
Արցախցի տնտեսագէտ, Արցախի աշխատանքի, ընկերային եւ գաղթականներու հարցերու նախկին փոխնախարար Արամ Վերդեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ առաջարկներ ներկայացուցած է՝ նկատի ունենալով արցախցիներու ներկայի ծանր իրավիճակը, ապագային նկատմամբ անորոշութիւնը եւ այդ հարցերու լուծման ուղղութեամբ Հայաստանի կառավարութեան յստակ քայլերու բացակայութիւնը:
Ստորեւ՝ Վերդեանի՝ Հայաստանի կառավարութեան ներկայացուցած առաջարկները.
«Այս պնդմանը յանգել եմ շուրջ 16 ամիս պետական մարմինների ղեկավարներին բազմաթիւ դիմումներ ուղղելուց, նրանց հետ հանդիպումներ ունենալուց, նրանց ուղղուած բանաւոր եւ գրաւոր առաջարկութիւնները նրանց կողմից անտեսուելուց կամ արհեստական ձգձգումներ անելուց յետոյ: Նշեմ, որ արցախցիների` իրենց հազարամեայ բնօրրանից բռնի տեղահանումից, էթնիկ (ցեղային) զտումից անցել է 16 ամիս, իսկ այս ամիսների ընթացքում մեզ` արցախցիներիս, զբաղեցրել են ՀՀ անձնագրային բաժանմունքների հերթերում անվերջ կանգնելով, այս պետական մարմնից մէկ այլ մարմին ուղարկելով, «50 հազարներ»ը տալու կամ չտալու յայտարարութիւններով, «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցութեան» ծրագրի «Անվերջ» քննարկումներով (3 մլն. դրամը 4 մլն. դարձնելը, 4 մլն.ը 5 մլն. դրամ դարձնելը)` վերջում որոշ շրջանակների կողմից տարածելով այն թէզը, որ արցախցիները ուզում են միայն Երեւանում ապրել: Նաեւ` ոչ-պետական կառոյցների` ՄԱԿի, Կարմիր Խաչի կամ այլ ՀԿների կամ հիմնադրամների կողմից «Անվերջ թուացող» դասընթացներով: Հաշուի առնելով իմ մասնագիտական (տնտեսագիտական) հմտութիւնները եւ փորձը, շփումները Արցախի եւ ՀՀ հմուտ մասնագէտների հետ` կարող եմ պնդել եւ նշել արցախցիների ամենակարեւոր հիմնախնդիրները`
«1. կայուն եկամտի խնդիր, դա կը լինի աշխատավարձի տեսքով թէ փոքր ու միջին բիզնեսով (գործարարութեամբ), ագրոբիզնեսով (գիւղատնտեսութեամբ), ֆերմերային (ագարակային) տնտեսութեամբ զբաղուելով, թէ ուժային մարմիններում ծառայելով: Այն կարող է լինել թէ՛ Շիրակում, թէ՛ Սիւնիքում, թէ՛ Լոռիում, թէ՛ Երեւանում: Ճիշդ պետական քաղաքականութիւն ու ցանկութիւն ունենալու դէպքում խնդիրը լուծելի է,
«2. Բնակարանային ապահովութիւն, որի աշխարհագրական տեղադրութիւնը կախուած է վերոնշեալ 1ին խնդրի լուծման քաղաքականութիւնից: Կայուն եկամուտ ունենալն է թոյլ տալու օգտուել բնակարանային ապահովման ծրագրից, քանի որ ծրագիրը իրականացւում է առեւտրային բանկերով, իսկ բանկերի հետ իրաւայարաբերութիւններն առանց եկամուտի դատապարտուած են ձախողման: Հաշուի առնելով, որ արցախցիների կէսը ապրել է առանձնատներում եւ ունեցել է լրացուցիչ եկամուտ (փոքր տնային տնտեսութիւն վարելով)՝ միանշանակ բնակապահովման ծրագրին առանց այդ նոյն ծրագրի` «Անհատական բնակելի տան կառուցման» բաղադրիչի լաւացման անհնար է հասնել: Նաեւ լրացուցիչ շինարարութեան խթանումը հնարաւորութիւն է տալու բնակարանների առուվաճառքի շուկայում գները կարգաւորել եւ թոյլ չտալ արհեստականօրէն բարձրացնել` պայմանաւորուած այս ծրագրի պահանջարկով, ինչպէս նաեւ խթանելու ու զարգացնելու է ՀՀ տնտեսութիւնը:
