Հայաստանի նախագահական ընտրութիւնները եւ դրան յաջորդած ներքաղաքական ճգնաժամը ստուերեց միջազգային ասպարէզում գրանցուած մի չափազանց կարեւոր իրադարձութիւն՝ կապուած Քոսովոյի անկախութեան ճանաչման հետ: Քոսովեան թեման հայկական պետական եւ քաղաքական շրջանակներում կարող էր անուշադրութեան մատնուել, եթէ Հայաստանը չունենար ղարաբաղեան խնդիր: Քոսովոյի միակողմանի ճանաչումը մի քանի տասնեակ երկրների, այդ թւում նաեւ աշխարհի գերհզօր Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան առաջատար պետութիւնների կողմից նոր առճակատման պատճառ դարձաւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Անգամ հակասութիւններ առաջացան ցեղային, լեզուական եւ կրօնական ընդհանրութիւններ ունեցող եւ ռազմաքաղաքական դաշնակիցներ համարուող Թուրքիայի եւ Ատրպէյճանի միջեւ: Եթէ Անգարան ճանաչեց ալպանական այս երկրամասը, ապա Պաքուն՝ ի նշան բողոքի, այնտեղից դուրս բերեց իր խաղաղարար ուժերին, որոնք, ի դէպ, գտնւում էին թուրքական հրամանատարութեան ներքոյ:
Մարտի 13ին Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնում սեմինար-քննարկում էր կազմակերպուել «Քոսովոյի նախադէպը. կիրառելի՞ է այն Արցախի դէպքում» թեմայով: Խնդրին անդրադարձ եղաւ մի քանի կողմերով: Հիմնական զեկուցողները երեքն էին. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքեանը, Ազգային ժողովի պատգամաւոր, Ժառանգութիւն խմբակցութեան քարտուղար Ստեփան Սաֆարեանը, եւ ԱԺԿ կուսակցութեան ղեկավար Շաւարշ Քոչարեանը:
Ստեփան Սաֆարեանը, ում կուսակցութիւնը Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել Հայաստանի կողմից ԼՂՀի ճանաչման վերաբերեալ, մտահոգիչ համարեց պաշտօնական Երեւանի կողմից արուող յայտարարութիւնները, թէ Քոսովոն չի կարող լինել նախադէպ Լեռնային Ղարաբաղի դէպքում: Աւելի՛ն. Սաֆարեանի կարծիքով, Հայաստանը պէտք է աշխուժօրէն այն տեսակէտը առաջ տանի, որ ոչ թէ Քոսովոն է նախադէպ, այլ ԼՂՀն է նախադէպ Քոսովոյի համար:
«Լեռնային Ղարաբաղը ապագաղութացման օրինակ է ոչ միայն Քոսովոյի, այլ շատ երկրների համար: Ղարաբաղի վերադարձը դէպի անցեալ անշրջելի է, առարկայական ու ենթակայական առումներով՝ անհնար: Մենք՝ Ժառանգութիւն կուսակցութիւնը, կողմնակից ենք Հայաստանի կողմից ԼՂՀի ճանաչմանը», ասաց պատգամաւորը «Նախադէ՞պ, թէ՞ երկակի չափանիշների եւս մէկ օրինակ» զեկոյցը ներկայացնելու ընթացքում:
Յիշեցնենք, որ Երեւանը բարձր մակարդակով բազմիցս յայտարարել է, որ չնայած Ղարաբաղի եւ Քոսովոյի միջեւ եղած պատմական, քաղաքական, իրաւական տարբերութիւններին, Քոսովոյի անկախացումը չի կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացի վրայ: Ընդ որում, նկատենք, բարձրաստիճան հայ պաշտօնեաները միակարծիք չեն Քոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ զուգահեռներ տանելու հարցում:
Նախագահ Ռոպերթ Քոչարեանը 2006թ. Մարտին հարցազրոյցում ասել էր, որ ընդհանրապէս, շատ դրական է համարում այն միտումները, որոնք աշխարհում կան Քոսովոյի նման հակամարտութիւնների կարգաւորման շուրջ: «Շատ աւելի մեծ ուշադրութիւն է դարձւում ազգերի ինքնորոշման սկզբունքին: Եթէ փորձենք յետադարձ հայեացքով գնահատել վերջին տարիներին կարգաւորուած, լուծում ստացած հակամարտութիւնները, կը տեսնենք, որ բոլորը հէնց այդ սկզբունքով են՝ Էրիթրէայի անկախութիւնը, Արեւելեան Թիմորի անկախութիւնը՝ հանրաքուէի ճանապարհով, այն ինչ կատարւում է այսօր Քոսովոյում, ոեւէ մէկը գրեթէ կասկած չունի, թէ ինչ հանգուցալուծում է ստանալու այս հակամարտութիւնը: Հանրաքուէ է սպասւում Մոնթենեկրոյում, Պաղեստինի պետութեան հարցն այլեւս ոչ մէկի համար կասկած չի առաջացնում, նոյնիսկ Իսրայէլի իշխանութիւնների համար, Սուտանում ստորագրուած պայմանագիրը հիւսիս-հարաւ հակամարտութեան շուրջ: Բոլոր այս հակամարտութիւնների կարգաւորման սկզբունքը ինքնորոշման իրաւունքի կիրառումն է: Այդ առումով, տարեցտարի մեր դիրքերը բանակցային գործընթացում ուժեղանում են: Շատ աւելի հեշտ է այսօր խօսել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման շուրջ, սկզբունքների, պարզաբանումների առումով դրսի աշխարհի հետ: Միտումները դրական են, եւ բոլորը հասկանում են, որ տարածքային ամբողջականութիւնը, շատ կարեւոր սկզբունք լինելով հանդերձ, շատ դէպքերում օգտագործւում է որպէս ազգային փոքրամասնութիւնների բռնութիւնների ենթարկելն արդարացնող միջոց: Ուրեմն, այդ տեսանկիւնից շատ աւելի լաւատեսական եմ նայում բանակցային գործընթացի շարունակութեանը, քանի որ այն օրինակները, որոնք այսօր կան, հնարաւորութիւն են ստեղծում նաեւ մեզ համար աւելի աքթիւ աշխատելու այդ ուղղութեամբ», ասել էր նախագահ Քոչարեանը:
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսեանը Մարտի 12ին, ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասել է. «Մենք պիտի չհամարենք Քոսովոն նախադէպ մեզ համար այն առումով, որ Ղարաբաղի խնդիրն էապէս տարբերւում է բոլոր խնդիրներից: Ղարաբաղն անկախութիւն է ստացել համաձայն Խորհրդային Միութեան գործող օրէնքների, այսինքն իրաւաբանական, իրաւունքի տեսակէտից տարբերւում է բոլոր այդպիսի վայրերից, տագնապներից, եւ մենք իրաւունք չունենք որեւէ մէկի հետ հաւասարեցնել, խառնել։ Յետոյ նախադէպ չենք համարում նաեւ այն առումով, որ մենք տեսանելի ապագայում չենք պատրաստւում ճանաչել ԼՂ անկախութիւնը: Բայց քանի որ մենք մշտապէս կողմնակից ենք ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի ազատ իրականացմանն, այս առումով, անշուշտ, Քոսովոյի անկախութիւնը մեր կողմից ողջունւում է»:
2007թ. Յունիսի 29ին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը յայտարարեց, որ հայկական կողմը չի քննարկում Քոսովոյի նախադէպի օգտագործման հնարաւորութիւնը Ղարաբաղի դէպքում, քանի որ «մենք չգիտենք, թէ ինչով կ՚աւարտուի ամէն ին»չ: «Եթէ այնպէս ստացուի, որ Քոսովոն անկախութիւն ստանայ, իսկ Մ. Նահանգները ասեն, որ այլեւս ոչ մէկին անկախութիւն չի տրուի, ապա դա վատ է: Կը ստացուի, որ ինչ-որ մէկը կարող է անկախ լինել, իսկ մնացածը՝ ոչ: Եթէ Քոսովոյին անկախութիւն չտրամադրեն, որը եւս վատ է», ասել էր Օսկանեանը՝ յաւելելով, որ՝ «Հայաստանն այլ ուղի ունի, որը ենթադրում է բանակցութիւնների միջոցով որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ ելնելով ԼՂՀ բնակչութեան կամքից: Մենք չենք նայում այլ հակամարտութիւններին»:
Ի դէպ, Արեւմուտքում յստակ ընդգծում են, որ Քոսովոն չի կարող նախադէպ լինել այլ, մասնաւորապէս ԱՊՀ տարածքի «սառեցուած» հակամարտութիւնների համար: Սկզբում Ռուսաստանը ընդդիմացաւ, ապա սպառնաց, թէ կարող է ճանաչել Աբխազիայի անկախութիւնը, սակայն որոշ ժամանակ անց փափկեցրեց իր դիրքորոշումը:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքեանը «Հայեացք Երեւանից. Քոսովոն ճանաչել-չճանաչելու հարցում Հայաստանի դիրքորոշումը» զեկոյցում ընդգծեց, որ միջազգային շահերի տեսանկիւնից Լեռնային Ղարաբաղի, Քոսովոյի, Աբխազիայի դէպքերը տարբեր են:
«Հայաստանը պէտք է ճանաչի ԼՂՀն, այլ ոչ թէ նրա ինքնորոշման իրաւունքը, ինչպէս ասւում է: ԼՂՀն իր ինքնորոշման իրաւունքը արդէն իրականացրել է: Մենք 20 տարի չենք կարողանում պարզել՝ ԼՂՀն անկա՞խ է, թէ՞ Հայաստանի մաս: Երեւանը պէտք է յստակ արտայայտուի: Մեր ընդդիմախօսներն ասում են, եթէ Հայաստանը չի ճանաչում, ապա մենք ինչո՞ւ ճանաչենք», նկատեց Մելիքեանը:
Շաւարշ Քոչարեանը իր ելոյթում, որը վերնագրուած էր՝ «Ո՞վ է աւելի պատրաստ անկախութեան. զուգահեռներ Արցախի եւ Քոսովոյի միջեւ», նախ յիշեցրեց, որ դեռ 1992թ. Հայաստանի այն ժամանակուան Գերագոյն խորհրդում ընդդիմութիւնը փորձում էր հասնել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, սակայն գործող վարչակարգը դէմ դուրս եկաւ: Միւս կողմից, ԱԺԿ առաջնորդը շեշտեց, որ Հայաստանի կողմից ԼՂՀի ճանաչումը պէտք չէ ընկալուի որպէս պարտուած կողմի՝ դուռը փակելու շրխկոց: Քոչարեանը բերեց մի շարք փաստարկներ՝ պնդելու իր տեսակէտը առ այն, որ ԼՂՀն աւելի պատրաստ է անկախութեան, քան Քոսովոն:
Իրաւական տեսակէտից, ըստ Քոչարեանի, ԼՂՀն իր անկախութիւնը իրականացրել է անթերի՝ պահպանելով այն ժամանակ դեռ գոյութիւն ունեցող պետութեան՝ ԽՍՀՄ օրէնքների տառն ու ոգին: «Նախկին խորհրդային պետութեան տարածքում ձեւաւորուեցին երկու հանրապետութիւններ՝ Ատրպէյճանը եւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում, եթէ արցախցիները անկախութեան հանրաքուէ անցկացրին 1991թ. Դեկտեմբերի 10ին, ապա Ատրպէյճանը հինգ օր յետոյ՝ Դեկտեմբերի 15ին»:
Քոչարեանը ընդգծեց, որ ԼՂՀն իր անկախութիւնը կարողացել է պաշտպանել Ատրպէյճանի ոտնձգութիւններից, անշուշտ, Հայաստանի օգնութեամբ, մինչդեռ Քոսովոյի դէպքում դա արել են միջազգային ուժերը: Կառավարման համակարգը, ժողովրդավարական աստիճանը Ղարաբաղում էապէս բարւոք է՝ համեմատած Քոսովոյի հետ: Եթէ Քոսովոն իր ժողովրդավարական աստիճանով ակնյայտօրէն զիջում է Սերպիային, որից անջատուել է, ապա Ղարաբաղը աւելի ժողովրդավար է, քան Ատրպէյճանը:
Լեռնային Ղարաբաղը օտարերկրեայ նիւթական օժանդակութիւն չի ստացել, բացի Հայաստանի կողմից տարեկան տրուող միջպետական վարկը եւ 1998թ. ի վեր ամերիկեան ուղղակի օգնութիւնը, եւ փաստացի կարողացել է գոյատեւել ինքնուրույն, մինչդեռ Քոսովոն վերջին տարիներին ստացել է երեք միլիառ եւրոյի միջազգային օժանդակութիւն:
Երեք բանախօսներն էլ պնդեցին, որ նախ եւ առաջ Հայաստանը պէտք է ճանաչի Ղարաբաղին, ապա նոյնը պահանջի այլ երկրներից: Սակայն այստեղ առաջ է գալիս միջազգայնօրէն ստանձնած պարտաւորութիւնների կատարման ընթացքի հետ խնդիր: Դեռ 1992թ. Մարտին Հայաստանը ԵԱՀԿի առաջ ստանձնել է պարտաւորութիւն, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշուի Մինսքի խորհրդաժողովի շրջանակներում, այսինքն բանակցութիւնների արդիւնքում պէտք է յստակեցուի ԼՂՀ ապագայ կարգավիճակը: Բացի այդ, ո՞ր տարածքով պէտք է Հայաստանը ճանաչի ԼՂՀն՝ նախկին ԼՂԻՄի, այսօրուան, թէ մէկ այլ:
Բանախօսները նկատեցին, որ ԼՂՀ սահմանների հարցը պէտք է թողնել ԼՂՀի իրաւասութեանը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից միակողմանի ճանաչելուն, ապա Ատրպէյճանը ինքն է ամէն օր յայտարարում, որ Ղարաբաղը չի կարող լինել Ատրպէյճանի կազմից դուրս, աւելին՝ սպառնում հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Ի՞նչ դիրքորոշում պէտք է ունենայ Հայաստանը Քոսովոն ճանաչել-չճանաչելու հարցում: Վարդան Օսկանեանը վերջերս յայտարարել է, որ այդ հարցին Երեւանը կ՚անդրադառնայ աւելի յարմար ժամանակ: Իսկ ահա վարչապետ Սերժ Սարգսեանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում կարծիք է յայտնել, որ Քոսովոյի անկախութիւնը ճանաչելու դէպքում Երեւանի եւ Մոսկուայի յարաբերութիւնները չեն փճանայ:
Քոսովոյի խորհրդարանը Փետրուարի 17ին միակողմանիօրէն հռչակեց երկրամասի անկախութիւնը եւ անջատումը Սերպիայից, որին ի պատասխան Պելկրատը յայտարարեց, որ երբեք չի ճանաչի Քոսովոյի անկախութիւնը:
Ակնյայտօրէն, Ղարաբաղի եւ Քոսովոյի խնդիրները միմեանցից տարբերւում են իրաւական, պատմական եւ այլ չափանիշներով, սակայն գլխաւորը հարցի քաղաքական եւ աշխարհաքաղաքական կողմն է: Քոսովոյի դէպքում Արեւմուտքը յստակ իր առջեւ խնդիր էր դրել ճանաչել երկրամասը, ինչը այսօր իրողութիւն է դառնում: ՄԱԿի Ապահովութեան խորհրդի մշտական հինգ անդամներից երկուսը՝ Ռուսաստանը, մասամբ նաեւ՝ Չինաստանը, դէմ են Քոսովոյի միակողմանի ճանաչմանը: Այդ էր պատճառը, որ Քոսովոյի ճանաչման գործընթացը դուրս բերուեց ՄԱԿի շրջանակներից:
Այսպիսով, Քոսովոյի եւ Ղարաբաղի հիմնական տարբերութիւնը հէնց վերոնշեալն է, այսինքն մի դէպքում Արեւմուտքը շահագրգիռ է երկրամասի ճանաչման հարցում, միւս դէպքում՝ առայժմ ոչ: Պէտք է նկատել նաեւ, որ ի տարբերութիւն ԱՊՀ այլ «սառեցուած» հակամարտութիւնների, Արեւմուտքը յստակ տարբերութիւն է դնում Ղարաբաղի եւ նրանց՝ Աբխազիայի, Հարաւային Օսէթիայի եւ Մերձտնեսթրի միջեւ: Եթէ վերջին երեքի դէպքում Մ. Նահանգներն ու Եւրոմիութիւնը յստակօրէն ընդգծում են, որ պէտք է պահպանուի համապատասխանաբար Վրաստանի եւ Մոլտաւիոյ տարածքային ամբողջականութիւնը, ապա Ատրպէյճանի դէպքում ասւում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշուի բանակցութիւնների արդիւնքում:
Ի՞նչ այլ առաւելութիւններ ունի Քոսովոն Ղարաբաղի նկատմամբ: Անշուշտ ինքնին Եւրոպայի կենտրոնական հատուածում գտնուելու իրողութիւնը Քոսովոյին առաւելութիւն տալիս է: Այլեւս ակնյայտ է, որ եթէ ԵՄն կամ կազմակերպութեան առաջատար պետութիւնները ճանաչել են երկրամասի անկախութիւնը, ապա Քոսովոյի ապագան հէնց ԵՄի եւ ՆԱԹՕի կազմում է, ինչն արդէն իսկ չափանիշ է: Բացի այդ, մօտ 11 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով Քոսովոն ունի գրեթէ 2 միլիոն բնակչութիւն: Ուշադրութիւն դարձնենք. այսօրուան ԼՂՀն տարածքով աւելի մեծ է, քան Քոսովոն, սակայն ունի մօտ 15 անգամ պակաս բնակչութիւն: Այսինքն՝ եթէ ալպանացիների համար Քոսովոն կենսատարածք է, ապա՝ Լեռնային Ղարաբաղի դէպքում, յամենայնդէպս, տէ-ֆաքթօ նրա վերահսկելի տարածքի մեծ մասը անվտանգութեան գօտի է:
Անշուշտ, Ղարաբաղն իր հերթին ունի առաւելութիւններ Քոսովոյի նկատմամբ: Մի կողմ թողնենք հարցի պատմական կողմը, որովհետեւ միջազգային յարաբերութիւններում եւ այսպէս կոչուած «ռէալ փոլիթիքայում» կարեւորը ոչ թէ պատմութիւնն է, այլ՝ ներկան: Որ Ղարաբաղը հնուց ի վեր բնակեցուած է եղել հայերով, ինչպէս այսօր, իսկ Քոսովոն համարւում է սերպերի բնօրրանը, սա աւելի շատ պատմաբանների խնդիր է:
Ղարաբաղի անկախանալու իրաւական հիմքերը, ինչպէս նաեւ ԽՍՀՄի փլուզման ժամանակահատուածում նրա անկախութիւն նուաճումը, թէեւ դեռ միջազգայնօրէն չճանաչուած, անխոցելի են: Եթէ նախորդ երկու տասնամեակներում Ղարաբաղը ինքնուրոյն եւ կամ Հայաստանի օգնութեամբ է ապացուցել իր կենսունակութիւնը, ասել է, թէ՝ պաշտպանուելու ընդունակութիւնը, ժողովրդավարական հաստատութիւններ հիմնելու, ընտրութիւններ անցկացնելու մեքանիզմները, ապա Քոսովոն դրանք արել է միջազգային ուժերի եւ նուիրատու կազմակերպութիւնների օգնութեամբ:
Եւ ամենակարեւորը. եթէ Քոսովոն պակաս ժողովրդավարար է, քան Սերպիան, ապա Ղարաբաղը, ըստ «Ֆրիտըմ հաուսի» գնահատման, աւելի ժողովրդավար է, քան Ատրպէյճանը: Սա չափազանց կարեւոր գործօն է եւ հայկական կողմի կարեւոր նուաճումներից մէկը: Բացի այդ, դժուար է յիշել դէպքեր, երբ մեթրոփոլիայից անկախութիւն, ընդ որում՝ արիւնալի պատերազմի արդիւնքում, ստացած միաւորը ցանկութիւն ունենայ կրկին լինել նրա մի մասը: