանիներ Գորիսից, որտեղ կը գործարկուի ԹՈՒՄՕ տուփ, եւ ուսանողները կ’ապահովուեն տրանսպորտով։
ԹՈՒՄՕ Կապան նախագիծն իրականացւում է Կապանի համայնքապետարանի, ԵՄի «Դիմակայուն Սիւնիք Թիմ Եւրոպա» նախաձեռնութեան եւ ԹՈՒՄՕի նուիրատուներ Ջուդիթ Սարեանի եւ Վիկտոր Զարուգեանի հետ համագործակցութեան շնորհիւ։ Մեղրիի եւ Գորիսի տուփերի հովանաւորներն են Քաշեան ընտանիքը եւ ContourGlobal ընկերութիւնը։
Նոր կենտրոնի դռները պաշտօնապէս բացեցին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանը եւ ԹՈՒՄՕի գործադիր տնօրէն Մարի Լու Փափազեանը: Ներկայ էին պետական կառոյցների ներկայացուցիչներ, ԹՈՒՄՕի եւ համայնքի միջազգային եւ տեղացի գործընկերներ, կենտրոնի ուսանողական եւ ծնողական համայնքը եւ հանրութիւնը։
Քաղաքապետ Փարսեանը ողջունեց Կապանի բոլոր հիւրերին եւ շնորհաւորեց ԹՈՒՄՕ Կապանի շէնքի պաշտօնական բացման առթիւ եւ նշեց ․ «Շատ ուրախ ենք, որ ԹՈՒՄՕ կենտրոնը հիմնադրւում է հէնց այստեղ, որովհետեւ ժամանակին երկաթուղին մեզ համար եղել է ոչ միայն փոխադրակաին կարեւոր հանգոյց, այլեւ նպաստել է մեր ամբողջ տարածաշրջանի տնտեսութեան եւ մշակոյթի հզօրացմանը: 21րդ դարում չափազանց կարեւոր է գիտելիքահեն տնտեսութեան եւ արհետագիտութիւնների զարգացումը: Եւ յոյս ունեմ, որ մեր պատանիները կ՛օգտագործեն այս հնարաւորութիւնը՝ կերտելու մեր Կապանի վաղուայ օրը»։


Դեսպան Մարագոսը նշեց․ «Մարդկային կարողականութեանց, հմտութիւնների, նորարարութեան եւ տարածքային համաչափ զարգացման մէջ ներդրում ունենալը մեզ համար կարեւոր առաջնահերթութիւն է: Այս պարունակում մեծ ուրախութիւն եւ պատիւ է, որ այսօր Կապանում բացում ենք ԹՈՒՄՕ կենտրոն։ Այն ճարտարապետական ժառանգութեան գոհար հանդիսացող շէնքում է, որը պահպանուել եւ արդիականացուել է։ Բացումը համատեղում ենք Բարեկենդանի հետ: Այսպիսով մենք ցոյց ենք տալիս մշակոյթի եւ տօների հանդէպ մեր գնահատանքը»։
«ԹՈՒՄՕ Կապանը Հայաստանում նորարարութեանը եւ տարածաշրջանային զարգացմանը աջակցելու ԵՄ յանձնառութեան դրսեւորումն է։ Կենտրոնը ոչ միայն կ՛օգնի երիտասարդներին ձեռք բերել այն հմտութիւնները, որոնք անհրաժեշտ են տեղում յաջողութեան հասնելու համար, այլեւ կը նպաստի Սիւնիքի մարզի կայուն տնտեսական զարգացմանը եւ դիմակայունութեան ամրապնդմանը։ ԹՈՒՄՕի հետ մեր համագործակցութիւնը ԵՄ համագործակցութեան ընդարձակ ծրագրի կարեւոր մասն է, որն ուղղուած է մարդկային կարողականութեանց զարգացմանը միտուած ներդրումներին, տեղական տնտեսութիւնների ամրապնդմանը եւ յաջորդ սերնդի նորարարների ու ձեռներէցների պատրաստմանը, ովքեր կը ձեւաւորեն Հայաստանի ապագան», նշեց Մարագոսը իր բացման խօսքում։
«Սիւնիքի բոլոր պատանիներին թումոյական կեանքեր վերափոխող ուսումնական փորձառութեամբ ապահովելու մեր նպատակին հասնելու ճանապարհն սկսել ենք դեռեւս 2021ին մէկ ԹՈՒՄՕ տուփից՝ այժմ հասնելով կրթական ցանցի։ Այս ծաւալուն նախագիծն իրականութիւն դարձաւ ամուր գործընկերութեան շնորհիւ. ԹՈՒՄՕին յաջողուեց գնել տարիներ առաջ սեփականացուած շէնքը, համայնքը եւ ԵՄն միաւորեցին ուժերը «Դիմակայուն Սիւնիք Թիմ Եւրոպա» նախաձեռնութեամբ, մեզ միացան մեր հաւատարիմ ընկերները՝ Ջուդիթն ու Վիկտորը։ Յատկանշական է, որ այսօր ենք յայտնում երկար սպասուած նորութիւնը Գորիսի ԹՈՒՄՕ տուփի մասին, որը գործարկւում է ContourGlobal ընկերութեան հետ համագործակցութեամբ։ Սիւնիքում ԹՈՒՄՕի կրթական ցանցն ամբողջացնելու համար մեզ մնում է միայն հիմնել Սիսիանի կենտրոնը եւ յարակից տուփերը։ Յոյս ունենք, որ այդ մարտահրաւէրն էլ կը յաղթահարենք՝ յուսալի գործընկերներ գտնելով», նշեց ԹՈՒՄՕի գործադիր տնօրէն Մարի Լու Փափազեանը։