«Այսօր Սիւնիքի մարզում պետական մրցոյթի շրջանակում կատարուող 1 առանձնատան շինարարութիւնը Հայաստանի պետական բիւջէի վրայ նստում է մօտ 32.5 մլն. ՀՀ դրամ: Հաշուի առնելով, որ Արցախի մէկ ընտանիքի միջինացուած գործակիցը մօտ 3.5 է` անհնար է ծրագրում նշուած գումարներով (3, 4 կամ 5 մլն.ով) կառուցել անհատական բնակելի տուն: Աւելորդ եմ համարում, բայց լրացուցիչ կը նշեմ` մինչեւ ընտանիքը ապահովուած չէ բնակարանով, այդ ընտանիքի բոլոր ադամները պէտք է ստանան 40+10 հազար ՀՀ դրամ պետական աջակցութիւնը` կեցութեան եւ այլ ծախսերը հոգալու նպատակով: Յաւելեմ, որ այս տրուող գումարները, որոշ պաշտօնեաների բնորոշմամբ «միլիարդները», ոչ թէ մտնում են բռնի տեղահանուած արցախցիների գրպանները, այլ, վճարելով բնակվարձի եւ այլ ծախսերի դիմաց, մտնում են ՀՀում բնակուող տեղի քաղաքացիների գրպանները, որը մուլտիպլիկացիոն էֆեկտ (շարժանկարի ազդեցութիւն) տալով` աշխուժացնում է ՀՀ տնտեսութիւնը եւ գեներացնում (կը ծնանի) տնտեսական աճ ու լրացուցիչ հարկեր:
«Վերոնշեալ կէտերում նշեցի 2 կարեւոր հիմնախնդիրներ: 1ին կէտի` կայուն եկամուտ ունենալու խնդրի լուծման իմ տեսլականն ու առաջարկութիւնները հրապարակային թուարկում եմ`
«1. Արցախում ուժային մարմիններում ծառայած անձանց անխոչընդոտ ծառայութեան ընդունում ՀՀ ուժային մարմիններում` զուգահեռ ապահովելով բնակապահովման բաղադրիչը: «Անխոչընդոտ» նշանակում է, օրինակ, այսպէս կոչուած «քաղաքացիութեան» հարցը ոչ թէ պէտք է ՀՀ Զինուած ուժերի ծառայողը լուծի, որին արհեստականօրէն դարձրել են «ոչ քաղաքացի», այլ այդ ուժային մարմինը: Այսինքն, արցախցի նախկին ծառայողը, այցելելով ՀՀում ուժային գերատեսչութիւն, մէկ դիմումով պէտք է լուծի ե՛ւ քաղաքացիութեան, ե՛ւ զինկոմիսարիատի, եւ նաեւ այսպէս կոչուած այլ հարցումների հարցը եւ ընդունուի ծառայութեան «մէկ պատուհան» սկզբունքով: Այսինքն, այդ գերատեսչութիւններում պէտք է ստեղծուեն միջգերատեսչական յանձնաժողովներ, որոնք տեղում կը լուծեն միմեանց միջեւ առաջացած հարցերը, ոչ թէ ինչպէս հիմա են անում. պատերազմների մասնակից զինծառայողին մէկ մարմնից ուղարկում են մէկ այլ մարմին` մինչեւ որ անձը հիասթափուի եւ հրաժարուի կրկին ծառայութեան անցնելու մտադրութիւնից:
«2. Կայուն եկամուտ ունենալ փոքր ու միջին բիզնեսով (գործարարութեամբ) (ՓՄՁ), ագրոբիզնեսով (երկրագործական), ֆերմերային (ագարակային) տնտեսութեամբ զբաղուելով`
«2.1 ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան կողմից 2023թ վերջին մշակուել է Կառավարութեան որոշման նախագիծ «Սկսնակ եւ փոքր ձեռներէցներին աջակցութեան միջոցառումները հաստատելու վերաբերեալ» (յղումը` https://www.e-draft.am/projects/7027), եւ այն հրապարակուել է 2024թ. մարտին: Այն վերաբերում էր ՀՀում «ՓՄՁ սուբյեկտների (ենթականերու) համար ձեռնարկատիրական զարգացման դասընթացների մասնակցութեան վճարի փոխհատուցմանը, արտօնեալ պայմաններով վարկերի տրամադրմանն ու հովանոցային մեխանիզմով (գործիքակազմով) պետական երաշխիքների տրամադրմանը` այդ ձեւով նպաստելով աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտների ընդլայնմանը եւ մրցունակութեան բարձրացմանը, ներառելով նաեւ Արցախից բռնի տեղահանուած անձանց»: Հանրային հեռուստատեսութեան եւ Էկոնոմիկայի նախարարութեան կողմից այն լուսաբանուել է 2024թ. մայիս ամսին (յղումները` https://www.facebook.com/watch/?v=2188226671512454&rdid=fjFYTDIphmMogj0r
https://www.youtube.com/watch?v=bnxkQtDoX3k ): Բայց այս նախագիծը այդպէս էլ մնաց որպէս նախագիծ եւ Կառավարութեան որոշում չդարձաւ` չնայած որ պետական բիւջէով գումարներ էին նախատեսուած եւ լուսաբանւում էր ծրագրի շուտափոյթ մեկնարկի մասին: Այս նախագիծը լրիւութեամբ լուծում էր Արցախից բռնի տեղահանուած այն անձանց խնդիրները, ովքեր որոշել են զբաղուել ՓՄՁով ՀՀում:
«Ուստի, առաջարկում եմ կառավարութեանը տուեալ խնդրի շրջանակում վերոնշեալ նախագծի ընդունման գործուն քայլեր իրականացնել:
«2.2 Տարբեր ՀՀ առեւտրային բանկեր 2024թ. ընթացքում ստացել են ֆինանսական միջոցներ եւրոպական, ամերիկեան եւ այլ կառոյցներից` ՀՀում ՓՄՁներին եւ գրաւի առարկայ չունեցող թիրախային անձանց վարկաւորելու համար (ըստ բաց աղբիւրներից ստացուած ինֆորմացիայի` այդ ծրագրերում թիրախային անձինք են` կանայք, երիտասարդները, գիւղաբնակները, ներգաղթեալները): Բռնի տեղահանուած արցախցիները, ովքեր որոշել են զբաղուել ՓՄՁով, լիարժէք համարւում են տուեալ ծրագրերի շահառուներ: Ուստի, առաջարկում եմ Կառավարութեանը տուեալ ծրագրերի շրջանակում բանակցել ՀՀ առեւտրային բանկերի հետ եւ ՀՀ պետական բիւջէից սուբսիդաւորել (նպաստ տալով) առնուազն 14 տոկոսային կէտով` շեշտը դնելով արտադրութեան ճիւղերին եւ համայնքներում հիմնուող բիզնեսների վրայ:
«2.3 Արցախում գիւղատնտեսութիւնը բաւականին զարգացած էր: Որոշ ճիւղեր, նոյնիսկ մի քանի անգամ, տեխնոլոգիապէս (արհեստագիտութեան մէջ) զարգացած էին, քան ՀՀում: Բնակչութեան ստուար զանգուածը զբաղւում էր գիւղատնտեսական գործունէութեամբ: Հաշուի առնելով արցախցիների փորձը գիւղատնտեսութեան մէջ` անհրաժեշտութիւն է առաջանում նրանց ներուժի օգտագործումը ՀՀում:
«Բայց հարց է առաջանում` որտե՞ղ կարող են արցախցիները գիւղատնտեսութեամբ զբաղուել, քանի որ ՀՀ վարելահողերի հողային ֆոնդը (պաշարը) զբաղեցուած է եւ սեփականաշնորհուած: Ճիշդ է, կան մասնագէտների պնդումներ, որ 200-220 հազ. հա վարելահող սեփականաշնորհուած է, բայց գտնւում է անմշակ վիճակում: Բացի դրանից, սեփականատէրերը մահացած են եւ նոյնիսկ ժառանգութիւն չի ընդունուել: Այս վարելահողերի ֆոնդը մասնատուած ու խնդրայարոյց է եւ անհրաժեշտ են տարիներ, որպէսզի այդ հարցերը լուծուեն: Այստեղ հարց է առաջանում` որտեղի՞ց հող գտնել:
«Այս խնդրի լուծման համար մեզ կարող է օգնել ՀՀում վարելահողերի ֆոնդի աւելացումը` ի հաշիւ քարքարուտ արօտավայրերի եւ գիւղատնտեսական այլ նշանակութեան հողերի, որոնք հիմնականում հանդիսանում են պետական սեփականութիւն եւ կազմում եմ հազարաւոր հեկտարներ: Նմանատիպ ծրագիր` հողերի մելորացման, եղել է Խորհրդային Հայաստանի ժամանակ եւ այժմ կայ զարգացած երկրներում: Նոյնիսկ այս ծրագրի համար կարելի է երկարաժամկէտ ֆինանսական միջոցներ ներգրաւել Միջազգային բանկից կամ այլ միջազգային ֆինանսական կառոյցներից:
«Ուստի, առաջարկում եմ Կառավարութեանը տուեալ խնդրի շրջանակում համայնքապատկան հողերում կատարել հողերի բարելաւման միջոցառումներ եւ այն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած անձանց, որի վրայ պետութեան կողմից սահմանուած նախապայմաններով արցախցիները կը զբաղուեն ինտենսիւ (խիստ, խտացեալ) գիւղատնտեսութեամբ:
«Բոլոր տնտեսական ծրագրերում, որոնք իրականացւում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան կողմից, առաջին քայլը վարկունակութեան որոշումն է, որն իրականացւում է ՀՀ առեւտրային բանկերի կողմից: Արցախից բռնի տեղահանուածները վարկունակութեան խնդիր ունեն: Բացի դրանից, փախստականի կարգավիճակը հէնց բացասաբար է անդրադառնում բիզնես վարկի տրամադրման հարցում: Նշանակում է, Արցախից բռնի տեղահանուած անձանց համար այդ ծրագրերը անհասանելի են:
«Յաւելեմ, որ ես այս առաջարկութիւնները հանրային բարձրացնում եմ, որպէսզի Արցախից բռնի տեղահանուած իմ հայրենակիցները, ինչու չէ նաեւ ՀՀում ապրող հայրենակիցներս (իմ առաջարկները հնարաւոր է օգտագործել ու տարածել նաեւ ՀՀում բնակուող այլ սոցիալական խմբերի վրայ), կարողանան օգտուել եւ այսքանից յետոյ արժանապատիւ ապրել գոնէ միշտ իրենց հայրենիքը համարող ՀՀում, այլ ոչ թէ օտար ափերում: Խնդրում եմ, իմ առաջարկները չընկալել որպէս անձնական խնդրանք եւ տարբեր ուղիներով չառաջարկել անհատական մօտեցումներ ու լուծումներ. ես ու իմ շրջապատը մեր ունեցած գիտելիքներով, փորձով ու մարդկային յատկանիշներով դժուարութեամբ, բայց կարողանում ենք եւ կարողանալու ենք լուծել մեր անհատական խնդիրները:
«Վերոնշեալ առաջարկներս հանրային ձեւով ուզում եմ բարձրացնել` խնդրելով նաեւ ԶԼՄին, հասարակական կազմակերպութիւններին, իրաւապաշտպան մարմիններին, շահագրգիռ այլ կողմերին, որպէսզի հազարաւոր փախստականներին վերաբերող վերոնշեալ խնդիրները, մեր առաջարկները լուսաբանեն եւ հարցը բարձրացնեն տարբեր մարմիններում: Ցանկանում եմ նշել, որ մասնագիտական խմբով պատրաստ ենք քննարկել վերոնշեալ կէտերը, աւելի մանրամասն ներկայացնել առկայ խնդիրները եւ դրանց լուծման ուղիները»։