Առայժմ՝ էլեկտրոնային տարբերակով, իսկ շուտով նաեւ տպագիր տեսքով ընթերցողների ուշադրութեանն է ներկայացւում «Վէմ» հանդէսի 2024 4րդ համարը, որի հրատարակումը յետաձգուել է սոսկ տեխնիկական (արհեստագիտական) պատճառներով։
Խմբագրականը նուիրուած է հայ հասարակութեանը ներկայումս խիստ յուզող ու անհանգստացնող թուրքական վտանգի երկու հիմնական կողմերի քննութեանը։ Ցոյց է տրւում, որ ի տարբերութիւն նրա համեմատաբար յայտնի՝ արտաքին կողմի, թուրքական վտանգի ներքին բաղադրիչներն այսօր ամենավտանգաւորն են մեզ համար, քանի որ հիմնւում են մեր ներքին ձեւախեղումներից ծնուած ստրուկի հոգեբանութեան օգտագործման նպատակադրումի վրայ։
Հանդէսում տեղ գտած ուշագրաւ հրապարակումներից առանձնանում են պրոֆեսորներ Արարատ Մ. Յակոբեանի ու Սամուէլ Պ. Մուրադեանի՝ եւ բանասիրական գիտութիւնների թեկնածու Նորայր Բ. Պօղոսեանի (Լոս Անջելես) ծաւալուն ուսումնասիրութիւնները։
«Պատմական փաստի իմաստն ու նշանակութիւնը՝ պատմաբանի կոգնիտիւ (ճանաչողական) գործառոյթների համատեքստում (պարունակում)» հրապարակման մէջ պրոֆեսոր Արարատ Մ. Յակոբեանը հետազօտել է պատմութեան տեսութեան ու մեթոդաբանութեան հիմնարար հարցերը, մասնաւորապէս՝ պատմական սկզբնաղբիւրը գիտապատմական փաստի վերածելու բարդ ընթացակարգերը, որոնց իմացութիւնը թոյլ է տալիս յաղթահարել արդի հայ պատմագրութեանը բնորոշ նկարագրական մօտեցումները։
Պարոյր Սեւակի ծննդեան 100ամեակի առթիւ գրուած Սամուէլ Պ․ Մուրադեանի ծաւալուն ուսումնասիրութիւնը սեւակագիտութեան ասպարէզում վերջին կէս դարում ստեղծուած գրականութեան եւ բանաստեղծի մասին գրականագէտի անձնական յուշերի համադրութեամբ շարադրուած խիստ արժէքաւոր գործ է, որն, անկասկած, հարկաւոր է հրապարակել նաեւ առանձին գրքով։
Իսկ ինչ վերաբերում է այժմ Լոս Անջելեսում բնակուող «Վէմ»ի վաղեմի յօդուածագիր Նորայր Բ. Պօղոսեանի աշխատութեանը, ապա այստեղ մենք գործ ունենք հայաստանցի ուսումնասիրողի «սփիւռքացման» նախնական հանգրուանի հետ, որի արդիւնքում հեղինակը գտել է գիտական հետաքրքրութիւնների նոր շրջանակ՝ Հայաստանեայց եկեղեցու Ամերիկայի Միացեալ Նահանգներում հաստատուելու եւ ճիւղաւորուելու պատմութիւնը։