ԹՈՒՄՕ Կապանի կրթական տարածքը չի սահմանափակուի միայն մէկ շէնքով։ Շինարարութիւնը շարունակւում է, եւ շուտով ուսանողների համար կը գործարկուեն նախագծով նախատեսուած նորակառոյց մասնաշէնքերը։ Մինչ այդ կրթական գործընթացը կը շարունակուի նաեւ շէնքի հարեւանութեամբ գործող ժամանակաւոր կենտրոն-տուփերում։
ԹՈՒՄՕ Կապանը յատուկ փորձառութիւն կը ստեղծի ոչ միայն պատանիների, այլեւ ամբողջ համայնքի համար։ Այստեղ կը գործի նաեւ «ԹՈՒՄՕ Լաբեր» ծրագիրը, որը նոյնպէս իրականացւում է ԵՄի հետ համագործակցութեամբ։ 18ից բարձր անձանց համար ծրագրի շրջանակում առաջարկւում են գործնական նախագծեր արհեստագիտութիւնների, գիտութեան եւ ճարտարագիտութեան ոլորտներում: Կապանում առաջին հերթին կը մեկնարկի «ԹՈՒՄՕ Լաբեր»ի ուղղորդուած ինքնուսուցման ծրագիրը, որի օգնութեամբ ուսանողները կարող են անվճար սովորել մեքենայական ուսուցում, Python կամ JavaScript ծրագրաւորման լեզուները` առցանց գրանցուելով tumolabs.am կայքում: Աւելին, շէնքում կը գործեն նաեւ միջոցառումների, համատեղ աշխատանքի եւ ուսուցման համար յարմարեցուած տարածքներ։
Ապագայ ճարտարապետ 16ամեայ Լուիզան թումոցի է Կապանի առաջին ԹՈՒՄՕ տուփի բացման օրուանից: Նա նոյնպէս ներկայ էր կենտրոնի բացմանը եւ անհամբեր սպասում էր շէնք մտնելու իր հերթին, նշելով․ «Շատ ենք սպասել շէնքի բացմանը, որը մեզ նոր հնարաւորութիւններ կ՛ընձեռի: ԹՈՒՄՕ ն նպաստել է մասնագիտութեանս ընտրութեան հարցում՝ եռաչափ «մոդելաւորման» դասընթացից ու «Ջէյ Պերեզի մշակութային ժառանգութեան սկանաւորման» աշխատարանից յետոյ եմ հասկացել, որ ուզում եմ դառնալ ճարտարապետ: Ու շատ ուրախ եմ, որ մեր կայարանի շէնքը պահպանել է իր պատմական շունչը»։

Պաշտօնական բացման օրը համատեղուեց ԹՈՒՄՕի տօնացոյցի սիրուած միջոցառման՝ Բարեկենդանի հետ։ Թումոյական ոճով տօնակատարութիւնը ներառեց ԹՈՒՄՕի շրջանաւարտների եւ «ԹՈՒՄՕ ստուդիա»ների մասնագէտների մասնակցութեամբ գեղագրութեան ներկայացումով եւ մաղատպագրութեան աշխատարանով, աւանդական երգ-պար-դիմակահանդէսով, «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի եւ «Կաթիլ» ժողովրդային նուագախմբի կատարումներով։ Ներկայացուեց նաեւ ԹՈՒՄՕի մշակութային ժառանգութեան թուայնացման նախագծի աշխատանքը. միջոցառման մասնակիցները իրականանման պտոյտ կատարեցին ԹՈՒՄՕի սկանաւորած Սիւնիքի պատմամշակութային յուշարձաններում։
Երեկոն աւարտուեց Միսակ Սամոկատեանի եւ Շահէն Խանդկարեանի տեսաձայնային փորձառութեամբ, որը նուիրուած էր Կապանի երկաթուղային կայարանի շէնքի պատմութեանն ու վերածնունդին։
(Թղթակցութիւնը՝ ԹՈՒՄՕէն)