ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԱՐԿԱՒԱԳ ԳՈՒՄՐՈՒՅԵԱՆ
Ամերիկայի Միացեալ Նահանգներում գարնան առաջին օրն աւանդաբար Մարտի 21ն է համարւում։ Որոշ աստղագէտներ սկսել են պնդել, որ Հիւսիսային Ամերիկայի բոլոր ժամային գօտիներում գարունն սկսում է Մարտի 20ին։
2020ին գարնան առաջին օրը Մարտի 19ն էր։ Այն 124 տարուայ մէջ առաջին անգամ էր համընկել այդ օրուան։
Այս հաշուարկները պայմանաւորուած են գարնանային գիշերահաւասարով, երբ արեւի քանակը լինում է մօտաւորապէս 12 ժամ՝ ձգուելով մինչեւ ամառուայ առաջին օրը՝ Յունիսի 21ը։
Եթէ Միացեալ Նահանգներում տակաւին ձմեռ է, ապա աշխարհի մի շարք երկրներում, այդ թւում նաեւ Հայաստանում՝ գարուն է, զարթօնք։ Կը նշանակի, որ այս հարցում եւս մենք` հայերս, առաջատար ենք։
Հետաքրքրական է, որ 1870ականներին, հայ իրականութեան մէջ, որոշում են Մարտ ամսուայ օտար անունը հայկականացնել՝ փոխարինելով Զարթին անուամբ, որի հիմքում ընկած է գրաբարեան «զարթնուլ» չէզոք բայը։ Վերջինս նշանակում էր արթնանալ, ըստ որի անունն էլ պէտք է խորհրդանշեր ամսուայ զարթօնքը։ Հարկ է նշել, որ այս նորամուծութիւնը յաջողութիւն չունեցաւ եւ շուտ մոռացուեց։
Որպէս Մարտ բառի բացատրութիւն՝ հայերէնում հասկանում ենք նաեւ պայքար ու պատերազմ։ Հաւանաբար այս էլ բացատրւում է նրանով, որ Մարտ ամսին միշտ լինում է Մեծ Պահքի շրջան, որն էլ իւրովի պայքար է, մինչեւ Քրիստոսի Յարութիւն, մինչեւ բնութեան զարթօնք ու յաղթանակ։